Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է

Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է

Դեռ օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագծեր, որոնցով առաջարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել աշխարհազոր։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Նախատեսվում է ստեղծել առանձին ստորաբաժանումներ, որոնք ղեկավարելու են քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարի տեղակալները:

Հանրային քննարկման ընթացքում մի շարք առաջարկություններ ներկայացրին քաղաքացիները: Մասնավորապես, առաջարկվում էր զերծ մնալ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց:

Խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած կլինի զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորումը ղեկավարելու է համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը:

Աշխարհազորայինի հետ կնքվում է պայմանագիր, նրան ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ: Գ.Բալայանը նշեց, որ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է: Աշխարհազորի կազմ կարող են ընդգրկվել պահեստազորում հաշվառված, բայց կցագրում չունեցող քաղաքացիները:

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «պետական մարմնի ուժերի» բառերից հետո լրացվում է «աշխարհազորի,» բառը, իսկ 9.1-ին կետը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. «աշխարհազոր` քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.»:

Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Աշխարհազորի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելը.

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության եւ ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

Աշխարհազորի կիրառումը ներառում է`

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.

2) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին.

3) մասնակցությունը հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.

4) մասնակցությունը զորքերի եւ բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը եւ պաշտպանությանը.

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:

Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, եւ ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից եւ դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության եւ կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալն է կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը:

Սահմանված աշխարհազորային զորամիավորումների եւ դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

Աշխարհազորային պայմանական բրիդադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաեւ` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված եւ պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:

Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ`

1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.

2) ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,

3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները եւ կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ եւ աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման եւ պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների եւ վարժանքների միջոցով` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության եւ կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության եւ կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով` զինծառայողների համար սահմանված կարգով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of