Monthly Archives:January 2021

Մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին. Տիգրան Պետրոսյան

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իր կողմից ներկայացրած դիմումը։ Տիգրան Պետրոսյանը  գրել է․

<<Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,

Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։

Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։

Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։

Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան>>:

Աղբյուր՝  https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/866543330850740

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ. Կայացել է կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը, ի թիվս այլ աջակցող միջոցների, իրականացվում է պետական բյուջեի միջոցներով պետական հավաստագրերի հիման վրա: Համակարգը թույլ է տալիս անձին ընտրել իր նախընտրելի տարբերակը պետական հավաստագրով երաշխավորված գումարի շրջանակներում: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման՝ պրոթեզավորման կարիք ունեն շուրջ 115 անձ, ովքեր պատերազմում վիրավորում (վնասվածք) են ստացել և ունեն պրոթեզավորման կարիք: Որոշմամբ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ՝ օրթոպեդ կամ վնասվածքաբան կամ ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան, էրգոթերապիստ, անկախ պրոթեզիստ (նախատեսվում է մասնագետ արտերկրից, քանի որ Հայաստանում այս ոլորտում անկախ մասնագետներ չկան), հոգեբան և այլն: Թիմը տունայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում նախապես մշակված մեթոդաբանությամբ, ըստ գնահատված կարիքի կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկակական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Դիմումի փոխանցում է բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ ապահովում է հետագա ընթացքը: Եթե որևէ անձի տվյալ ցուցակից բացակայում է, ապա նա պետք է տեղեկացնի համապատասխան տեղեկանք պաշտպանության նախարարությունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ որոշմամբ առաջարկվում է, որ պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք՝ իրականացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում: Ըստ նախարարի՝ գնահատման արդյունքում յուրաքանչյուր շահառուի համար մշակվում է անհատական հավաստագիր, որն իր մեջ պարունակում է 2 գին՝ պետական հավաստագրով սահմանված գինը և հավելյալ գինը, վերջինս փոխհատուցվում է օրենքով չարգելված այլ՝ ոչ պետական միջոցների հաշվին: Բացի պրոթեզավորումից, պահանջ է սահմանված, որ ծառայություն մատուցող կազմակեպությունները նաև շահառուին սովորեցնեն պրոթեզ կրելու հմտություններ: Ընդ որում, գործընթացը վերաբերում է ինչպես վերին կամ ստորին վերջույթի, այնպես էլ աչքի և ձայնաստեղծ ապարատի պրոթեզավորմանը: Հատուկ ընթացակարգով պրոթեզների տրամադրման արդյունքները կամփոփվեն և առաջարկություններ կներկայացվեն նման ընթացակարգով շահառուների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև պրոթեզավորման ոլորտի զարգացման, պրոթեզավորման քաղաքականությունը բարելավելու համար: Անդրադառնալով որոշման նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ունի հիմնական երկու նպատակ. առաջինը ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը հնարավորինս արագ և հարմարավետ կազմակերպելն է, և երկրորդը՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը: «Հաջորդ կարևոր խնդիրը: Երեկ մենք քննարկում էինք, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք նաև պատշաճ մասնագիտական վերապատրաստում և նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը, այդ թվում սոցիալական ապահովության այլ ոլորտներում, լինի ոչ թե համակերպվելուն, այլ հաղթահարելուն միտված: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե այդ կարգավիճակի հետ համակերպվեն, այլ աջակցենք, որպեսզի այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն, մասնավորապես՝ աշխատանքի, տեղաշարժի, ընդհանրապես՝ հանրային կյանքում ներգրավվելու և այդպես շարունակ»,-ասել է վարչապետը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ընդգծելով զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման կարևորությունը, նշել է, որ նաև ՏՏ ոլորտում կան մասնավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամություն՝ իրականացնել հավելյալ վերամասնագիտացման կրթական անվճար դասընթացներ: Հակոբ Արշակյանը հայտնել է, որ նախարարությունը նույնպես նախատեսում է իրականացնել այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր, որոնց մասին շուտով կտեղեկացնեն: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս որոշումը տեղավորվում է նոյեմբերի 18-ին իր հրապարակված ճանապարհային քարտեզի 5-րդ կետի տրամաբանության մեջ, որով նախատեսվում է հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում. «Մենք պետք է այս հարցով հետևողական շարունակենք աշխատել»: Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ լուծելու են նաև սպասարկման հետ կապված հարցեր, այդ թվում ֆինանսական, որոնք այսօր կքննարկվեն շահագրգիռ գերատեսչությունների հետ: Փոխվարչապետի առաջարկությամբ՝ ծրագրում որոշ փոփոխություններ, ոչ բովանդակային, իրականացնելու նպատակով որոշումը կընդունվի հունվարի 22-ին՝ գրավոր քվերակությամբ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Ըստ այդմ, կստեղծվեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ օրենքի և իրավունքի գերակայությունները շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության և պաշտպանության տեսակետից: «Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չծագեն»,-ասել է կառավարության ղեկավարը:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/21/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ իրենք չեն զրկի ժողովրդին՝ իշխանություն ձևավորելու լծակից: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկած տրամաբանությունը, ապա իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք այդ մոտեցման նկատմամբ: Փաշինյանն անդրադարձել է նաև պատերազմի առնչությամբ հարուցված շուրջ 1300 քրեական գործերին՝ նշելով, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: «Պատերազմի հետ կապված շուրջ 1300 քրեական գործ կա և այդ գործերով ընթանում են նախաքննություններ: Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ»,- հայտարարել է Փաշինյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 81 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:Հարկային օրենսգրքով կառավարությանը տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկը՝ ծրագրի հավանության արժանանալու դեպքում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սակայն այս առումով խնդիր են ունենում, փաստացի ներդրումային ծրագիր իրականացնելիս գործարարի մոտ որոշակի անորոշություն է առաջանում. կառավարությունն արդյոք կհաստատի՞ ծրագիրը, թե ոչ: Այսպիսով` կառավարությունը որոշել է հստակություն մտցնել: «Մենք նպատակահարմար ենք գտնում, որ այսուհետ ներդրումային ծրագրերի համար լինի շատ ավելի շատ հստակություն, և նախագծում ներառված միջանկյալ ու կապիտալ սպառման ապրանքների ներմուծման ժամանակ չգանձել ԱԱՀ: Սրա արդյունքում կրճատում են վարչարարությունը և մտցնում ենք շատ ավելի շատ հստակություն՝ ներդրումային ծրագիր իրականացնելու ժամանակ», -ասել էր Ավանեսյանը:Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստը, որը մեկնարկել է երեկ՝ հունվարի 18-ին։ Օրակարգում 46 հարց է։ Խորհրդարանը նախ քվեարկեց երեկ քննարկած նախագծերը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթն։ Այն ընդունվեց ձայների 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։Փաթեթը, հիշեցնենք, նախ քննարկվել էր խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, հանձնաժողովն առանց ընդդիմադիրների մասնակցության միաձայն կողմ էր քվեարկել։Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համոզմամբ, փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն՝ առաջին ընթերցմամբ, «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն՝ առաջին ընթերցմամբ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում

Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները:Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։ Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, Ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։ Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել: Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն: Անդրանիկ Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։Նախարարն ընդգծել է՝ պահանջում է, որպեսզի բոլորը պարտականությունները բարեխղճորեն և ազնվորեն կատարեն՝ նպաստելով համակարգի զարգացմանը։

Աղբյուր՝  http://mes.am/hy/news/item/2021/01/18/1532/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru