Monthly Archives:March 2021

Ազգային ժողովը հետաձգել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։«ԲԴԽ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրություն կատարի։ Թեկնածուին ներկայացնողը ևս չի եկել, ուստի կհետաձգվի հարցի քննարկումը», – ասել է Միրզոյանը։Նշենք, որ Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում էր։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԳՅՈՒՄՐԻԻՑ ՄԻԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՎԻՐԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՈՒ ԵՐԹԻՆ

«Մարտի 1-ին, ժամը 18.30-ին Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության և օրինականության»:  Անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած այս կոչին, արդեն 2-րդ անգամ Գյումրու Վարդանանց հրապարակում էին հավաքվել մարդիկ, ովքեր վստահ էին, որ , ինչպես իրենք են նշում,ևս մեկ անգամ մերժելու են  նախկին ռեժիմի գործիքներին և կանխելու նրանց վերադարձի փորձերը:

Գյումրիից մայրաքաղաք մեկնողներին առաջնորդում էր  ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Ըստ նրա այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր չեն ուզում նախկինների վերադարձը:

Իսկ ինչպես է վերաբերվում շիրակցի պատգամավորը   «Լուսավոր Հայաստան կուսակցության»  կողմից առաջարկված, ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակին, որով վերջինս առաջարկում է հուշագիր ստորագրել և վարչապետի հրաժարականի պարագայում գնալ խորհրդարանական ընտրությունների:

Անդրադառնալով Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից  ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու  հարցին, Կարեն Սարուխանյանը,  ևս իր գործընկերոջ,  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի պես  համոզված է , որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

Երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն այսօրվա հանրահավաքը բեկումնային ընթացք է ապահովելու, վստահեցնում էին Գյումրիից մայրաքաղաք մեկնողները և համոզված, որ խորհրդանշական այս օրը կավարտվի առանց լուրջ բախումների։

Կարճ դադարից հետո, Գյումրու Վարդանանց հրապարակից գյումրեցիներն ավտոերթով շարժվեցին Երևան` Հանրապետության հրապարակ` մասնակցելու Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին և երթին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

 

 

Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգության 13-րդ տարին

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն: Նշենք, որ ամեն տարի այս օրը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ է անցկացվում Երևանում։ Նախորդ տարի, սակայն, երթը չեղարկվեց՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վարչապետը հրավիրել է է հանրահավաքի և երթի: «Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի», – ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» ևս, այսօր ժամը հանրահավաք է հրավիրել՝ Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց:

Աղբյուր՝ http://progressgyumri.am/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքների հարցով դատախազը դիմել է պատկան մարմիններին

2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով: Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով: Ընդ որում, 2020թ.-ի ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն: Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից: Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020թ.-ին արձանագրված վիճակի խորապատկերին 2021թ.-ի հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները: Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը: Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը: Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8105/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru