Գյումրիում թափառող շների կծելու դեպքերը շատ են, պայքարն` անարդյունավետ

Գյումրիում թափառող շների կծելու դեպքերը շատ են, պայքարն` անարդյունավետ

Թափառող շների խնդիրն արդեն շարունակում է մտահոգել ոչ միայն Գյումրիի բնակիչներին, այլ նաեւ քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Շներն իրական սպառնալիք են դառնում հատկապես գիշերվա ժամերին: Ոչ միայն տնակային թաղամասերը, նաեւ քաղաքի կենտրոնական փողոցներն են երկար տարիներ շներին կացարան ծառայում:
Ավտոկայանի տնակային ավանի բնակիչները խնդրով միակ ահազանգողները չեն, թափառող շների վտանգն ամենուր է, դրանց կծելու դեպքերը` շատ, բուժհաստատություններ դիմողների թիվն էլ շարունակ աճում է:
Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա միայն այս տարի շան կծելու դեպքերով 65 մարդ է դիմել: Բուժհաստատությանը պետպատվերով հատկացվող հակակատաղության պատվաստանյութն արդեն չի բավականացնում: Բավականին թանկ այս շիճուկը պետպատվերից կրկնակի ավելի քանակությամբ ձեռք է բերել պոլիկլինիկան:
Ուշագրավն այն է, որ կծելու դեպքերից հետո էլ շներին վնասազերծելու միջոցներ չեն ձեռնարկվում: Ավտոկայանի բնակիչները գրավոր դիմել են Գյումրիի քաղաքապետարան, պատասխան նամակը բնակիչներին ավելի է հիասթափեցրել:
Թափառող շներին արդեն 1 ու կես տարի է, համայնքային բյուջեի միջոցներով ստերճացնում են, դրանով կանխում շների բազմացումը, բայց ոչ վնասազերծում: Անասնաբուժական կլինիկայի աշխատակցի խոսքերով, 1 շան վրա քաղաքային բյուջեից ծախսվում է 25.000-29.000 դրամ, այս ընթացքում 1250 շուն է վիրահատվել:
Ավտոկայանի տնակային թաղամասի, նաեւ շներից բողոքող բոլոր բնակիչներին նույն պատասխանն է տրվել, որ շների ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու դեպքերը կանխելու կամ բացառելու համար քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկել չի կարող, քանի որ Հայաստանի քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանում է 100.000-300.000 դրամ տուգանք կամ մինչեւ 3 ամիս ազատազրկում: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն եւս նշում է, որ ստերճացումը պայքարի բավարար միջոց չէ, բայց առայժմ միակ տարբերակն է:
Շների համար ապաստարան ունենալը նախատեսում է խնամք, պահպանում, կերակրում, բուժսպասարկում, ինչը բավականին մեծ ծախսեր է պահանջում, իսկ այդ գումարը, ըստ Սոնա Առաքելյանի, տեղական բյուջեում չկա: Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ այդ խնդիրը անհատները ստանձնեն, բայց արձագանքող չկա: Իսկ ստերճացումը, ըստ կլինիկայի աշխատակցի, անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ապաստարան ունենալու դեպքում, այն շատ չծանրաբեռնվի թափառող շների գլխաքանակով: Ստերճացմամբ թեեւ եղած շների 75 տոկոսի բազմացումն արդեն կանխված է. բայց դրանց թիվն անընդհատ աճում է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of