Նորություններ

Գյումրու անօթեւանների համար բնակարանները կկառուցվեն

Գյումրիում 12 բնակարան կկառուցվի տնակում բնակվող անթեւան ընտանիքների համար. անօթեւանության խնդրի լուծման նպատակով ԱՌՔ բարեգործական հիմնադրամն ու Գյումրու համայնքապետարանը նոր ծրագիր են մեկնարկում: Գյումրի Համայնքի նորընտիր ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանին և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին: Ծրագրի իրականացման համար Գյումրու ավագանին հիմնադրամին անհատույց օգտագործման է հատկացրել հողատարածք՝ կիսակառույց շենքերի հիմքերով։ Շենքը կառուցվելու է Անի թաղամասի սկզբնամասում՝ Մ․Խորենացի փողոցի 46 հասցեում։ Կառուցվող շենքը լինելու է քարաշեն, քառահարկ, ներքին հարդարմամբ։ Ներկայում ընթանում է նախագծանախահաշվային գործընթացը։ Բնակարանները կառուցվելու են՝ ըստ շահառուների պահանջված թվի։ Բնակարանի շահառու կարող է լինել տնակում բնակվող անօթեւան ընտանիքը․ բնակարանների սենյակների թիվը որոշվելու է՝ հաշվի առնելով անօթեւան ընտանիքի պահանջարկը.բնակարանի ծախսերի 50 տոկոսը 10 տարում փակելու է անօթեւան ընտանիքը։ Նախատեսված բնակարանների կառուցման, ներքին հարդարման համար նախատեսվում է ծախսել 240-280 հազար ԱՄՆ դոլար։ Գյումրի համայնքը շենքի կառուցման ընթացքում լուծելու է ենթակառուցվածքների խնդիրները։ Գումարի չափը կախված է բնակելի մակերեսից։ Նախատեսվում է ձեւավորել հանձնաժողով, մշակել ծրագրի շահառուների չափորոշիչները, ծրագրի շահառուների հավաքագրման նպատակով հայտարարություն հրապարակել, ընտրել շահառուներին, ապա նոր կառուցել շենքը։ Շենքի կառուցումը նախատեսվում է հաջորդ տարվանից։ Մեկ բնակարանի ծախսի գումարի 50 տոկոսը տասը տարում փակելու է բնակիչը, որից հետո բնակարանի սեփականատեր է դառնալու։ Բնակչի ներդրած 50 տոկոս գումարով հիմնադրամը շարունակելու է ծրագիրը՝ ընդգրկելով նոր շահառուների։

254077311_2757754554529653_5622184656974504530_n

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Շիրակի մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրել են Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Հովհաննես Հարությունյանին բարեխիղճ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ նոր պաշտոնում․ «Պարոն Հարությունյանը շատ բարդ շրջանում ստանձնեց պաշտոնը, հետպատերազմյան այդ ծանր ժամանակահատվածում կարողացավ աշխատել և հիմա ուրախ եմ արձանագրելու, որ աշխատանքը շարունակելու է մեզ հետ։ Տիկին Բաղդասարյան, շնորհավորում եմ Ձեզ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի անցնելու առթիվ։ Շատ ուրախ եմ, որ մարզին քաջածանոթ եք և պատգամավոր աշխատած ժամանակահատվածում էլ բարձրացրել եք մարզին հուզող հիմնախնդիրները։ Հիմա Ձեզ հաջողություններ եմ մաղթում և նոր ձեռքբերումներ»։ Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության և մաղթանքների համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյանին այս ամիսների ընթացքում հետևողական և նվիրված աշխատանքի համար, մենք միշտ համագործակցել ենք և լիահույս եմ, որ առաջիկայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը։ Ես գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը։ Ես վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև ներկայանալ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքը կբերի մեզ արդյունքների»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. նախագծում է կատարվել

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել էՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրել է, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարն ասել է, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասել է Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գործունեության մոնիտորինգ

#Ասուլիս

Գյումրու ավագանու 2020 թ. աշնանային եւ 2021 թվականի գարնանային նստաշրջաններում իրականացված գործունեության ուսումնասիրություն
——————————————-
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գործունեության մոնիտորինգ

Ուղիղ հեռարձակում

#parliament #monitoring

ℹ Բանախոսներ՝
➡Հասմիկ Մխիթարյան – Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ նախագահ, ծրագրի ղեկավար
➡ Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու գործունեության մոնիտորինգի փորձագետ
➡Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեության մոնիտորինգի փորձագետ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին». Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Կառավարության որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նշել, որ կարևորում է բաց և թափանցիկ աշխատանքը․ «Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա այլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ։ Ես պատրաստ եմ բաց ու թափանցիկ աշխատանքի, մարզպետարանի դռները բաց են», -նշել է նա: Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձման առաջարկությունը եղել է կառավարությունից։ «Կարծել եմ, որ պետք է պատվով շարունակել այն գործը, որը իմ գործընկերները սկսել են եւ պետք է հնարավորինս կարողանամ կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշված այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնեմ եւ նպաստեմ դրանց իրագործմանը։ Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձնումը պատասխանատու է։ Ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր եւ դժվարին փուլում որոշել եմ վերադառնալ մարզ, գիտակցելով Շիրակի մարզի խնդիների եւ բարդությունների ամբողջ սպեկտրը, հասկանալով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծել»,-ասել է նա՝ հավելելով՝ առաջիկայում հայեցողական պաշտոնները կհամալրվեն քաղաքի պիտանի եւ նվիրված մարդկանցով. այս պահին մարզպետարաններում հաստիքների կրճատման գործընթաց չկա։ «Այս պահին ունենք խոշորացման փուլը, որից հետո պարզ կդառնա, թե տարածքային գործադիր մարմիններն ինչպիսի գործառույթ ունեն, կամ ինչպիսի առաքելություն են ստանձնելու։ Այս պահին կրճատումների մասին որեւէ խոսք չի կարող լինել»,- նշել է նա: Նորանշանակ մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքում կլինի հոգատար, պատասխանատվության չափը գիտակցելով է ստանձնել պաշտոնը, Շիրակի մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին էլ բավականաչափ տեղեկացված է․ «Այս ծանր ու դժվար փուլում խնդիրների ու բարդությունների ամբողջ սպեկտրը գիտակցելով եմ անցել աշխատանքի, հույս ունեմ, որ նվիրումով աշխատանքն ու գիտելիքների համեստ պաշարը, որ ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի մարզի»։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, եթե Աստծո կամոք հաջողի նաև այս ոլորտում՝ կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու է՝ անելու է մարզի ու երկրի համար։ Շիրակի մարզպետն անդրադարձել է գերիների վերադարձման խնդրին՝ նշելով, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ և վստահեցրել, որ ամեն ինչ արվում է խնդրի վերջնական լուծման համար։ Ակտիվ գործընթացներ են տարվում մյուսներին վերադարձնելու համար։ Չեմ թաքցնի՝ պատգամավորի կարգավիճակում լիազորություների ավելի լայն սպեկտոր ունեի, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելով։ Վերջին շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հենց ընդգրկված եմ եղել այս կարեւոր գործառույթը ստանձնելու համար։ ԵԽԽՎ-ի մեր վերջին բանաձեւում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ, մասնավորապես, առանձնացնելով Խծաբերդի գերիները, իրենց կարգավիճակային հարցը»,- ասել է նա։ Նազելի Բաղդասարյանը հավաստել է, որ հետևողական է լինելու մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը, Շիրակի մարզի զարգացումը լինելու է մարզպետի աշխատանքի առանցքը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Տղերքը չկան, նրանք զոհվեցին, որ մենք ապրենք: Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողներից 5-ի հիշատակն հավերժացնող խաչքար –հուշաղբյուրը, որը բացվեց ու օծվեց Մուշ թաղամասում, համալրեց այն ուխտատեղիների շարքը, որոնք մշտապես հիշեցնելու են մեր քաջ մարտիկների կատարած սխրագործությունների մասին:

Թալիշի 156 մարտական դիրքի տղաներին նվիրված խաչքարը կանգնեցնել նախաձեռնել է նրանցից մեկի` Դավիթ Համբարյանի հայրը, քաջ գիտակցելով, որ պատմության մեջ իրենց որդիները կմնան որպես հայրենիքի համար ամենաթանկը տված նահատակներ:

Տարբեր քաղաքներում ծնված ու մեծացած ժամկետային զինծառայող տղաներին միավորել էր ծառայության վայրը` Մատաղիսը, մարտական հենակետն ու հանուն հայրենի հողի մղվող պայքարի ոգին:

Հուշապուրակի բացման հանդիսավոր արարողությունը միավորել էր ոչ միայն թաղի բնակիչներին, այլ նաև զոհված զինվորների հարազատներին, այժմ նրանք, անկախ բնակության վայրից, միասին են կիսում իրենց վիշտը:

Իրենց առջև դրված մարտական առաջադրանքը փառքով ու պատվով կատարած այս տղաները  հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Իսկ գյումրեցի Դավիթ Համբարյանը, լինելով մարտական դիրքի ավագ, հետմահու պարգևատրվել  է նաև «Անձնուրաց պաշտպան» մեդալով:

Մամիկոնի ընտանիքը վեց տարի առաջ էր տեղափոխվել ՌԴ բնակության, բայց Դավիթը, մարզական ոլորտում ունենալով բազմաթիվ հաջողություններ, առանց երկմտելու  վերադարձել էր հայրենիք` ծառայության անցնելու նպատակով: Սիրով էր կատարում իր պարտքը, մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո մնալ զինված ուժերում, նշում է հայրը: Ցավոք , Դավիթի  զոհվելուց հետո հայրը երկար ժամանակ չի կարողացել գտնել որդու դին:

Հիմա արդեն հերոս զինվորների  մասին կպատմեն նաև այս նորատունկ ծառերը, որոնք անվանական են և կրում են Թալիշի 156 մարտական դիրքի տղաների անունները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Գյումրիում 2022 թվականին խոշոր ծրագրեր են նախատեսված

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թվարկել է այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մարզերում 2022 թվականին: 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ: «Միայն 209 միլիարդ 594 միլիոնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 միլիարդ 663 միլիոնը՝ ընթացիկ բնույթի»,- հայտարարել է նախարար Գնել Սանոսյանը: Նա նշել է, որ տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու, որոնց մեջ ներառված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ. նախատեսված է ՀՀ 5 մարզի 23 համայնքի 81 բնակավայրի աջակցություն ցուցաբերել: «Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիա է տրամադրվելու. նախատեսված է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել», – ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Գյումրիում էլ խոշոր ծրագրեր ունեն. Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ խոշոր ծրագիր ունեն նաև Կապան քաղաքում. 750 միլիոն դրամ կհատկացվի 151 բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության ու էներգախնայողության ծրագերի համար, դպրոցների սեյմսիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի համար էլ նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 192 միլիոն դրամ. 17 դպրոցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառված է եղել Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Ավելի ուշ Հովհաննես Հարությանը հանդես է եկել ասուլիսով՝ շնորհակալություն հայտնելով համանքների ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին արդյունավետ համագործակցության համար: Հիշեցնենք, որ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտրական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։ Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրու նորընտիր քաղաքապետը երդվել է

Գյումրիում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը: Ավագանու 33 անդամիցներկա է եղել 25-ը: Նիստը վարել է ներկաներից տարիքով ավագը՝ Հայկ Սուլթանյանը: Մինչ երդման արարողությունը՝ հնչել է ՀՀ օրհներգը, այնուհետև Հայկ Սուլթանյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան, իսկ ավագանու անդամ Լուսինե Սանոյանը՝ Գյումրու բանալին:Վարդգես Սամսոնյանը երդվել է ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասել է Վարդգես Սամսոնյանը, ապա՝ ստորագրել է երդման տեքստը, և այն ի պահ է հանձնվել Գյումրու համայնքապետարանի թանգարանին:Երդմնակալությունն ավարտվել է աղոթքով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru