Monthly Archives:January 2020

Գյումրիում շարունակում են գույքագրումն ու հորդորում` վերակառուցեք կամ օտարեք

Գյումրիում շարունակում են գույքագրումն ու հորդորում` վերակառուցեք կամ օտարեք
Ավագանու շրջադարձային որոշումը
Դեռ նախորդ տարվանից Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում էին, որ բանակցություններ են ընթանում ավագանու որոշմամբ համայնքային հողատարածք, շինություն հատկացված այն կառույցների ղեկավարների հետ, որոնք դեռեւս չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները: Նրանք կամ պիտի կատարեն պայմանագրային պարտականությունները կամ պիտի վիճարկվի ավագանու տվյալ որոշումը:

Նախորդ տարի ամռանը Գյումրու ավագանին չեղյալ համարեց 2018 թվականի իր իսկ կայացրած որոշումը, եւ մեկ այլ որոշմամբ նույն կառույցը հատկացվել այլ կառույցի, այս որոշումն իր բնույթով Գյումրիում առաջինն էր վերջին 3-4 տարում:

Իսկ ավելի կոնկրետ` 2018 թվականին հուլիսի 11-ին Գյումրու ավագանին 25 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ քվեարկությամբ որոշել էր համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի 4658,07 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունները եւ դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի գործառնական նշանակության 0,1432 հեկտար մակերեսով հողամասը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով: Մինչ ավագանու նիստը ընկերության նախագահ հայ գործարար Վարդան Սըրմաքեշը դիմել էր համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին:23Սակայն հատկացումից մեկ տարվա ընթացքում ընկերությունը պետք է սկսած լիներ նախագծային աշխատանքներ, պայմանագրեր պետք է կնքած լիներ կողմերի, բնակիչների հետ, սակայն այս պարտականություններից եւ ոչ մեկը ընկերությունը չէր կատարել:
Այս պատճառով, նաեւ հիմք ընդունելով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գրությունը` Գյումրու ավագանին ուժը կորցրած ճանաչեց ավագանու 2018 թվականի հուլիսի 11-ի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 105-Ա որոշումը: Ըստ նախագծի` որոշման ընդունումը պայմանավորված էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության կողմից իր պարտավորությունների չկատարման անհրաժեշտությամբ: Նույն կառույցն ավագանուեւ ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Մարզպետը տեղեկացրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման (ամրացման-վերականգնման) արդյունքում շենքերի բնակարանները հատկացնել անօթեւանության կարգավիճակ ունեցող ընտանիքներին:
Հարցին, թե հնարավոր է, որ Գյումրու ավագանու առաջիկա նիստերին նման որոշումներ եւս չեղյալ համարվեն եւ կառույցը մեկ այլ որոշմամբ այլ անհատի կամ ընկերության հատկացվի, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պատասխանում է. «Դեռեւս նման նախագծեր չունենք»:
Վերակառուցեք կամ օտարեք. քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման հարցն օրակարգային է
Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով` հիմնականում ուշադրության կենտրոնում են պահում քաղաքի պատմական միջուկում, կենտրոնական հատվածներում սեփականության իրավունքով ձեռք բերված կառույցներին: Սեփականատերերին հորդորում են կամ վաճառել նոր ներդրողներին կամ ինքնուրույն վերակառուցել սեփական շինությունը:Zvuk 1.00_23_58_18.неподвижное изображение019

«Քաղաքի ճարտարապետական տեսքի համար համոզում ենք, բացատրում ենք, որ սարքեն, վերակառուցեն, եթե ոչ` ապա օտարեն, ով կարող է, ինքը գա, սարքի: Մենք նաեւ Կանաչ գոտիներում շինությունների հատկացման չեղյալ համարելու հարցն ենք որոշում, թեպետ օրենքը թույլ է, պետք դատական կարգով չեղյալ համարենք, տրված են շինությունները, սակայն հիմա դրանց կառուցապատումը նպատակահարմար չենք համարում«,-ասում է Հենրիկ Գասպարյանն ու ավելացնում` եթե ավագանու որոշմամբ 99 տարի ժամանակով համայնքապատկան որեւէ շինություն անհատույց տրամադրվել է որեւէ ընկերության կամ անհատի, եւ վերջիններս չեն կատարում իրենց պարտավորվածությունները, ապա այդ հարցի լուծումը մի փոքր հեշտ է: «Մենք զգուշացնում ենք իրենց, որ այսքան ժամկետում սկսեք կառուցապատումը: Իսկ եթե չեն անում, մենք կարող ենք դատական կարգով դա ետ վերցնել»,-ասում է գլխավոր ճարտարապետը: 09

Իսկ սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի նկատմամբ անտարբերության դեպքում համայնքապետարանը սեփականատիրոջն հորդորում է այն օտարել մեկ այլ քաղաքացու կամ կառույցի, կամ վերակառուցել:
Հենրիկ Գասպարյանն ասում է նաեւ, որ շարունակում են բանակցել կողմերի հետ, որպեսզի վերջիններս կատարեն իրենց պարտավորությունները: Ավելացնում է` բանակցության արդյունքում նկատելի է դրական տեղաշարժ: «Նույնիսկ առք ու վաճառքն է սկսել աշխուժանալ, քանի հոգի արդեն վաճառել է իր սեփականությունը, որպեսզի նոր ներդրողները կառուցապատեն եւ շինարարություն սկսեն»,-ասում է նա:
Համայնքապետարանի պաշտոնյան նշում է` պայմանագրային պարտականությունների չկատարումը հիմնականում պայմանավորված է ֆինանսական միջոցների սղությամբ:
Գյումրու գույքագրումը. թնջուկային պատմություններ
2019-ի տարեվերջին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտել են Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցել էին, որ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թվականների ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերում ընդհանուր օգտագործման, Գյումրի քաղաքի մի շարք հասցեների հողամասեր:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Բացի այդ, համայնքային գույքագրման ցանկերում կան անճշտություններ, ինչպես պարզաբանում է Գյումրու գլխավոր ճարտարապետը: Ի դեպ, գույքագրման հարցին անդրադառնալիս` ավագանու նիստերում ամեն անգամ համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն զայրանում է եւ հայտարարում, թե այս շինությունը կա, այն շինությունը չկա:
Մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերին, երբ Գյումրու ավագանու համաձայնությանը ներկայացվեցին համայնքի հաշվեկշռում առկա այն շինությունները, որոնց կոդերը փաստաթղթերում եղել են կրկնված, հարցը զեկուցող Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ ստուգող հանձնաժողովն ուսումնասիրել է ու պարզել, որ տարբեր կոդեր վերաբերում են միեւնույն շինությունների:
«Շինությունների օտարման փաստաթղթերը չեն գտնվել, այս անգամ ինչքան հնարավոր է` կեսը գտել ենք, եւ դրանք պետք է դուրս գրվեն, օրինակ, «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ, հիշո՞ւմ եք Մայիսյանի կաթսայատունը վաճառվել էր 280 մլն դրամով, բայց մեր բալանսի մեջ էր»,-նշել էր Լ.Ջիլավյանը:
Սամվել Բալասանյանը կեսկատակ-կեսլուրջ հարցրել էր. «Տրոլեյբուսի գծերը կա՞ն մեջը»:
«Չէ, տրոլեյբուսի գիծ դեռ չեն գտել, Տրոլեյբուսի վարչությունն ենք գտել, դա անպայման պետք է դուրս գրվի»,-պատասխանել էր Լ.Ջիլավյանը, իսկ Բալասանյանը նույն տրամադրվածությամբ հակադարձեց. «Եթե գծերը կան, հանեք, գործ չունեք»:
Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ տրոլեյբուսների գծերը թալանվել են:
Այսօր գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը դարձյալ հաստատում է, որ ձեւավորված հանձնաժողովը դեռեւս շարունակում է ուսումնասիրությունները, թե ցանկում ընդգրկված որ շինությունները քաղաքի որ մասում են գտնվում, դրանք կա՞ն, թե՞ չկան:
«Կային գույքեր, որոնք կրկնվում էին, տարբեր հասցեների կամ տարբեր ձեւակերպումների տակ են, օրինակ` գրված է մանկապարտեզ 7, հետո կողքը գրված էր` Մանկապարատեզ Ղ, բայց նույնն են: Բարդություններից է նաեւ այն, որ ցանկերում կային շենք-շինություններ, որոնք ոչ հասցե ունեն, ոչ չափ, ուղղակի գրված է, օրինակ, Նելսոն Ստեփանյան: Դե արի հասկացի, թե ինչի մասին է խոսքը: Գրված է պարիսպ, դե արի այդ պարիսպը գտիր»,-ասում է նա:
Իսկ թե որն է եղել նման շիլաշփոթի առաջացման պատճառը, Հ.Գասպարյանն ասում է. «Պարբերաբար կուտակվել են նման բաներ, հետո գույքագրում են անցկացրել, որը չեն հայտնաբերել, ասել են` թող մնա, հետո կնայենք, եւ այդ հարցը չեն նայել, հետաձգել են եւ հիմա դրանք կուտակվել են»:
Այս գույքագրման ցանկերը հստակեցվելու են, որպեսզի ներկայացվեն ավագանու հաստատմանը:

 

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru