Monthly Archives:April 2021

ՀՀ նախագահը չի ստորագրել ԱԺ-ի ընդունած քաղօրենսգրքում փոփոխություններ անելու օրենքը և ուղարկել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքների չափերը բարձրացնող օրենքը և տվյալ հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահականի հրապարակած հայտարարության համաձայն՝ Ազգային ժողովի կողմից մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է մարտի 26-ին: «Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները», – փոխանցում է նախագահականը՝ շարունակելով․ «Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։ Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա: Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում: Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի: Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար: Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով»:

Աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2021/04/15/Announcement/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը 7,5 մլրդ դրամ կհատկացնի Արցախի քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7 մլրդ 548 մլն դրամ, որի նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: «Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, մյուս ամիսներին ավտոմատ կստանան: Ըստ նրա, մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով: «Մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք ու այդ մի քանի հարյուր քաղաքացիները, որոնք ծրագրերից դուրս են մնացել, դառնան ծրագրի շահառու»,- ասել է նախարարը:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/04/15/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը. վարչապետ

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ- ռուսական ռազմական դաշինքն է, այսօր Ազգային ժողովում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով դրանք ամրապնդված են մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։
«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է՝ հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները», – ասել է վարչապետը։ Նա ընդծել է, որ այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը կներառի նախ կառուցվածքային, ապա՝ բովանդակային փոփոխություններ։
«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվաքը պետք է էականորեն կարողանանք փոխել։ Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։
Հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պաշտպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ», – ասել է Փաշինյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզպետարանի արգելափակումը վերացված է. գերիների ծնողները բացել են դռները

Շուրջ 25 ժամ Շիրակի մարզպետարանի մուտքն արգելափակած գերիների ծնողները բացել են դուռն ու հեռացել կառույցից: Նրանք այս որոշումն ընդունել են մարզպետարան ժամանած ուժային կառույցի ներկայացուցչի հետ զրույցից հետո: Թե ինչ պայմանով են բացել դռները և ինչ են խոսել դահլիճում, չեն մանրամասնում: Մարզպետարանի աշխատանքը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները պարալիզացրել էին երեկվանից՝ ապրիլի 13-ի ժամը 14:00-ից: Հիմանակն և մեկ պահանջ ունեին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նաև Տիգրան Ավինյանը ժամանեն Գյումրի և հստակ ասեն, թե երբ Հայաստան կվերադարձվեն իրենց որդիները: Ամբողջ գիշեր գերիների ծնողներն ու հարազատները մնացել են մարզպետարանի ներսում տղամարդ աշխատակիցների հետ: Կանանց համար դռները բացել էին ժամը 22:00-ի սահմաններում: Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և գերիների ծնողների միջև: Ընդհարման հետևանքով դռան ապակիներ էին կոտրվել, նաև սեղան ու աթոռ էր վնասվել: Ծայրահեղ լարվածությունից նաև մի քանի ծնողի ինքնազգացողությունն էր վատացել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Համաճարակային իրավիճակը Հայաստանում լարված է. երրորդ ալիք»

#Covid19

📌 Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության դեպքերն արագընթաց ավելանում են:Վերջին օրերին օրական կտրվածքով կորոնավիրուսային հիվանդացության ավելի քան 1000 նոր դեպք է գրանցվում։ Հանրապետությունում համավարակի երրորդ ալիքն է սկսվել: Առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված: Համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Գյումրի ԲԿ-ն և Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը:

ℹ Բանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար
➡ Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն
➡ Աստղիկ Բեյբության- «Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru