Տրանսպորտ

Գյումրու քաղաքապետարանի հայտարարած մրցույթը չի կայանա

179367Մայիսի 20-ին նախատեսված էր մրցույթ անցկացնել ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության համար: Մրցույթ էր հայտարարված թիվ 9, 10 ավտոբուսների եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսների համար: Սակայն նշված թափուր երթուղիների համար հայտարարված մրցույթը չի կայանա, քանի որ ոչ մի կազմակերպություն մասնակցության փաստաթղթեր չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Այս տեղեկությունները «Ասպարեզ»-ին փոխանցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը: Նրա խոսքով` մրցութային հանձնաժողովը մրցույթը կհայտարարի չկայացած եւ նախապատրաստական աշխատանքներ կտանի նոր մրցույթ հայտարարելու համար:

Իսկ մինչ նոր մրցույթի հայտարարումն ու անցկացումը՝ քաղաքապետարանն այս երթուղիները ժամանակավոր սպասարկման համար կփնտրի կազմակերպությունների, որոնք կբավարարեն օրենքով նախատեսված շահագործման բոլոր պահանջները:

Ա. Մկրտչյան asparez.am

Ահազանգում են Գյումրու ներքաղաքային տրանսպորտի ուղեւորները

Երեկ կեսօրին ուղեւորները դժոգոհում էին Գյումրու ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապես թիվ 28 միկրոավտոբուսի աշխատանքից: Այս երթուղին, ըստ դժգոհողների, օրվա այդ ժամերին չի սպասարկել ուղեւորներին, չի աշխատել: Միկրոավտոբուսի նման վատ աշխատանքը, ըստ բողոքողների, հիմնականում պայմանավորված է Գյումրիում իրականացվող հարկային որոշ ստուգումներով եւ, որ այս երթուղին չի ունեցել դեղին համարանիշ: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանի փոխանցմամբ` մրցույթով անցած բոլոր երթուղիները հարկային դաշտում խնդիրներ չունեն եւ աշխատում են: Մինչդեռ թիվ 28 համարի երթուղին թափուր է, շահագործող ընկերության պայմանագրի ժամկետն ավարտվել է, հայտարարվել է նոր մրցույթ, որը կանցկացվի մայիսի 20-ին: Արամ Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ իրենք նման բողոք քաղաքացիներից առայժմ չեն ստացել, դժգոհություն ստացել են թիվ 50 երթուղու աշխատանքի վերաբերյալ: Ի դեպ, այս երթուղու համար էլ է հայտարարված մրցույթ: Փաստորեն ստացվում է` թափուր հայտարարված երթուղիները կարող են մինչեւ մրցույթ աշխատել ոչ կանոնավոր եւ ուղեւորների մոտ առաջացնել դժգոհություններ ու բողոքներ: Անի Մկրտչյան www.asparez.am

Թե ինչու Գյումրու թիվ 22 երթուղին թափուր հայտարարվեց

Հարցին Գյումրու քաղաքապետարանը պատասխան չունի

179367

Մայիսի 20-ին Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթն է կայանալու: Մի շարք թափուր երթուղիների հետ միասին մրցույթ էր հայտարարված նաեւ թիվ  22 երթուղու համար: Երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետի որդուն, ըստ քաղաքապետարանի, կատարել էր որոշ խախտումներ եւ մոտ մեկ-երկու ամիս առաջ Գյումրիում այս երթուղու շահագործման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, կատարվում էին որոշ ստուգումներ, իսկ վարորդները բողոքի ցույցի էին դուրս գալիս:

Այն, որ թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին այլեւս թափուր է, մեզ հետ զրույցում մոտ մեկ ամիս առաջ հաստատել էր քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը եւ ավելացրել, որ երթուղու գործունեության դադարեցման եւ այն թափուր լինելու մասին կա քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշումը: Սակայն մեզ հետ զրույցից մի քանի օր անց Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվում է մեկ այլ հայտարարություն: Այս երկրորդ հայտարարությամբ արդեն հանրությանը տեղեկացվում էր, որ մայիսի 20-ին կայանալիք մրցույթի ցանկից հանվել է միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար նախատեսված մրցույթը՝ մինչեւ համապատասխան հարցի իրավական կարգավորումը: Այսպիսով` անհասկանալի էր մնում քաղաքապետարանի այս քայլը. թե ինչպես է քաղաքապետարանի կողմից թափուր ճանաչված թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին հաշված օրեր անց դառնում ոչ թափուր եւ հայտարարության ցանկից հանվում երթուղու մրցույթի մասին տեղեկությունը:

Մեզ մեկ-երկու շաբաթ շարունակ այս «մութ» հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանություններ չէր հաջողվում ստանալ քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանից, ով մրցութային հանձնաժողովի նախագահն է: Գործավարուհու փոխանցմամբ` պարոն Սանոյանը մշտապես զբաղված էր: Ստիպված Ռ.Սանոյանից գրավոր պարզաբանումներ խնդրեցինք` ակնկալելով սպառիչ պատասխան, սակայն այն կիսով չափ է սպառիչ:

Ռ.Սանոյանը (հարցման պատասխանի կատարող Ս.Առաքելյան) ընդհանրապես չի պատասխանել մեր այն հարցին, թե առաջին հայտարարությունն հրապարակելիս արդյո՞ք թափուր չի եղել թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին, եթե թափուր  է ճանաչվել այդ ընթացքում, ապա ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա:

Իսկ մյուս հարցերին պատասխանելով` պաշտոնյան տեղեկացրել է, որ Գյումրու ներքաղաքային թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու մրցույթը կայացել է 2012-ի մայիսի 22-ին, մրցույթի արդյունքների համաձայն` «Սրընթաց ուղիներ»  ՍՊԸ-ն 4 տարի սպասարկման ժամկետով ճանաչվել է հաղթող: Երթուղու սպասարկման ընթացքում ընկերությունը թույլ է տվել սպասարկման բազմաթիվ խախտումներ, որի պատճառով Գյումրու քաղաքապետարանը քաղաքացիական հայցով դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երթուղու սպասարկման պայմանագիրը լուծելու նպատակով: Դատարանի կողմից որոշման ընդունման դեպքում կլուծվի Գյումրու քաղաքապետարանի եւ «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը, որից հետո կհայտարարվի նոր մրցույթ:

Դիտարկենք մի փաստ` ԶԼՄ-ներին Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները փոխանցում էին, որ երթուղու գործունեությունը դադարեցվելու է կամ կդադարեցվի, որովհետեւ կա կամ պիտի լինի Գյումրու քաղաքապետի համապատասխան որոշումը: Այնինչ, պարզվում է, որ քաղաքապետարանը քաղաքացիական հայցով դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երթուղու սպասարկման պայմանագիրը լուծելու նպատակով: Իսկ քաղաքացիական հայցն ու համայնքապետի որոշումը բացառապես այլ հարթություններում են:

Եւ ընդհանուր առմամբ` պայմանագրի լուծարումը կատարվում է իրավական հարթությունում, լինում է դատարանի վճիռ եւ այդ վճիռն օրինական ուժի մեջ մտնում:

Այսպիսով, կարելի՞ է ասել, որ Գյումրու քաղաքապետարանը դատարանի վճռից առաջ էր անցել, երթուղին թափուր ճանաչել ինքնուրույն ու այդ մասին հայտարարություն հրապարակել:

Անի Մկրտչյան asparez.am

Քաղաքապետարանը ցանկից հանել է միկրոավտոբուսային 22-րդ երթուղու մրցույթը

IMG_2511

      Անի Մկրտչյան asparez.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 20-ին Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթն է կայանալու: Մրցույթ էր հայտարարված թիվ 9, 10 ավտոբուսների եւ թիվ 18,  22, 28, 33, 50 միկրոավտոբուսների համար: Այս մասին հայտարարությունն հրապարակված  էր Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Սակայն այս հայտարարությունից մի քանի օր անց Գյումրու քաղաքապետարանն հրապարակել է մեկ այլ հայտարարություն այն մասին, որ կայանալիք մրցույթի հայտարարության ցանկից հանվել է 4-րդ կետով նախատեսված միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար կայանալիք մրցույթը՝ մինչեւ համապատասխան հարցի իրավական կարգավորումը:

Վերջին օրերին Գյումրիում այս երթուղու շահագործման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ: Կատարվում էին որոշ ստուգումներ, իսկ վարորդները բողոքի ցույցի էին դուրս գալիս: Քաղաքապետարանն էլ հայտնում էր, որ երթուղին շահագործող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետի որդուն, կատարել է որոշ խախտումներ:

Ի դեպ, մեր` կայանալիք մրցույթի վերաբերյալ նախորդ հարցազրույցի ընթացքում քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանն ասել էր, որ նշված երթուղիները թափուր են, դրանց թվում նաեւ թիվ 22 միկրոավտոբուսայինը:

Այս երթուղու գործունեությունը դադարեցված լինելու մասին, ըստ քաղաքապետարանի, կար քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշումը:

Անի Մկրտչյան asparez.am

Ջահել ոստիկանը ուղևորների ներկայությամբ խփե՞լ է տարեց վարորդին (Տեսանյութ)

1400

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մայրաքաղաքից Գյումրի ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների վարորդներին արգելել էին ուղևորափոխադրում իրականացնել` այն համարելով անօրինական: Տարեց վարորդներից մեկը Aravot.am-ին դժգոհեց, որ իր որդու հասակին մի ոստիկան ոչ միայն կանգնեցրել է իր վարած միկրոավտոբուսը, այլ ուղևորների ներկայությամբ հարվածել է իրեն: «Ես գործի եմ ելել, մարդ եմ տանում, մի ջահել ոստիկան` տղայիս հասակին, բարձրացավ գազել, նստելու տեղ չկար, ասեց` էլ մարդ չվերցնես, պիտի գազելը տանեմ պլաշադկա: Ես էլ չգիտեմ, որ նա ոստիկան է, ասեցի` ի՞նչղ չվերցնեմ, ես պլան պիտի կատարեմ, դարձավ ուղևորների ներկայությամբ ինձ խփեց: Ի՞նչ է ինքը ֆորմա ունի հագին, ուրեմն ինձ պիտի խփի՞, ուղևորները չթողեցին, թե չէ թևերս կոլորեր ու կտաներ: Բա էսքանից հետո մարդ էստեղ կապրի՞, կվերցնեմ ընտանիքիս ու Թուրքիա կգնամ»,- բողոքեց տարեց վարորդը: Մանրամասները ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Ինչո ՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի որդուն զրկել երթուղուց (Տեսանյութ)

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից ճանապարհային ոստիկանությունը արգելել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների աշխատանքը` այն համարելով անօրինական: Այդ պատճառով այսօր միկրոավտոբուսների վարորդները բողոքի էին դուրս եկել` փակելով Անի թաղամասի կենտրոնական փողոցները: Թե ինչո՞ւ է Գյումրու ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետի որդուն զրկում բավական եկամտաբեր երթուղուց, Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը հետևյալ պարզաբանումը ներկայացրեց. «2013 թվականի հոկտեմբերի 30-ին մենք «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ից ստացել ենք գրություն՝ շարժակազմի 5 մեքենաների փոխարինման. մենք տվել ենք համապատասխան տեղեկանք՝ մեքենաների փոխարինման, որով նրանք պարտավորվածություն են ձեռք բերել տասնօրյա ժամկետում կատարել փոխարինում, այսինքն՝ պիտի հանձնեին հին մեքենաների դեղին պետհամարանիշները, ստանան նոր դեղին պետհամարանիշները, որը չեն կատարել: Տրանսպորտի բաժինը հայտնաբերել է այդ խախտումը, հրավիրել է համապատասխան հանձնաժողովի նիստ, կազմել է արձանագրություն , որի հիման վրա քաղաքապետը կայացրել է որոշում: Այսինքն՝ «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն խախտել է կառավարության`թիվ 762 որոշման 65 և 66 կետերը: Մարտի 19-ից կասեցված է տվյալ երթուղու աշխատանքը»: Արտյոմ Սարգսյանը նաև ասաց, որ մայիսի 20-ին կկայանա մրցույթ, արդեն իսկ հայտարարված է մրցույթ տվյալ երթուղու համար: Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ պատրաստ են այս երթուղու վարորդների հետ վաղը հանդիպել ու քննարկել նրանց հետագա աշխատանքի հարցը: Ըստ պաշտոնյայի, մրցույթով այս ՍՊԸ-ն 11 միկրոավտոբուս է շահել, սակայն ֆիքսվածից ավելի միկրոավտոբուս է մտցրել երթուղի: Բացի այդ, ըստ Արտյոմ Սարգսյանի, այս ընկերությունը մոտ 5-6 միլիոնի վնաս է տվել համայնքին՝ ոչ մի լումա չմուծելով քաղաքային բյուջե: Մանրամասները`  տեսանյութում