4 մլրդ դրամի ծրագիրը Գյումրիում չի ներառի պատմական շինությունների վերականգնում

4 մլրդ դրամի ծրագիրը Գյումրիում չի ներառի պատմական շինությունների վերականգնում

Տուրիզմի զարգացման հեռանկարով Գյումրիում կշարունակվի Կումայրի պատմական միջուկի ենթակառուցվածքների հիմնանորոգումը: Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարում նախատեսվում է ավելի քան 4 մլրդ դրամի աշխատանք կատարել հիմնականում Սլաբոդկա թաղամասում: Այս անգամ էլ նախապատվությունը կտրվի փողոցների շինարարությանը: Կապիտալ կնորոգվի 7 փողոց, նաեւ ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակը` շատրվաններով:
Գյումրիի պատմական միջավայրի վերականգնումն ընդգրկում է միայն ենթակառուցվածքները, առանց հիմնարար լուծում տալու քաղաքի ստորգետնյա դատարկությունների` քյարիզների վերակառուցման խնդրին: Դրանց քարտեզները չկան, մասնագետների ձեռքի տակ քյարիզների տեղակայման միայն մոտավոր պատկերն է, ինչը բավարար չէ եւ 30 տարի շարունակ սա լուրջ խնդիր է ստեղծում քաղաքի կառուցապատման գործում:
Շինաշխատանքների ժամանակ քյարիզ հայտնաբերելու դեպքում են այն միայն ներառում նախագծային ծրագրերում: Կապիտալ շինարարության այս մեծ ծրագիրը, ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, թաղամասի ամբողջական վերականգնման խնդիր չի լուծի, պատմական նշանակության շենքերի ամրացումը շարունակում է պետական ծրագրերից դուրս մնալ:
Մոտ 1 դարյա պատմություն ունեցող Չերազի 19 շենքը դիմակայել է Գյումրիի բոլոր երկրաշարժերին: Փաստաթղթերով վթարայնության 3-րդ աստիճան ունի, բայց բնակիչները վստահ ասում են, որ տարեցտարի շենքի ամրությունն ավելի է պակասում: Կառույցի պատմական նշանակությունը գնահատողներն առայժմ միայն զբոսաշրջիկներն են:
Կումայրի պատմական տարածքում 88-ի երկրաշարժից վթարային մոտ 20 բազմաբնակարան շենք կա, որոնց վթարայնության աստիճանը գնալով աճում է: 30 տարում դրանց ամրացման հերթ այդպես էլ չհասավ, հիմա էլ խնդրի լուծումը բնակիչների ուսերին է դրվել:
Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, բնակարանների սեփականատերերին պետական մակարդակով աջակցելու ծրագիր երբեւէ չի էլ քննարկվել, պատմական շինությունների վերականգնումն ամբողջությամբ մասնավորի խնդիրն է համարվում: Ու եթե սեփականատերը միջոցներ չունի կառուցապատելու, ապա քանդված շինությունը տարիներով մնում է որպես ավերակ: Քաղաքի կենտրոնում նման շենքերը քիչ չեն: Օրինակը Գյումրիում հայտնի ֆաբրիկանտի շենքն է: 19-րդ դարի պատմական կառույցը 30 տարի քանդվում ու ավերվում էր:
Նոր սեփականատերն է այժմ շինարարություն սկսել, շինությունը կամ հյուրատուն կդառնա, կամ սպասարկման օբյեկտ: Ոչ հեռվում էլ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության նախկին գրադարանի շենքն է, որտեղ հարդարման աշխատանքներից հետո հիմնվելու է քանդակագործ Ֆրիդ Սողոյանի թանգարան-ցուցասրահը: Ընդհանուր առմամբ, Սլաբոդկա թաղամասի կառուցապատման այս ծրագրից հետո վերակառուցված կլինի Կումայրի պատմական միջուկի ընդամենը 10 տոկոսը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of