Գյումրիում ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը եկամտաբեր չէ՞

Գյումրիում ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը եկամտաբեր չէ՞

transport-2

Կամ ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանի մրցույթով հետաքրքրվողներ չեն լինում

Թեպետ 15 օրից ավել է, որ Գյումրու քաղաքապետարանն հայտարարել է  ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթի մասին, այնուհանդերձ մրցույթին մասնակցելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանն հաստատեց, որ նշված մրցույթին մասնակցելու որեւէ փաստաթուղթ եւ հայտ չեն ստացել: Պաշտոնյայի փոխանցմամբ` մրցույթի հայտարարությունն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ «Շրջապատ» շաբաթաթերթում: Այս մրցույթի հայտարարությունն հրապարակված է նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում:

Մրցույթն հայտարարված է թիվ 9, 10 ավտոբուսային եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսային երթուղիների համար, այն անցկացվելու է հուլիսի 14-ին:  Հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքապետարանում ընդունվում են մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ. մրցույթն անցկացվելու է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:

Անհրաժեշտ փաստաթղթերից են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, ավտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրեր), ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ, ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր եւ այլն:

Վերջին մեկ տարվա ընթացքում այս երթուղիների մրցույթի մասին հայտարարություն արվում է արդեն 2-րդ անգամ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` մրցույթով նախորդ անգամ եւս հետաքրքրվողներ չեն եղել. մրցույթն հայտարարվել է չկայացած, իսկ նշված որոշ երթուղիները ժամանակավորապես շահագործելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել այլ կազմակերպության հետ:

Անի Մկրտչյան asparez.am

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of