«Ի վերջո, մենք էլ մեռյալ քաղաքի բնակիչներ չենք»

«Ի վերջո, մենք էլ մեռյալ քաղաքի բնակիչներ չենք»

 IMG_7064 Հեղինակ` Սամվել Հունանյան asparez.am

 Երթուղային տրանսպորտի վիճակը Գյումրիում

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացման՝ հանուն ուղեւորների պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը ներկայացրեցին «Գյումրու առաջընթաց» ՀԿ նախագահ Հասմիկ Մխիթարյանն ու փորձագետ Ղարիբ Հարությունյանը: Ըստ այդ դիտարկումների, Գյումրու որոշ երթուղիներում դրանք սպասարկող մեքենաների բազմաթիվ ուշացումներ են նկատվել:

Խախտումներ են եղել նաեւ երթուղային մեքենաների աշխատաժամերի պարբերականության հստակության հետ կապված, մանավանդ՝ երեկոյան ժամերին: Մեկ այլ կարեւոր հանգամանք. տրանսպորտային միջոցներից մի քանիսը անպատշաճ արտաքին տեսք ունեն, իսկ վարորդների վերաբերմունքն ուղեւորների նկատմամբ, պարզապես, պահվածքի հանդուրժելիության չի ձգում՝ ծխում են ղեկի առջեւ, իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն պարտադրում լսել ուղեւորներին: Ու սա դեռ ամենը չէ: «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն հույս ունի, որ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով, կկարողանա որոշակի փոփոխությունների հասնել այս ոլորտում: Փոփոխություններ, որոնք թույլ կտան ուղեւորներին պատշաճ ծառայություն ստանալ ներքաղաքային տրանսպորտից:

Բանախոսների ելույթներից հետո, կարծիք հնչեց, թե երթուղայինների վարորդները գուցե նաեւ վարորդական համապատասխան վկայականով չեն սպասարկում երթուղին: Մյուսի մոտ հարց ծագեց. «Ի՞նչ է նշանակում, թե վարորդը կարող է առանց վարորդական իրավունքի երթեւեկել: Իհարկե, եթե այդ կասկածն հիմնավոր է, ուրեմն ես էլ տնից դուրս գալիս, պետք է մնաս բարո՞վ անեմ մերոնց: Սա լուրջ խնդիր է եւ պետք է պատկան մարմինները դրանով զբաղվեն»: Ներկաներից մեկն էլ կասկած հայտնեց, թե՝ «Ուղեւորափոխադրման ժամանակ պետք է թվաքանակ պահպանվի՝ 15-ից ավել չվերցվի: Այս դեպքում, անգամ, կարելի է հանդուրժել երթեւեկի սակագնի  ավելացված չափը»:

Նրան հակադարձեցին. «Ներկա սոցիալական պայմաններում՝ ի՞նչ սակագնային բարձրացման մասին կարելի է խոսել, մարդիկ ապրուստի միջոց չունեն»: Պատճառաբանությունն այսպես էր. «Վարորդն իր երթուղին, այսպես, թե այնպես, պետք է կատարի, լավ չի՞, որ գերբեռնված չընթանա»: Ըստ մեկ այլ կարծիքի. «Ժամաչափ պետք է սահմանվի, գոնե ժամը 23-ից հետո մարդը հնարավորություն պետք է ունենա հասնել տուն, այնինչ տեսնում ենք, որ ժամը 19-ից հետո, նա երթուղային տրանսպորտով տուն չհասնելու ռիսկի առջեւ է հայտնվում: Իսկ դա այսօր շատ կարեւոր խնդիր է: Ի վերջո, մենք հո մեռյալ քաղաքի բնակիչներ չե՞նք: Մենք էլ ենք տեղ գնում ու մեծ ցանկություն ունենք տուն հասնելու: Կամ գործից ենք գալիս՝ տուն հասնել է պետք, չէ՞: Դրանք կարեւոր խնդիրներ են, որոնք, պարզապես, անտեսել չի կարելի»:

«Երկաթուղային տրանսպորտն է աշխատում, չի՞ կարելի երթուղայինների աշխատանքային ընթացքն այդ ժամացուցակի հետ համապատասխանեցնել: Ստացվում է` մարդը գալիս է քաղաք ու տուն հասնելու հնարավորություն չունի»: Քննարկման մասնակիցները մատնանշեցին նաեւ երթուղային տաքսիների, այսպես ասած՝ դուռը բացող-փակողների դերում հանդես եկող երեխաների շահագործումը, ինչը, իրավամբ, անչափահասների իրավունքների ոտնահարում գնահատվեց. «Ի՞նչ անենք, որ երեխաներին ամառային արձակուրդներ են տրված: Սա երեխայի շահագործում է: Երեւույթը, կարծում եմ, դատապարտելի է, ու այն պետք է կանխվի»:

Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ էլ նշեց. «Վարորդը պլանային վճարում է կատարում, ասենք՝ 25 հազար դրամ, երթուղու տիրոջը սա հնարավորություն չի՞ տալիս, որպեսզի ինքը 6 ամիսը մեկ մի նոր մեքենա մտցնի երթուղի՝ մեքենայի սարքին վիճակն ապահովելու համար: Այսօրվա շահագործվող մեքենաները 7-10 տարվա վաղեմություն ունեն՝ առանց ընթացիկ վերանորոգումների: Նախ՝ պետք է երթուղու շահույթի գնահատում անցկացնել»:

Մյուս կողմից, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնեական հստակ  նկարագիր չկա, որպեսզի իմանաս, թե նրանից ի՞նչ է պահանջվում, նշեցին քննարկման մասնակիցները, պետք է գիտենալ նրանց պատասխանատվության չափը, որպեսզի պահանջելու իրավասություն ունենաս: Ամեն մի պաշտոնյա պետք է ունենա իր պատասխանատվության սահմանը, այլապես պետը, ցանկության դեպքում, կարող է ասել, թե դա իր լիազորությունների սահմաններում չէ:

Սամվել Հունանյան asparez.am

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of