Monthly Archives:August 2021

«Մահվան դեպքերը բանակում պատերազմից հետո»

Հետպատերազմական շրջանում, բանակում շարունակում են գրանցվել չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր։ Միայն տարեսկզբից մինչև հիմա, ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանի և Արցախի զինված ուժերում 44 զինվոր է մահացել, չնայած սահմանային լարվածությանը՝ նրանցից միայն 9-ն է հակառակորդի կրակոցից զոհվել։ Որո՞նք են այս արատավոր երևույթի պատճառները, ի՞նչ է պետք անել բանակում նման դեպքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում`

ℹԲանախոսներ՝
➡ Նինա Կարապետյանց – «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ
➡ Ժաննա Ալեքսանյան – «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Սպանության փորձ Գյումրիում` քաղաքական դրդապատճառներով»

#ասուլիս

Հարձակման է ենթարկվել «Գյումրին կռնա» շարժման անդամ Արմեն Ներսիսյանը

Ուղիղ հեռարձակում՝

Բանախոսներ՝
➡ Արմեն Ներսիսյան – «Գյումրին կռնա» շարժման անդամ
Ազգային արժեք ակումբի «Գյումրին կռնա» շարժման անդամներ
➡ Վարդան Սրտաշյան
➡ Վարդան Գրիգորյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ քաղհասարակությունը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքային ամբողջականության ոտնահարումը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը։ Կազմակերպությունները խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը, որին միացել են 16 կազմակերպություններ, ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև առանձին պետություններին՝ դատապարտելու Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը: Զորքերը հետ քաշելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու և լարվածությունը թուլացնելու կոչերը, որոնք ուղղված են «երկու կողմերին», տեղին չեն և չեն արտացոլում առկա իրավիճակը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմի վերաբերյալ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Ադրբեջանը չի դադարում Հայաստանի հետ սահմանին իրականացնել ագրեսիվ գործողություններ՝ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները: Ադրբեջանցի զինվորականները սահմանային որոշ հատվածներից բացահայտ և ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և դիրքավորվել: Ավելին, ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում ինչպես հայկական ռազմական դիրքերի, այնպես էլ քաղաքների և գյուղերի ուղղությամբ՝ մեծապես վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչների կյանքը և ապրուստի միջոցները: Գրեթե ամեն օր հնչող կրակոցներից զատ, ականատես ենք եղել նաև խաղաղ բնակիչների` ազատությունից անօրինական զրկման, հրազենով սպառնալիքների, նրանց ունեցվածքին վնաս պատճառելու և անասունների գողության դեպքերի: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ոտնձգությունները չեն ունեցել իրավական և քաղաքական հետևանքներ և միջազգային հանրության կողմից չեն արժանացել համապատասախան արձագանքի, ինչի հետևանքով էլ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վերջին օրերին է՛լ ավելի մեծ թափ են ստացել՝ հանգեցնելով նոր զոհերի: Այս միջադեպերն արձանագրվել են, ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի , այնպես էլ տեղական լրատվամիջոցների կողմից: Խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի ռեժիմի հայտարարությունը՝ Ադրբեջանը նմանատիպ ագրեսիվ գործողություններ է իրականացրել նաև Արցախի հետ ունեցած սահմանին՝ խաղաղ գործընթացը չեղարկելու և լայնածավալ նոր բախումներ հրահրելու նպատակով : Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն ուղեկցվում են ռազմաշունչ հռետորական հայտարարություններով, տարածքային պահանջներով, ամենաբարձր մակարդակով հնչող ռազմական գործողությունների սպառնալիքներով ՝ խափանելով երկխոսության ցանկացած հնարավորություն, վարկաբեկելով եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև՝ Ադրբեջանում և Թուրքիայում հայերի նկատմամբ տարածելով ատելություն: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով հաճախ բացահայտ ընդունում են, որ ադրբեջանական ուժերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում : Վերջիններս միևնույն ժամանակ ապատեղեկատվություն և կեղծիքներ են տարածում այն մասին, որ հարձակումներ նախաձեռնողը Հայաստանն է: Այս անպատասխանատու գործողությունները ոչ միայն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ բնակչության կյանքի և ապրելակերպի վրա, այլ նաև սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Ուստի, ողջունելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ ունեցած սկզբունքնային և երկկուսակցական դիրքորոշումը, հետևաբար նաև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության և Հայաստանի նկատմամբ դրսևորած շարունակական ագրեսիայի պատճառով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին օրինագծի ընդունումը , ողջունելով նաև Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևի և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԽ պատգամավոր Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն այն մասով , որ տեղի ունեցած գործողությունները որակվում են որպես Ադրբեջանի կողմից սադրանք, որոնք սկսվել են 2021 թվականի մայիսի 12-ին՝ հայկական տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ, սույնով միջազգային հանրությանը կոչ ենք անում. – Հանրայնորեն և հրատապ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարումը և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի շարունակական կիրառումը: – Ձեռնարկել խիստ միջոցառումներ, խթանել և աջակցել ԵԱՀԿ/ՄԱԿ-ի հովանու ներքո անկախ դիտորդական առաքելություն անցկացնելուն՝ սահմանամերձ տարածքներում քաղաքացիական անձանց իրավունքների խախտումները արձանագրելու համար, ինչը ոչ միայն կկանխի ագրեսիվ գործողությունները, այլև կլուծի կեղծ տեղեկատվության տարածման խնդիրը՝ իրավիճակի վերաբերյալ տեղում անաչառ տեղեկատվություն հավաքելու միջոցով: – Շարունակել հանրայնորեն և խստորեն պահանջել Ադրբեջանից Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, որոնք դեռ գերի են պահվում միջազգային օրենքների ոտնահարմամբ, քրեական հետապնդման են ենթարկվում և դատապարտվում շինծու և անհեթեթ քրեական վարույթների շրջանակներում: Նրանց մինչ օրս գերության մեջ պահելը Հայաստանի վրա շարունակական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մի մասն է։ – Եթե այս ագրեսիվ գործողությունները շարունակվեն, ապա դիտարկել և առաջ քաշել նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու հարցը, որոնք կդադարեցնեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը»: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբ ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հանրային լրագրության ակումբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 3 773 զոհ և 243 անհետ կորած․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց պայմաններում: «Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը: Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու կարևոր գործիքն ու հարթակը հունվարի 11-ի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձևավորված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունությունն ակտիվացնելն է և կոնկրոտ արդյունքներ արձանագրելը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կառավարությունն աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու ՀՀ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ «Իհարկե, սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ, և այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով։ Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարծքով միջանցքի ստեղծման մասին։ Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար: Միաժամանակ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար։ Եվ սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին։ Բայց պետք է պատասխանենք մեկ ուրիշ հարցի՝ իսկ կարո՞ղ է արդյոք այս գործընթացը տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու։ Սա է, թերևս, ֆունդամենտալ հարցը, որ վախենամ մեր անկախության 30-ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել։ Մեր մեծագույն խնդիրը տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծելն է Հայաստանի շուրջ, սա մի հարց է, որը միշտ էլ ձևակերպված է եղել մեր պետական օրակարգում։ Բայց խնդրի գործնական լուծման համատեքստում մենք ուշադրություն չենք դարձրել մի շատ կարևոր հանգամանքի՝ եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար։ Ընդ որում, փոխադարձության սկզբունքով, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Որքան ուզում ենք միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար, նույնքան Հայաստանը պիտի բարենպաստ դարձնենք միջավայրի համար։ Եթե կուզեք՝ սա մեր ավտանգության ռազմավարական մարտահրավերն է։ Այս պահին ես չեմ առաջարկում շատ կոնկրետ ու գործնական լուծումներ, ընդամենը բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարևոր առանձնահատկության վրա»,- հայտարարել է վարչապետը։ «ՀՀ կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ասվածի համատեքստում ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է։ «Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը։ Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը։ Գործնական առումով ՀՀ կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ ու տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում. «Եվ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Պիտի հատուկ արձանագրեմ, որ կառավարության ծրագիրը ձևավորված և ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանը առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով։ Եվ կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։ Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.
  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները․
  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել, ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին․
  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

Ստորագրություններ

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Լոգոս» Իրավապաշտպան ՀԿ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ
«Համայնքների Ֆինանսիստների միավորում» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«ԷկոԼուր տեղեկատվական» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Արազա» ԲՀԿ

Աղբյուր՝ https://bit.ly/3gr0e1d

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Ս.Ղուկասյանը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Աղբյուր՝ https://investigative.am/news/view/spartak-xukasyan.html

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր

Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրել են համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է: Համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը: Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Շենքերը լինելու են 4 հարկ, յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը գնալու է 15-18 բնակարանի մասին՝ առաջին փուլով: Բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով: Նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի հետո: Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը։

235234428_2701482053490237_8067557740284449195_n 236565637_2701481893490253_7666207068109332534_n 236995355_2701481830156926_2581933749975942156_n 237912508_2701481760156933_2725545444223492010_n 239195768_2701482100156899_6534525667567262238_n

Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2701484563489986

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունն ամսական 50 հազար դրամ աջակցություն կտրամադրի 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դառնալը

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարություն և 2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով: Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի: Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:

26805_b 26806_b 26811_b 26808_b 26809_b 26810_b

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/08/18/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru