Վերականգնվում է Գյումրու կենտրոնը․ ծայրամասերը եւս ուշադրություն են պահանջում

Վերականգնվում է Գյումրու կենտրոնը․ ծայրամասերը եւս ուշադրություն են պահանջում

«Կումայրի» պատմական միջուկը՝ զբոսաշրջության այցեքարտ

Այս տարի ապրիլին Շիրակի մարզի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց քննարկում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շուրջ տարվող աշխատանքների վերսկսման նպատակով։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի նպատակն է բարձրացնել Գյումրի քաղաքի գրավչությունը՝ պահպանելով պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները, և նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ նախագծի իրականացման բոլոր փուլերում Գյումրու բնակիչների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով՝ հանդիպման ավարտին նախարար Վ․Քերոբյանի առաջարկով որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի գծման աշխատանքներով, ընթացիկ խնդիրների ու հարցերի վերհանմամբ և դրանց արագ ու արդյունավետ կարգավորմամբ։

Այս հանդիպումից երեք ամիս անց՝ հուլիսի վերջին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ՝ շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։

«Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։ Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։ Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այս շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,-գրել էր Պապիկյանը։papikyan suren

Գյումրու Սլաբոդկան  (рабочая слободка) վերականգնվելու է

Քաղաքի կենտրոնը շարունակում է պահպանել Ալեքպոլի հատակագծի կառուցվածքն ու պատմաճարտարապետական շինությունների դիմագիծը: Քաղաքի հին թաղեից է համարվում Սլաբոդկան (рабочая слободка), որը գտնվում է քաղաքի հարավային մասում։

Այստեղ ժամանակին բնակվել են ռուսներ, ռուսական հատակագծով եւ ճարտարապետությամբ Ալեքսանդրապոլի այս թաղում կառուցվել են նաեւ առանձնատներ։ Ներդրումային տարաբնույթ ծրագրերով նախատեսվում է քաղաքի Սալբոդկա թաղամասում վերականգնել առանձնատներն ու թանգարանները, կառուցել հյուրատներ։

Ծրագրով նախատեսվում է նաեւ Հաղթանակի պողոտայի վերականգնում, որտեղ ներկայում փողոցային առեւտուր է իրականացվում։ Համաշխարհային բանկի պահանջներից է վերականգնման աշխատանքներն այնպես իրականացնել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները վնաս չկրեն։ Այս նպատակով տնտեսվարողներին այլընտրանք է առաջակվելու, նրանց կրպակները կամ տեղափոխվելու են այլ վայր, կամ մեկ ուրիշ տարբերակ է քննարկվելու, այնպես, որ վերջիններս վնասներ չկրեն։asfalt3

 Վարդանանց հրապարակին նոր շունչ տալու գաղափարը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն  է

Դեռ 2018 թվականին էր նախատեսվում Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի հիմնովին վերանորոգում, ֆինանսավորման աղբյուր նշվում էր Համաշխարհային բանկը։ Աշխատանքների իրականացման համար պահանջվում էր 100 մլն ՀՀ դրամ։ Սակայն աշխատանքները չմեկնարկեցին։ 2019 թվականի ամռանը մի քանի փոփոխություն կատարվեց հրապարակում՝ քաղաքապետարանի դիմացը սալապատվեց, դրոշակները փոխվեցին։

Վարդանանց հրապարակին նոր շունչ տալու ծրագրի հեղինակը համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն է։ Ծրագրի իրականացման համար ընդհանուր անհրաժեշտ էր 250 մլն ՀՀ դրամ։ Գումարն ակնկալվելու էր Համաշխարհային բանկից։

Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում էր սբ․Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ եղեւնիների հանում եւ վերատնկում Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, նախկին եղեւնիների տարածքում ծաղիկների աճեցում, իսկ քաղաքապետարանի վարչական շենքի դիմացի եղեւնիների տարածքում՝ մանրաքարերով սալապատում։

Գյումրու Վարդանանց հրապարակում Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող ութ եղեւնիների՝ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում վերատնկման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 3-ին կազմակեևպվեց եւ անցկացվեց հանրային քննարկումը, որը, մեղմ ասած, տապալվեց։ Կողմերը համաձայնության չեկան եղեւնիների տեղափոխման շուրջ։ Քաղաքապետարանն այս մասով որեւէ քայլի չդիմեց։

Այդ ընթացքում ԳԱԼԱ խմբակցությունն հանդես գալով հայտարարությամբ՝ տեղեկացրեց, որ ուսումնասիրելով խնդիրը, հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին, մասնավորաբար՝ քաղաքի համաչափ զարգացման, համայնքային սուղ միջոցների խնայողական եւ արդյունավետ ծախսումների, հանրային շահի գերադասման սկզբունքներին, համարում է, որ Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ կոպիտ սխալ է համայնքային խնդիրների արդյունավետ լուծման եւ քաղաքաշինական տեսանկյուններից:

«Հերթական անգամ մատնանշում ենք, որ Գյումրու փողոցային ցանցի գրեթե 80 տոկոսը չի նորոգվել կամ հիմնանորոգվել ավելի քան 30 տարի, քաղաքի բոլոր թաղամասերը, բացի կենտրոնից, տասնամյակներով թաղված են ցեխի, փոշու եւ ավերակների մեջ: Առնվազն տարօրինակ է, որ քաղաքապետն անտեղյակ է այդ իրավիճակին: Այս իրավիճակի անտեսմամբ ծախսեր կատարել բարեկարգ հրապարակի վերակառուցման համար առնվազն միջոցների վատնում է: Համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից արտակարգ հրատապություն ունի թաղային նշանակության փողոցների շուտափույթ բարեկարգումը: Հրապարակի վերակառուցման գաղափարը մտացածին է եւ անտեղի: Զբոսաշրջության զարգացմամբ այդ վերակառուցման արդարացումը եւ իբր ոչ համայնքային միջոցներով, այլ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցապատման բացատրությունը պարզունակ հնարքներ են, որոնցով փորձ է արվում քաղաքացիներին ներկայացնել այդ հնարավոր աշխատանքների կատարման շահեկանությունը: Այնինչ, զբոսաշրջության տեսանկյունից կարեւոր է նախ հասարակական զուգարաններ կառուցելու, աղբամանների ավելացման, բավարար գիշերային լուսավորության ապահովման եւ բազմալեզու ցուցանակների խնդիրները կարգավորել, իսկ Համաշխարհային բանկի միջոցները նվեր չեն եւ հատկացումից հետո դառնում են հանրային միջոց»,-հրապարակել էր ԳԱԼԱ խմբակցությունը։

Վարդանանց հրապարակը դարձյալ հիմնանորոգվում է այս անգամ նախատեսվում է ծախսել 121 մլն դրամ եղեւնիների տեղափոխում չի նախատեսվում

Գյումրու Վարդանանց հրապարակը վերջին անգամ հիմնովին վերանորոգվել է 2013 թվականին, երբ Գյումրին ճանաչվեց մշակութային մայրաքաղաք։ Այդ նպատակով համայնքի բյուջեից ծախսվեց մոտ 100 մլն ՀՀ դրամ։ 2013-ին հաջորդող տարիներին հրապարակում անընդմեջ կատարվել են ճաքալցման աշխատանքներ՝ փոսալցում, կարկատաններ։

Մոտ մեկ ամիս առաջ Վարդանանց հրապարակում դարձյալ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս անգամ ֆինանսական աղբյուրները կառավարությունն ու Գյումրի համայնքն են։ Աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է ծախսել շուրջ 121 մլն դրամ, որի 40 տոկոսը պետական, իսկ 60 տոկոսը համայնքի բյուջեից է լինելու։ Աշխատանքներն իրականացնում  է Շիրակի մարզում գտնվող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը։gyumrihraparak

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի խոսքով՝ առաջիկա 2-3 ամսում հրապարակում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվելու են։

Ինչո՞ւ է Գյումրիում հաճախակի վերականգվում քաղաքի կենտրոնը, հրապարակը, մինչդեռ ուշադրության եւ հոգածության կարիք ունեն նաեւ ծայրամասային թաղերը, նրբանցքները, նաեւ թաղային նշանակության փոոցները։ Դեռ երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետ Ս․Բալասանյանն այս հարցին այսպես էր պատասխանել․ «Հրապարակի ասֆալտի ճաքերն այսօր էլ են տեսանելի, 3-4 տարին մեկ անգամ վերանորոգելու, արտաքին հին շերտը նորով փոխարինելու եւ 100 միլիոն ՀՀ դրամ ծախսելու անհրաժեշտություն է առաջանում։ Հետեւաբար, կարելի է ավելի խոշոր գումար ծախսել, որպեսզի մոտ 30 տարի վերանորոգման անհրաժեշտություն չառաջանա»։

Նույնաբովանդակ պատասխան է տալիս նաեւ այսօր Կնյազ Մանասյանը՝ նշելով․ «Քաղաքապետարանը մնում է իր դիրքում․ դիրքորոշումը պահպանում է։ Պնդել եմ, որ ճաքերն այնքան են մեծացել, որ հետագայում այլեւս անհնարին կլինի այդ ճաքերով պահպանել հրապարակը։ Մենք չէինք նկատել հյուրանոցի (նկատի ունի նախկին Լենինական հյուրանոցը-հեղինակ) մայթի մոտ մեծ ճաքերը։ Մեկ-երկու տարի հետո մենք կարող է հրապարակում այնքան մեծ ծախսեր կատարենք, որ այսօրվա ծախսած գումարից շատ լինի»։ Կ․Մանասյանը միաժամանակ նշում է՝ ճաքերի գոյացման պատճառը ստորգետնյա ջրերն են։

Պաշտոնյան ընդգծում է՝ այս ծավալի աշխատանքներ չկատարելու եւ հրապարակը ներկայում չհիմնանորոգելու դեպքում 1- 2 տարում Գյումրին ավելի շատ քայքայված ասֆալտով հրապարակ կունենա։

Կ․Մանասյանի խոսքով՝ 2013 թվականին հրապարակը հիմնանորոգել են մեկ շերտ ասֆալտով։ «Մեկ շերտով մեկ շերտի համար ութ տարին չափազանց լավ ժամկետ է»,-2013-ին հրապարակի հիմնանորոգման աշխատանքներն այսպես է գնահատում համայնքապետարանի պաշտոնյան։

2021-ին Գյումրիում հինանորոգվում է 33 փողոց ու հրապարակ

2020 թվականին համավարակի տարածման, այնուհետ Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Գյումրիում փողոցաշինական աշխատանքներից մի քանիսն այդպես էլ կիսատ մնացին։ Կիսատ մնացած աշխատանքները, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, շարունակվում են այս տարում։

2021 թվականին նախատեսված է Գյումրիում սկսել եւ ավարտին հասցնել 33 փողոցի ու հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ։ Ընթացիկ տարում 23 փողոց հիմնանորոգվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային-դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Կ․Մանասյանի խոսքով՝ աշխատանքների մեծ մասը գրեթե ավարտված է։

Սուբվենցիոն՝ կառավարություն-համայնք համագործակցության եւ ֆինանսական միջոցների ներդրման արդյունքում 2021-ին ավարտվելու են 9 փողոցի եւ մեկ հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ։ Կոմիտաս փողոցի հիմնանորոգման աշխատանքները նախորդ տարի հետաձգվել էին ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգերի կառուցման պատճառով։ Նախատեսված աշխատանքներն ընթանում են 2021-ին, որոնք ավարտին են հասցվելու մինչեւ այս տարեվերջ։

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը շուրջ 800 մլն ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը ներդրել է Գյումրին՝ համայնքային բյուջեի, իսկ 40 տոկոսը՝ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից։

Գյումրիում այս տարի փողոցաշինական աշխատանքներն իրականացնում են Շիրակի մարզում գտնվող ընկերությունները, որոնք իրենց կատարած աշխատանքներով ծանոթ են Գյումրու համայնքապետարանին՝  «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ,  «Լենճանշին» ՍՊԸ,  «Զարգարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի իրավահաջորդ ընկերություն։

Կ․Մանասյանի վստահեցմամբ՝ շինընկերությունների աշխատանքները վերահսկում է եւ տեխնիկական վերահսկիչը, եւ համայնքապետարանի մասնագետն ու ինժեները։ Տեղում հայտնաբերված խախտումները, սխալները վերացնելու հանձնարարականներ են տրվում շինընեկություններին։ «Տեղում լուսանկարում ենք աշխատանքը եւ պահանջում վերացնել եղած խախտումը։ Գրավոր եւս ներկայացնում ենք խախտումը։ Բայց այնպես ենք անում, որ հարցը գրավոր ներկայացնելուն չհասնի։ Երաշխիքային ժամկետը մեկ տարին է։ Ընկերությունը ապարտավոր  է շտկել խնդիրները»,-ասում է համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահանության բաժնի պետ Կ․Մանասյանը։

Քաղաքի նրբանցքները կշարունակեն մնալ անասֆալտ, քարուքանդ ու անտեսված

Գյումրիում կա մի քանի հարյուր նրբանցք, որոնք 88-ի աղետից հետո երբեւէ ասֆալտ չեն տեսել։ Խորդուբորդ, հիմնովին քանդված այդ նրբանցքներն հիմնականում Գյումրու կենտորնական թաղամասերում են։ Գյումրու համայնքապետարանը վերջին 32 տարում ոչ մի աշխատանք չի նախատեսել այդ նրբանցքները գոնե մասնակի վերանորոգելու ուղղությամբ։

Կ․Մանասյանը եւս համաձայնում  է առկա իրավիճակի հետ եւ ավելացնում․ «Հիմա աշխատում ենք քաղաքի կենտրոնական, թաղային փողոցների բարեկարգման աշխատանքներով։ Այս աշխատանքները կավարտենք, կանցնենք դրանց նրբանցքներին։ Մենք ընդհանրապես չենք իրականացնում նրբանցքների բարեկարգում։ Այդտեղ շահառուների թիվը քիչ է։ Շահառուներն ավելի շատ են կենտրոնական եւ թաղային փողոցներում, քան նրբացքներում»,-ասում է նա։

Գյումրու համայնքապետարանը վերջին տարիներին նույնքան անուշադրությամբ էր վերաբերվում նաեւ մայթերին․ հաճախ փողոցը վերանորոգում էին, իսկ մայթերն անտեսում՝ թողնելով քանդված։ Միայն վերջին 3 տարում լրատվամիջոցների, քաղաքացիների բարձրաձայնած այս հարցին հետեւելով՝ համայնքը սկսեց մայթերը եւս բարեկարգել։

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of