Գյումրիում քաղաքապետի սերնդափոխություն է

Գյումրիում քաղաքապետի սերնդափոխություն է

Ընտրվեց նոր քաղաքապետ` նախկին քաղաքապետի հիմնած կուսակցությունից

Գյումրու նորընտիր ավագանին այսօր անցկացրեց առաջին նիստը: Հիշեցնենք, որ Գյումրու նորաստեղծ ավագանիում ներկայացված է 5 կուսակցություն, մանդատների հետևյալ քանակով` «Բալասանյան դաշինք» 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11, «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցություն 4, Հայաստանի Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները`  2-ական մանդատ: 33 ավագանու անդամներից ներկա էին 32-ը: Նիստը վարեց ավագանու ամենատարեց թեկնածուն` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Արուսյակ Հովհաննիսյանը: Օրակարգի թերևս ամենակարևոր հարցը Գյումրու քաղաքապետի ընտրությունն էր: Ըստ էության, 2 օր առաջ էր պարզ, թե ավագանու մեծամասնության քվեն ով կստանա: «Բալասանյան Դաշինք»-ի և «ՔՊ»-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ Գյումրու ավագանիում ձևավորվել կայուն մեծամասնություն, որի արդյունքում Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը, իսկ քաղաքապետի 2 տեղակալները` «Քաղաքացիական պայմանագրից»: Ըստ այդմ, այսօրվա նիստին «Բալասանյան դաշինքը» քաղաքապետի թեկնածու առաջադրեց Վարդգես Սամսոնյանին: Չխախտելով հուշագրի պայմանները, «ՔՊ»-ն թեկնածու չառաջադրեց, վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ իրենք կքվեարկեն Վարդգես Սամսոնյանի օգտին: Թեկնածուներ չառաջադրեցին նաև ավագանիում ներկայացված մյուս քաղաքական ուժերը: Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց իր պատկերացումները քաղաքի կառավարման և ապագայի վերաբերյալ:

Վարդգես Սամսոնյանը պատանի տարիքից որպես բանվոր է աշխատել Գյումրու գարեջրի գործարանում, հետո սկսած 2012 թվականից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Նրա խոսքերով, իր զբաղեցրած պաշտոնների բազմազանությունը իրեն հույս և վստահություն է տալիս, որ հոգսաշատ քաղաքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում կարողանա արդարացնել քաղաքացիների սպասելիքները:

Շուրջ 3000 տնակ, մոտ 70 կմ դեռևս չբարեկարգված փողոցներ, Գյումրիում առկա այս և այլ խնդիրները լուծելու համար, ըստ թեկնածուի, իրենք այլընտրանք չունեն, քան միասնական, թափանցիկ ու համերաշխ մթնոլորտում, բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացն էլ ավելի արագացնելը: Տեղի ունեցավ քվեարկությունը, 24 կողմ և 8 դեմ ձայներով Վարդգես Սամսոնյնանն ընտրվեց քաղաքապետ:

Նրան կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» ու  «ՔՊ»-ն, իսկ ավագանիում փոքրամասնություն կազմող մյուս 3 ուժերի ներկայացուցիչները` դեմ: Օրակարգի հաջորդ հարցը ավագանու հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունն էր: Այս հարցը  «ՔՊ»-ի ներկայացուցիչը առաջարկեց հետաձգել: Ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց հետաձգմանը, ինչը դուր չեկավ «Զարթոնք» ԱԶգային Քրիստոնեական կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին:

Նորընտիր քաղաքապետի խոսքերով, ինքը նորմալ է վերաբերվում ընդդիմադիր անդամների իրեն դեմ քվեարկելուն և նշեց, թե հուսով է, որ հետագայում իրենց աշխատանքի շնորհիվ ընդդիմադիրները կփոխեն իրենց տրամադրվածությունը քաղաքային իշխանության հանդեպ:

Իրեն քվե տված ընտրողների շրջանում որոշակի հիասթափություն կա «ՔՊ»-ի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո, արդյոք սա քաղաքապետին չի մտահոգում,- այս հարցին ի պատասխան Վարդգես Սամսոնյանը նշեց, որ այս քայլը քաղաքի շահերից բխող էր:

Նրա 2 տեղակալները, ըստ հուշագրի, կլինեն «ՔՊ»-ից, իսկ բաժնի պետերի ընտրությունն ինչպես տեղի կունենա, դեռ քննարկվում է: Ըստ Վարդգես Սամսոնյանի, առաջին շնորհավորանքը նա ստացել է Սամվել Բալասանյանից, նրան նախկին քաղաքապետը ցանկացել է, որ հաջողությամբ շարունակի իր կիսատ թողածը, որ կարողանա Գյումրին դարձնել  իր երազած քաղաքը: Նորընտիր քաղաքապետը լրագրողներին էլ խորհուրդ տվեց իր հետ միասին թև-թիկունքի տված աշխատել ու լինել օբյեկտիվ: 3 օրից Վարդգես Սամսոնյանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը: Այսօր նա եկեղեցում մոմ կվառի, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդման արարողությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of