Գյումրիում սպասվում է թեժ ընտրապայքար

Գյումրիում սպասվում է թեժ ընտրապայքար

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը: Այսպիսով, թիվ 31 ՏԸՀ-ում առաջադրվել է 10 քաղաքական ուժ` որից 3-ը դաշինք է, 7-ը կուսակցություն:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը: Կուսակցությունն առայժմ չի շտապում անելիքների մասին խոսել, առաջիկայում մտադիր է հանդես գալ մամլո ասուլիսով:

Իրենց ծրագրերի մասին բարձրաձայնելու և  առաջադրված թեկնածուների մասին մամլո ասուլիսի միջոցով են պատրաստվում խոսել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչները: Առայժմ հայտնի է, որ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում առաջադրել է 40 հոգանոց համամասնական ցուցակ, որի առաջին հորիզոնականում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է:

Թե ինչ կարգախոսով կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրություններին, դեռևս չեն շտապում բարձրաձայնել:

Իր թիմակիցների հետ,  17+5 բանաձևով է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու «Թասիբով» դաշինքը, որն առաջադրել է 22 հոգանոց համամասնական ընտրացուցակ:

Թե ինչու են դաշինքը Թասիբով անվանել , իր հետաքրքիր բացատրությունն ունի:

Դաշինքում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, նշում է ցուցակի առաջատար Կարապետ Պողոսյանը, նրանք հիմնականում երիտասարդներ են:

Ռակ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծված  «Հայրաքաղաք»  դաշինքի 28 հոգանոց համամասնական ցուցակում էլ գերակշռողը երիտասարդներ են:

Գյումրիում դեռևս չունեն, բայց առաջիկայում  գրասենյակներ հիմնելու  և թիմ ձևավորելու մտադրություն ունի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Զարթոնք»-ը Գյումրիում առաջադրել է ավագանու  անդամության 41 թեկնածու, իսկ ցուցակի առաջատարը Վարդևան Հակոբյանն է: Վերջինս այսօր Գյումրիից բացակայում էր:

Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում թեև վաղուց է ինչ գրասենյակ ունի, բայց  առայժմ չի շտապում ակտիվ գործունեություն ծավալել,  նշում են, որ  այս կուսակցությանը մարդիկ նոր չէ որ պիտի ճանաչեն:

Դեռ նախորդ ընտրությունների ընթացքում Գյումրիում հիմնված «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցանակը դեռ պահպանված է, բայց կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց: Նա գլխավորում է կուսակցության  22 հոգանոց համամասնական ցուցակը:

«Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքն այս ընտրություններին առաջադրվելով ավելի գլոբալ խնդիր է մտադիր լուծել, կարծում է, համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն առաջարկվում է սկսել հենց Գյումրիից:

«Ապրելու երկիր» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Կարեն Մալխասյանին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of