Monthly Archives:October 2020

«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է ռազմական տեխնոլոգիաների մատակարարումները Թուրքիային

«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիաներ է անցկացրել «Viasat»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել արբանյակային կապ և սարքավորումներ մատակարարել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ։ Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են հայ համայնքի անդամներին և լսել նրանց պահանջները։ Ընկերությունից հայտնել են, որ Թուրքիային արբանյակային կապ չեն տրամադրում, այլ միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։ Ընկերություն ներկայացուցիչն ասել է, որ պահանջելու են Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։ «Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք պաշտպանական ոլորտի գործունեությամբ ենք զբաղվում։ Մենք մեր արտադրանքը վաճառել ենք Թուրքիային, սակայն չենք իմացել, որ դրանք օգտագործվում են ահաբեկչության համար։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն արդեն Թուրքիայի ականջները ձգելու ճանապարհին է։ Մենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ արդեն արել եք։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունը, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է անօդաչու թռչող սարքերի աչքերի արտահանումը Թուրքիա, մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան թուրքերին»,- ասել է «Viasat»-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ իրենք ինչպես արբանյակային կապ են ապահովում, այնպես էլ ռազմական տեխնոլոգիաներ են արտադրում, սակայն Թուրքիային միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։ «Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար։ Հուսով եմ, որ այս ահաբեկչությունը կանգ կառնի»,- ասել է նա հայ համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Հալաջյանին։ Հավելենք, որ սարքավորումները, որոնք մատակարարել է «Viasat» ընկերությունը, անօդաչու թռչող սարքերի ուղեղի աշխատանքն են ապահովում և շատ կարևոր բաղադրիչ են։

Տեսանյութ՝ https://www.facebook.com/KristineHalajyan/videos/10208583797028878

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրու օդային երթուղու ծրագրից շոշափելի արդյունքներ են սպասում

Հեքիաթային ծրագիրն իրատեսական դարձնելու ժամկետ է սահմանվել

Հուլիսի 2-ին  Գյումրու համայնքապետարանում «Արմոն» ընկերությունը հանրային քննարկման ներկայացրեց ընդհանուր 610 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիր՝ «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ», որի առանցքը 25 կմ երկարությամբ  օդային երթուղիների կառուցումն էր:

25 կմ օդային երթուղու կառուցման համար պահանջվում է 200 մլն դոլար: Օդային երթուղին կախովի տրամվայ է՝ առանց պարանների:

Մեկնարկը տրվելու է օդանավակայանի «Թռիչք» պայմանական անունն ունեցող կայարանից, հաջորդը կլինի Մսի կոմբինատ թաղամասի «Վերածնունդ»-ը, հետո հերթը կհասնի Նորավան թաղամասի «Հավատք» եւ Կոմիտաս փողոցի «Տաղանդ» կայարաններին:

Սա լինելու է ոչ թե քաղաքային երթուղի, այլ՝ այլընտրաքային տարբերակ։ Օդային երթուղուց գյումեցիները, ի տարբերություն մյուս մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակիչների, համեմատաբար էժան են օգտվելու։

Նմանատիպ առաջին փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում՝ 1895 թվականին: Գյումրիում այն նախատեսվում է կառուցել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2023 թվականը։

Ծրագիրը քննարկման ներկաների եւ մասնակիցների գերակշիռ մասի համար հեքիաթային էր եւ անիրատեսական։

Հանրային քննարկման ժամանակ Գյումրի հաայնքի ղեկավարը եւս նկատել էր ու անկեղծացել․ «Սա հեքիաթ է»,- ասել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։Սքայ-Գյումրի

Այն հարցին, թե ինչու  են նման ծրագիրը փորձում իրականացնել Գյումրիում, «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն արձագանքել էր․ «Դեռ խորհրդային տարիներին Երեւանի եւ Լենինականի միջեւ եղել է մրցակցություն: Պատահական չէ, որ մեկը կոչվում է մայրաքաղաք, մյուսը՝ հայրաքաղաք: Վերջին 30 տարիներին դա չկա, բայց պոտենցիալը կա, իսկ եթե չկա մրցակցություն, չկա նաև զարգացում: Մեր առաջին խնդիրն է Գյումրին հանրապետությունում դարձնել մրցակցային: Երկրորդն ուղիղ կապ ունի կորոնավիրուսի հետ: Փոխվել են արժեքները: Ճոխությունից մարդիկ անցել են հարմարավետության՝ գնահատելով ժամանակը»։

Բացի այդ,  Խաչատուր Սարգսյանը ծնվել է Գյումրիում, սակայն տեւական ժամանակ բացակայել է երկրից: «Գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ պարտք ունես այն վայրի նկատմամբ, որը քեզ տվել է հնարավորություն դառնալ այն, ինչը կաս այսօր»,- ասել էր ընկերության տնօրենը:

Ծրագիրը ոչ միայն հեքիաթային, այլեւ ռիսկային է համարվում մասնավորապես ֆինանսական մասով։ Եթե օդային երթուղուց օգտվի մոտ 400 հազար քաղաքացի եւ մեկ անջի ուղեվարձը լինի 100 դրամ, ապա նոր միայն ընկերությունը կկարողանա փակել կատարած ծախսերը։

Գյումրիում ողջունեցին ծրագիրը, սակայն հույսեր չկապեցին, հատապես, երբ մի քանի ամիս առաջ նույն «Արմոն» ընկերությունը ներդրումային մի ծրագիր էլ ներկայացրել էր Արարատի մարզում: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին էր։

Հանրային քննարկումից մի քանի օր անց՝ հուլիսի 17-ին Գյումրու ավագանին ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ  կետով, հիմք ընդունելով «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 19-ին N 7758)՝ միաձայն որոշեց տալ նախնական համաձայնություն «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ (SKY GYUMRI)» ծրագրի իրականացմանը։Model

Այդ որոշմամբ առաջարկվեց Գյումրի համայնքի ղեկավարին «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համագործակցության պայմանագիր,  «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ ուսումնասիրել եւ կազմել ծրագրի նախագծման առաջադրանք, ուսումնասիրել ծրագրի ենթակառույցների կառուցման համար անհրաժեշտ թվով 14  տարածքների կարգավիճակը, դրանց տրամադրման հնարավորությունները, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխանությունը:

Որոշմամբ սահմանվեց, որ տարածքների վերջնական ընտրության եւ դրանք քաղաքի տարածքային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելուց, տարածքների տրամադրման հնարավորությունները ճշտելուց հետո՝ հողհատկացման առաջարկությունները  ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:

Այս որոշումից անցել է 3 ամիս։ Փորձեցինք Գյումրու գլխավոր ճարտարապես Հենրիկ Գասպարյանից ճշտել, թե ինչ փոփոխություններ կան ծրագրի իրականացման ընթացքում։ «Ավագանու որոշմամբ երեք հողամաս առանձնացրեցինք եւ սահմանեցինք մեկ տարի ժամկետ, որ մեկ տարվա ընթացքում 3 կայարանների նախագծերը ներկայացնեն  եւ աշխատանքներ սկսեն»,-ասաց Հ․Գասպարյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը դեռեւս նախագիծ չի ներկայացրել, որոշումն ընդունելուց հետո այն պետք է նեկայացնի 6-ամսյա ժամկետում։ Հ․Գասպարյանի փոխանցմամբ՝ ընկերությունը Գյումրու համայնքապետարանին պետք է ներկայացնի շոշափելի արդյունքներ եւ ապացուցի, որ ծրագիրն իրատեսական է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզպետը կոչ է արել միանալ հայրենական պայքարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դիմել է մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ «Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։
Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ;
Կեցցե՛ Հայաստանի Հնարապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք Հայոց բանակին
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Տեսանյութ՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/videos/383352883030214

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru