ՀՀ-ում ռազմական դրությունը վերացվել է . ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիրների նախագիծը

ՀՀ-ում ռազմական դրությունը վերացվել է . ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիրների նախագիծը

ԱԺ-ն ընդունել է ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվել է 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակները Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն էին: Նրանք առաջարկում էին հանել ռազմական դրությունը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը, իսկ ռազմական դրության իրավական ռեժիմը չվերացնելը, ըստ նրանց, քաղաքական նպատակներ ունի: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ պատգամավորներին առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ, Կառավարության որոշմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմը վերանալու է: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված: Թեև նախորդ տարվա դեկտեմբերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշ սահմանափակումներ հանվել էին, այնուամենայնիվ, ռազմական դրությունը շարունակում էր պահպանվել: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Արսեն Մկրտչյանին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը: Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87: Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ նախագծի քննարկման ընթացքում ասել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը փոփոխությունների է ենթարկվել: Ըստ նոր առաջարկությունների՝ նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: «Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ի հետ ենք քննարկել, ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ մասին» օրենքը, ըստ այդմ, ամբողջությամբ վերանայվել են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագծի մասին անցումային դրույթները»,- քննարկման ընթացքում ասել էր ՀՀ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր այս տարվա հունվարի 19-ին: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Ազգային ժողովը 6 ամսով երկարաձգել է Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Որոշման նախագիծն ընդունվել է 117 կողմ, դեմ 1, ձեռնպահ 1 ձայների հարաբերկացությամբ: Հանձնաժողովի լիազորությունները երկարաձգելու մասին որոշման նախագիծը ԱԺ-ում քննարկվել էր երեկ: «Որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ են լիազորությունների ժամկետի երկարաձգում, հետևաբար հանձնաժողովը այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում սույն որոշման նախագիծը»,- քննարկման ընթացքում ասել էր հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of