Monthly Archives:August 2019

Գյումրու ԵՆԿ-ն վաղը կտոնի Երիտասարդների միջազգային օրը

Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հկ-ն վաղը՝ օգոստոսի 12-ին, 5-րդ անգամ Գյումրիում կտոնի Երիտասարդների միջազգային օրը: ԵՆԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կիրականացնի  տարաբնույթ միջոցառումներ:

«Այս տարին մեր համար շատ կարեւոր է, քանի որ սա առաջին տարին է, որ իրականացվելու է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը: Մենք տարբեր երկրներում դեռ անցյալ տարի հիմնեցինք ռեսուրս կենտրոններ, բացի Հայաստանից: Այստեղ խորհրդարանական ընտրությունների շրջան էր, եւ ես շնորհավորում եմ լավ ընտրության համար, վստահ եմ, աստիճանաբար դեպի լավագույն ժամանակներ եք գնալու: Հիմա, որ մենք Գյումրիում ենք, շատ կարեւոր է: Հայաստանն ամեն տարի ունի իր Երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի  Վանաձորն է, նախորդ տարի Իջեւանն էր, 3 տարի առաջ Գյումրին էր: Բայց անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքն է պաշտոնապես հայտարարվում Երիտասարդական մայրաքաղաք, մշտապես Երիտասարդական մայրաքաղաքը մնում է Գյումրին: Բոլորը Հայաստան ասելիս Երեւան են հասկանում, բայց երբ գալիս են Գյումրի, սիրահարվում են այս քաղաքին, Գյումրին յուրահատուկ  ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ լավ երիտասարդություն կա այստեղ: Եվ նրանց հետ շատ լավ մասնագիտական աշխատանք է տարվում»,-ասաց ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անդրիյ Պավլովիչը:67978452_2447705988808137_7416557966343536640_n

«Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնում կազդարարի միջոցառման մեկնարկը,  որին կհաջորդի 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:

«Ճիշտ փոխակերպելով կրթությունը մենք  կկարողանանք ձեւավորել, դաստիարակել վաղվա այն երիտասարդին, որը կկարողանա դիմակայել խելահեղ զարգացող աշխարհի մարտահրավերներին: Սա ամենակարեւորն է: Դեռ ժամանակին Նելսոն Մանդելան ասում էր կրթությունն այն ամենահզոր զենքն է, որով կկարողանաս փոխել աշխարհը:  Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս բարոյական պատասխանատվությունն է օգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ներուժն ու տաղանդը»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Ըստ նրա,  արագորեն փոփոխվող աշխարհում ոչ թե կրթությունը պետք է հասցնի զարգացումների հետեւից, այլ կարծում ենք, որ կրթությունը պետք է լինի այն փոխակերպվող բուն սկզբնաղբյուրը, որից կբխեն աշխարհի ուղենիշները տարբեր ոլորտներում՝  տնտեսություն, սոցիալական եւ այլն:

Տոնն այնուհետ կշարունակվի Գյումրու Թատերական հըրապարակում: Ժամը  18:00-ից մինչև 19:00-ը,  տարածքում տեղադրված  «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավարներում հնարավոր կլինի տեղեկություն ստանալ իրականացվող ծրագրերի մասին:

Օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների  կեզրափակվեն  համերգով, որին կմասնակցեն «Adana Project» ֆոլկ ռոք բենդն ու  DJ Arni Rock և Haik Solar-ը:

67626891_10218043694217074_355346756344479744_n

 

Կոռուպցիայի կանխարգելման գործում դանդաղելու իրավունք այլեւս չկա

Դեռեւս սովետական տարիներին ՀՀ քաղաքացին կաշառք տալու եւ վերցնելու ձգտումներ է ունեցել: Այս ամենը ոչ ոք չի կարող ժխտել: 1990-ական թվականներից կոռուպցիան աստիճանաբար դարձավ համակարգային խնդիր Հայաստանի համար:  Հաճախ մտորելու առիթ է` ո՞վ է մեղավոր` կաշառք առաջարկո՞ղը, թե՞ պահանջողը, ո՞րն է Հայաստանում ավելի շատ տարածված երեւույթ:

Այն, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ երեխայի անվճար բուժզննության համար բժշկին վճարում են, կաշառում են դպրոցի ուսուցչին, համալսարանի դասախոսին` բարձր գնահատական դնելու, գործատուին` աշխատանքի ընդունելու, տեղական ինքնակառավարման մարմիններին` ապօրինի շինություն կառուցելու, տեսուչին` անօրեն նպաստ սահմանելու եւ տրամադրելու, ամենեւին էլ նորություն չեն մեր օրերում: Այս դեպքերում փորձագետները խորհուրդ են տալիս, այսպես ասած, փակել այն բոլոր ճանապարհները, որոնք դրդում են քաղաքացուն կաշառել պաշոնյաներին, իսկ ավելի ճշգրիտ` հեշտացնել կյանքը, փոխել կյանքի որակը, կատարել համակարգային փոփոխություններ եւ քաղաքացիներին իրազեկել` կաշառք տալով հանցագործություն են կատարում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկումն է, նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի եւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն է), ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Հասարակական կազմակերպությունների համար նախատեսվել է ռոտացիոն կարգ՝ երկու տարվա մեջ անընդհատյա փոփոխելու ռեժիմով:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել հուլիսի 12-ին` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված անդրանիկ նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ քննարկումից հետո որոշվել է

1. ընդունել ի գիտություն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված դատաիրավական բարեփոխումների տեսլականի եւ հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ զեկույցը.

2. հանձնարարել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորհրդի նիստում հնչեցված առաջարկություններին համապատասխան շահագրգիռ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ շարունակել համատեղ քննարկումները դատաիրավական բարեփոխումների տեսլականի եւ հայեցակարգային մոտեցումների շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված այս հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը կծառայի՞ իր նպատակին, թե՞ նախկինի նման այն կմնա զուտ փաստաթղթային:

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը վստահ է, որ խորհուրդն իր առջեւ դրված նպատակներին կհասնի:  «Նախկինում ոչ միայն հակակոռուպցիոն խորհուրդը, այլեւ շատ համակարգեր կյանքի չեն կոչվել, բայց, ինչպես այս ընթացքն է մեզ ասում, այն քայլերը, որոնք արվում են գործող կառավարության կողմից, ժամանակի ընթացքում անպայման կյանքի են կոչվելու»,-ասում է Կարեն Սարուխանյանն ու ավելացնում`հարկավոր է մեծ դեր տալ հասարակական կազմակերպություններին, քանի որ վերջիններս շփման մեջ լինելով, ավելի իրազեկված են եւ քաղաքացիների ձայնն ավելի բարձր հնչեցնելու առումով շատ ասելիք կունենան:

Karen Sarukhanyan

Կ.Սարուխանյանը կարծում է, որ այսօր հակարգային կոռուպցիան վերացել է, որը, ըստ պատգամավորի, արդեն իսկ կարեւորագույն ձեռքբերում է: «Բնականաբար, միջին օղակում կա կոռուպցիա, բայց դա չենք կարող համեմատել նախկին հետ»:

Պատգամավորը կոռուպցիան վերացնելու համար առաջարկում է ավելացնել աշխատավարձերը: «Գործող իշխանության ռազմավարությունն է` բարձրացնել աշխատավարձերը եւ, բնականաբար, ուժային կառույցները, քաղհասարակությունը պետք է ուշադրություն դարձնեն, որ հնարավորինս բացառվի կոռուպցիան»,-ավելացնում է նա:

ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը եւս վստահ է` հակակոռուպցիոն խորհուրդն իր նպատակին ծառայելու է: «Անկախ այն հանգամանքից` պատգամավո՞ր ես, թե՞ շարքային քաղաքացի, պետք է մեր պարտականությունները կատարենք կոռուպցիայի կանխարգելման գործում: Պետականամետ մտածելակերպ ունենալու դեպքում կարող ենք հաղթահարել` արձագանքելով եւ հետեւողական լինելով կոռուպցիոն դեպքերին, որպեսզի բոլորը պատժվեն»,-ասում է նա:

Sarik minasyan

Ի՞նչն է մարդուն դրդում կաշառք վերցնել: Ըստ Ս.Մինասյանի` մարդկային ագահությունը, ցածր աշխատավարձը, մարդկային մտածողությունը, որակները կարող են դառնալ կաշառք վերցնելու պատճառներ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող արդարացված լինել: «Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդը չգնա կաշառք վերցնելու քային: Հակառակ դեպքում ցանկացած մարդու կարելի է այնպիսի վիճակի հասցնել, որ վերջինս ստիպված գնա այդ քայլին, այդ պարագայում շատ կարեւոր են միջավայրը, աշխատավարձի չափը, պայմանները»,-ասում է պատգամավորն ու ավելացնում` յուրաքանչյուրս մեզ պետք է փոխենք:

«Նախկին իշխանությունում եղել են մարդիկ, ովքեր անկաշառ են եղել: Ես նույնպես զբաղեցրել եմ պաշտոններ, բացառվում է մի որեւէ դեպք, որ թեկուզ կես լումա որեւիցե մեկից պահանջած կամ վերցված լինեմ»,-եզրափակում է Սարիկ Մինասյանը, ով մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի  բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի, Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնները:

Նախկինում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել էր ՀՀ նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի հրամանագրով: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ ընդունված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգով նախատեսվել էին նոր կառուցակարգային փոփոխություններ, որոնց շրջանակներում Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը պետք է ստեղծվեր ՀՀ կառավարության որոշմամբ: Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման եւ կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին ընդունել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշումը, որով ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդը նախագահում էր ՀՀ վարչապետը, իսկ Խորհրդի կազմում ընդգրկված էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ներկայացուցիչ, հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչը։ Խորհրդի քարտուղարությունն ապահովում էր ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասում է, որ նախկինում շատ հասարակական կազմակերպություններ վստահություն չունեին հակակոռուպցիոն խորհրդի նկատմամբ: Պատճառը, ըստ Ն.Բաղդասարյանի, մեկն էր` այդ խորհուրդը գլխավորում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի անունը ՀՀ-ում բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներում էր շոշափվում:

Nazeli Baghdasaryan

«Կարծում եմ` խորհրդի այսօրվա կազմն իրապես կկարողանա ապահովել ոլորտի հնարավոր ռազմավարության ճիշտ մշակումը, կարեւոր է նաեւ այն հանգամանաքը, որ նույն քաղհասարակության ներկայացուցիչների համար ռոտացիոն մեխանիզմ է գործում, եւ երկու տարին մեկ անգամ փոփոխելու հնարավորություն կա, ինչը ավելի ճկուն է դարձնում, շատ կարեւոր է, որ վստահելի շատ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել այս մարմնի հետ աշխատելու»,-նշում է Ն.Բաղդասարյանը եւ ավելացնում, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են իրավական գործողություններ, որոնցում պետք է արտացոլված լինի քաղաքական կամք:

«Մենք պետք է ունենանք իրավական այն բազան, որ ցանկացած գործողության հիմքում, ՀՀ որպես իրավունքի սուբյեկտ, ճիշտ գործի իրավունքի ուժով եւ ունենա հենք: Ցավոք, մեր օրենսդրությունն այս առումով շատ-շատ բաց է, չես կարող իրավաչափ հստակ գործողություններ անել, պարզ է, որ կոռուպցիայի մեջ նախկինում թաթախված են եղել հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները»,-ավելացնում է նա:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը եւս ընդգծում է` եթե կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք լինի, ապա խորհուրդը մեծ դեր կունենան: «Եթե իսկապես նոր իշխանությունները, ինչպես բազմիցս նշել են, դրսեւորեն քաղաքական կամք դա իրականացնելու, ապա այս խորհուրդը շատ կարեւոր, լուրջ դեր կխաղա»,-ասում է նա:

Varujan Hoktanian

Կոռուպցիայի դրսեւորումների, չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին, պաշտոնական տեղեկություններին ու մամուլի հրապարակումներին հաճախ անդրադառնալիս` նախկին պաշտոնյաները, վերջիններիս ազգականներն արձագանքում են, որ ներկա իշխանության թիրախում են շատ հաճախ հայտնվում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի  ղեկավարման տարիներին բարձր դիրք ունեցած անձինք, ՀՀԿ անդամներ: Այսինքն, ըստ այդ մեկնաբանությունների, ներկա իշխանությունը սլաքն ուղղում է հիմնականում ուղղորդված: Վարուժան Հոկտանյանն անդրադառնալով այս հարցին` ասում է, որ ինքը կոնկրետ փաստեր այդ մասին չունի եւ ավելացնում է` մեկ-երկու դեպքով չի կարելի եզրակացություն անել եւ ասել, թե խտրական մոտեցում կա:

«Չկա ավելի վտանգավոր եւ բացասական երեւույթ, քան քաղաքական հիմունքներով խտրական մոտեցում ցուցաբերել, եթե, իհարկե, նման բան կա: Նախկինների մեղքերը շատ էին, այսպես ասած, եւ որեւէ խնդիր չկա եւ որեւէ ձեւով դա չի քննդատվի, եթե կոռուպցիայի մեջ ներքաշված նախկինների նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկվեն»,-ասում է նա:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն ընդգծում է` կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ընդգրկուն` անխտիր բոլոր պաշտոնյաների նկատմամբ` լինի դա նախկինի՞ց մնացածների, թե՞ նորերի:

Նազելի Բաղդասարյանն ավելացնում է. «Մենք կոռուպցիայի կանխարգելման հարցում հապաղելու կամ դանդաղելու իրավունք այլեւս չունենք: Ունենալով հստակ իրավական հիմքեր, հստակ ռազմավարություն եւ ինստիտուցիոնալ ստեղծված ճիշտ մարմիններ, մենք կկարողանանք ունենալ գործողությունների հստակ շրջանակ: Պետք է հասկանալ, որ այս հակակոռուպցիոն խորհուրդը պրակտիկ գործելու որեւէ լիազորություններ եւ իրավասություններ չունի եւ եթե մենք մինչեւ տարեվերջ ունենանք Հակակոռուպցիոն կոմիտե, լիազորությունների եւ գործողությունների շրջանակն ավելի հստակ կլինի»,-ասում է Ն.Բաղդասարյանը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական` e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:

Ռազմավարությամբ կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը եւ միասնական հետեւողական քայլերի ձեռնարկումը:

Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր:

Նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղենշային ուղղությունները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական 3 ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Նշված է, որ ՀՀ կառավարությունը դրսեւորում է անհրաժեշտ եւ բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Զուգընթաց կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը:

«Այս առումով  հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  համակարգի առկայությունն է: Ինստիտուցիոնալ համակարգի ընդհանրական պատկեր ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման մարմինների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների սահմանումը եւ ապահովումը, համապատասխան  կառուցակարգերի ներդրումը կամ զարգացումը, համագործակցության ամրապնդումը: Վերոնշյալի համատեքստում առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հետևյալ՝ առանձնացված մոդելի տեսլականը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով…»,-նշվում է նախագծում:

Նախագծում նշված է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է ոչ միայն հակակոռուպցիոն որակյալ ռազմավարությամբ, այլեւ դրա փաստացի իրականացմանը միտված գործնական վավերապայմաններով, առկա հանրային կառավարման միջավայրով, պետություն-քաղաքացիական հասարակություն անխզելի ու օբյեկտիվ կապից բխող կապիտալի արդյունավետ նյութականացման հեռանկարներով: «Վերստին պետք է արձանագրել, որ նշված բոլոր վավերապայմանների մասով առկա են համապատասխան օբյեկտիվ նախադրյալներ, որպիսիք պայմանավորում են Հայաստանի Հանրապետության համար անշրջելի բարեփոխումների գործընթացի հրատապ ու անվարան մեկնարկը»:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կարեւոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով եւ անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է, նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս մարմնին կփոխացվեն Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքներն ու գործիքակազմը:

Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված է լինելու նաեւ ֆինանսական ինքնուրույնությամբ, հաշվետու է լինելու ՀՀ վարչապետին եւ Ազգային ժողովին:

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

🔎 Մոնիթորների վերապատրաստման անվճար դասընթացներ

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ՔՀԿ-ների ակտիվ անդամներին, երիտասարդներին, կամավորներին՝ մասնակցելու
🔎 Մոնիթորների վերապատրաստման անվճար դասընթացներին:
——————————————————————————————
Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները կներգրավվեն ծրագրի կազմակերպչական ու իրականացման գործընթացներում՝ հնարավորություն կունենան իրականացնելու մոնիթորինգներ, մշտադիտարկելու Գյումրու ավագանու գործունեությունը:
➡️Դասընթացները տեղի կունենան
#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, հասցեն՝ Ա.Մանուկյան 1:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) 📧progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։
——————————————————————————————
📌 Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի ուսման կամ աշխատավայրի մասին, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։
📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019-ի օգոստոսի 20-ն է։
Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019թ-ի օգոստոսի 25-ը։
Հարցերի դեպքում դիմել Մարինեին՝ զանգահարելով +374 94644521, հեռախոսահամարին կամ գրել 📧mderbinyan@mail.ru էլեկտրոնային հասցեին։

83982a61209741c7e5cb09f83d2d13ae monitoring (1)

🖋 Լրագրողների վերապատրաստման անվճար դասընթացներ

#ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ-ն հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ԲՈՒՀ-ների լրագրության ամբիոնի ուսանողներին, ՀԿ-ների ակտիվ երիտասարդներին՝ մասնակցելու
📌 Լրագրողների վերապատրաստման անվճար դասընթացներին:
——————————————————————————————
 Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները կներգրավվեն ծրագրի կազմակերպչական ու իրականացման գործընթացներում՝ հնարավորություն կունենան իրականացնելու հարցազրույցներ, պատրաստելու ռեպորտաժներ, անցկացնելու քննարկումներ:
——————————————————————————————
➡️ Դասընթացները տեղի կունենան Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, հասցեն՝ (Ա.Մանուկյան 1):
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը)📧 progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։
📍 Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի ուսման կամ աշխատավայրի մասին, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։
📍 Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019-ի օգոստոսի 25-ն է։
Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2019թ-ի օգոստոսի 30-ը։
🔗 Հարցերի դեպքում դիմել Մարինեին՝ զանգահարելով +374 94644521, հեռախոսահամարին կամ գրել 📧 mderbinyan@mail.ru էլեկտրոնային հասցեին։