Monthly Archives:March 2021

ԱԱԾ-ն զբաղվածության գործակալության Գյումրիի կենտրոնի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել, կան ձերբակալվածներ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր բացահայտելու մասին, 9 անձ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը ձերբակալվել են։ ԱԱԾ-ն մանրամասնում է՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին: Ըստ հաղորդագրության, հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50 հազար դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ինչպես ԱԱԾ-ն է նշում, հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն: Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ: Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար: ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին և պետական ու համայնքային մարմինների աշխատակիցներին՝ դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ՝ միաժամանակ հաշվի առնել, որ կաշառք և ապօրինի վարձատրություն տալու, ստանալու հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակարգ կառուցող բոլոր երկրներում մեծագույն խնդիր է, որը կարող է արգելակել իշխանության համակարգերում քաղաքացիական հասարակության ստեղծմանը, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը՝ ի չիք դարձնելով բոլոր այն ձեռնարկումները, որոնք ուղղված են հասարակական հարաբերությունների առողջացմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը։

Աղբյուր՝ https://cutt.ly/oxbtQDK

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրինագիծը

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նախաձեռնությունն «Իմ քայլը» խմբակցությանն է : ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաև սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 80 «կողմ», 6 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրակաnապես դեմ է արտահայտվել օրինագծին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակի բացում Գյումրու թիվ 4 դպրոցում

Հերոսներն անմահ են, քանի նրանց հիշում են. Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակի բացում Գյումրու թիվ  4 դպրոցում

Գյումրու թիվ 4 դպրոցի  դասասենայակներից մեկն  այսօրվանից կրելու է  Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած,  հանուն հայրենի սահմանների պաշտպանության անմահացած հերոս Արտակ Ժամակոչյանի անունը:  Այս դպրոցում է Արտակը կրթվել, այստեղ է դրվել հիմքը իսկական հայի ու հայրենասերի: Դասղեկի խոսքով` Արտակն ապրեց ընդամենը 30 տարի, բայց ապրեց շատ իմաստալից մի կյանք` հասցնելով լինել լավ աշակերտ ու որդի, լավ ամուսին ու հայր:

Արտակը ծնվել է մի ընտանիքում, որտեղ եղել են հերոսներ: Ժամակոչյանների ընտանիքը հայրենիքին երեք հերոս է տվել է, վերջինը Արտակն է:

«Որդուն հերոս անվանելով` որդեկորույս մորը չես սփոփի»,- ասում է հերոսի մայրը: Տիկին Շուշանիկի միակ սփոփանքը թոռնուհին է` Արտակի դուստրը, ում աչքերում նա իր որդուն է տեսնում:

Արտակը հետմահու պարգևատրվեց Երկրապահ կամավորականների միության  մեդալով: Շիրակի մարզի նախագահ Յուրա Ալեքսանյանն այն հանձնեց հերոսի մորը:

Ցավի հետ մեկտեղ կա  նաև հպարտություն. Արտակ կինը` Հեղինեն, նշում է` մենք չենք պարտվել, սա ժամանակավոր դադար է, առջևում հաղթանակներ կան:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

 

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում արված գրառմամբ: «Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ:

Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2923103798009996

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածների համար անկախ կյանքի կենտրոններ կհիմնվեն 6 մարզերում

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։ Ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում և այլն: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝ կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետևողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ և այլն: Ծրագրով նախատեսված են նաև զբաղվածութան ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, ուստի Երևանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-ասել է նախարարը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է պատերազմի հետևանքով ստորին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինվորներին ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու գործընթացից: Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ գործընթացի առաջին փուլն արդեն ամփոփվել է: «Պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, իրականացվել է նաև նրանց միջավայրի, մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանների գնահատում: Շատ հաճախ առկա տնային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել, հետևաբար այս պահին այդ գնահատումն իրականացվել է: Միջազգային պրոթեզարանների հետ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, արդեն ունենք պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պորթեզավորումը կիրականացվի: Զուգահեռ կիրականացվի նաև տնային պայմանների հարմարեցումը, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- ասել է նախարարը:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/03/18/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արտահերթ ընտրությունների անցկացում միայն փոփոխված օրենսգրքով

2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է  փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։

Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային Ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրադանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային Ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։

Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են 

  • Վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,
  • Քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից,  որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից,
  • Բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,
  • Հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից,  որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,
  • Կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,
  • Իշխանության գերկետրոնացումից, որի հաղթահարման համար նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները և ամբողջությամբ վերանայվել է լրացուցիչ մանդատների բաշխման սխեման,
  • Անհավասար մրցակցությունից և անձակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում,կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։

Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն  վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե  կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։

Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք Կազմակերպության կամ Ձեր տվյալները լրացնել այստեղ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

“Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ, Օլեգ Դուլգարյան

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ ՀԿ, Լեւոն Բարսեղյան խորհրդի նախագահ

«Ռեստարտ» գիտա-կրթական հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Սոցիոսկոպ ՀԿ

«Քաղաքաքական երկխոսություն» ՀԿ

Ավնիկ Մելիքյան

Կանանց իրավունքների տուն

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր

Աղբյուր՝ https://cutt.ly/qz1AHTV

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։Տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին, և չեն կարող այլ իրավունքներ ու պարտավորություններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։ Հետևապես պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ։ Իսկ, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչվող մասով նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները, նույնպես միջազգային իրավունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկվայի պայմանագրի դրույթներից։ Կարևոր է նկատել, որ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը։Ներկայումս Հարավային Կովկասում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական հարաբերություններում առկա հակասությունները, տարածքային վեճերն ու էթնիկ հակամարտությունները, ակնհայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, ի զորու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն և անվտանգ համակեցություն։Այդ պայմանագիրն իր ընդգծված հակահայկականությամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականությանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծվեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան և օկուպացվեց վերջինիս տարածքի մեծ մասը։ Դրանից հետո էլ, ադրբեջանաթուրքական տանդեմը անթաքույց հավակնություններ է դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տվել մարտավարական դադար առնել և պատեհ պահին, վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածվելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի։ՀՅ Դաշնակցության Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում և հարակից տարածքներում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը միջազգային գործուն երաշխիքներով և բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաև արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը:Այս ընթացքում ՀՅ Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները խնդրո առարկա հարցերով իրականացնելու են քաղաքական-հարաբերական աշխատանքներ։Մասնավորապես՝ սույն հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կողմից հասցեագրվելու է միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅ Դաշնակցությունը անդամակցում է, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններին։Նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության՝ լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։ Կարևոր ենք համարում հիշեցնել, որ ո՛չ Մոսկվայի և ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։Համոզված ենք՝ մեր ժողովրդի համախմբած աշխատանքով, ուժեղ Հայաստանով և համերաշխ հասարակությամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքներին և վերականգնել համազգային արժանապատվությունը։

Աղբյուր՝ https://www.arfd.am/news/38174/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru