Գյումրու ավագանու անդամներն ու նիստերը. 2016-2017. ամփոփում

Գյումրու ավագանու անդամներն ու նիստերը. 2016-2017. ամփոփում

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների քննարկումը

Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցրվեց ու տրվեց «Բալասանյան» դաշինքին: Այսպիսով, «Բալասանյան» դաշինքին շնորհվեց 17 մանդատ: Գյումրու քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը, իսկ ավագանու անդամները ձեւավորվեցին ԳԱԼԱ (4 անդամ), «Բարգավաճ Հայաստան» (8 անդամ) , «Հայկական վերածնունդ» (4 անդամ) կուսակցություններից եւ «Բալասանյան» դաշինքից (17 անդամ):

Այս ընթացքում հրավիրվել է Գյումրու ավագանու 7 նիստ. 4-ը՝ այս տարում, մյուսները՝ 2016 թվականի վերջին, օրակարգ է ընդգրկվել հանրային նշանակության 147 հարց:

7 նիստից 6-ին մասնակցել են միայն «Բալասանյան» դաշինքի 17 անդամները` այդ թվում քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Բալասանյան դաշինք»-ով ընտրված ավագանու անդամները

Ցուցակի առաջին համարում համայնքի ղեկավարն է` Սամվել Բալասանյանը` անկուսակցական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից (ՏԻՄ մասին ՀՀ նոր օերնքի համաձայն` Ս.Բալասանյանը ոչ միայն համայնքի ղեկավարն է, այլեւ` ավագանու անդամ, հետեւաբար, նա իրավունք ունի մասնացել քվեարկությանը):

2-րդ համարում Արտակ Ադամյանն է, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի փոխտնօրենը, անկուսակցական, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, նա վերընտրվել է:

3-րդ համարում Հրայր Կարապետյանն է, Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, նույն կուսակցության անդամ է:

4-րդ տեղում Լոլյա Խաչատրյանն է, «ՀԷՑ» ՓԲԸ -արհմկոմի նախագահն է, ՀՀԿ-ական է, նույն կուսակցության կողմից է առաջադրվել:

Ցուցակի 5-րդ տեղում Էդգար Մկրտչյանն է, «Գոռավետ» ՍՊԸ-ի տնօրենն է, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության` ՀՔԴՄ անդամ է, առաջադրվել է նույն կուսակցության կողմից, նա եւս վերընտրվել է:

6-րդ համարում Տիգրան Հովհաննիսյանն է, վերընտրվել է, «Ռ.Տ.Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, ՀՔԴՄ-ական է, առաջադրվել է նույն կուսակցության կողմից:

7-րդ տեղում Մխիթար Սահակյանն է, նա եւս վերընտրվել է, չի աշխատում, ՀՀԿ-ական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

8-րդ տեղում  Լուսինե Սանոյանն է, «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ արտաքին կապերի վարչության պետն է, անկուսակցական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

9-րդ տեղում Վարդան Եդիգարյանն է, չի աշխատում, անկուսակցական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

10-րդ տեղում Արամայիս Գրիգորյանն է, «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի հնեցման արտադրամասի բաժնի պետն է, ՀՀԿ-ական է, նույն կուսակցության կողմից է առաջադրվել: 11-րդ տեղում Վահան Հունանյանն է, չի աշխատում, ՀՀԿ-ական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

12-րդ տեղում Գայանե Սարգսյանն է, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի կազմակերպիչը, անկուսակցական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

13-րդ տեղում Կարեն Միքայելյանն է, «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարկային մասնագետն է, ՀՀԿ-ական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

14-րդ տեղում Տիգրան Փանոսյանն է, նա վերընտրվել է, չի աշխատում, ՀՀԿ-ական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

15-րդ համարում Գրիգոր Գրիգորյանն է, «Անդրանիկ» Ա/Կ տնօրենն է, անկուսակցական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

6-րդ համարում Կարինե Թաթարյանն է, «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի քիմ.հականեխողն է, ՀՔԴՄ-ական է, առաջադրել է նույն կուսակցության կողմից:

17-րդ` վերջին տեղում է Արմեն Տոնոյանը, «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ փոխտնօրենն է, ՀՀԿ-ական է, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

Այսպիսով, «Բալասանյան» դաշինքով ընտրված ավագանու անդամներից 6-ը անկուսակցական են, 8-ը` ՀՀԿ-ական, 3-ը` կին, 4-ը` գործազուրկ, 8-ը` գործարար:

Այս ՏԻՄ ընտրություններին չհաջողվեց վերընտրվել ավագանու անդամներ Գագիկ Ադամյանին, Մերուժան Գաբոյանին, Հրայր Խաչատրյանին, Արամայիս Բաղրամյանին, Ռաֆիկ Մխիթարյանին, Գագիկ Թաթարյանին:

ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բոյկոտեցին ու դիմեցին դատարան

P1510581

P1510556

P1510584ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հակաօրինական համարեցին Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ապօրինի ճանաչեցին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` մանդատների բաշխման որոշումը դիմեցին դատական ատյաններ եւ որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց` նշելով, որ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը եւ մանդատների բաշխումը հակաօրինական չէ: Այնուհետ սկսվեցին ներկուսակցական քննարկումները. ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ընդհանուր եզրակացության եկան, որ առանձին-առանձին են որոշելու` ավագանու նիստերին մասնակցեն, թե ոչ:

Միաձայն քվեարկում եւ պասիվ իրավիճակ

Իսկ մինչ դատական ատյաններում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկումն ու ներկուսակցական քննարկումները, Գյումրիում կայացավ 6 ավագանու նիստ, որին բացառապես մասնակցում էին «Բալասանյան» դաշինքի 17 անդամները, նրանք 107 հարցին էլ միաձայն էին արտահայտվում: Այս ընթացքում որեւէ հարց չէր քննարկվում, ավագանու անդամները դեմ եւ ձեռնպահ չէին արտահայտվում: Ավագանու այսպիսի պասիվ իրավիճակը տեւեց 7 ամիս, շարունակվեց մինչեւ 2017 թվականի հունիսի 5-ը, երբ կայացավ գարնանային շրջանի վերջին նիստը:

ՀՎԿի անակնկալ մասնակցությունը

«Հայկական վերածնունդ» կուսակցության 4 անդամները որոշեցին մասնակցել հունիսի 5-ի ավագանու նիստին: ՀՎԿ-ից ավագանու անդամ ընտրվել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն հրաժարվել էր մանդատից: Այդ պատճառով, սահմանված կարգի համաձայն, կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարը ճանաչվեց ավագանու անդամ:

ՀՎ կուսակցությունից ավագանու վերջին նիստին ներկա էին տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի բաժնի պետ Սաշա Մարտիրոսյանը,  ԵԿՏԱ-ի՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը, «Գազպրոմ -Արմենիա» ՓԲԸ-ի իրացման բաժնի ճարտարագետ-չափագետ Ավետիս Առաքելյանը, ով Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան է, Շիրակի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի փականագործ Հենրիկ Պողոսյանը:

Ավետիս Առաքելյանը հարցերի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց, գործընկերների խոսքով՝ նիստը կիսատ թողնելու պատճառը ծննդատուն շտապելն է եղել:

Հունիսի 5-ի ավագանու նիստին ավագանին հաստատեց 24 հարց, որից մոտ մեկ տասնյակին «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները ձեռնպահ արտահայտվեցին: Գյումրու քաղաքապետարանը վերջիններիս չէր իրազեկել որոշման նախագծերի մասին, այդ պատճառով անտեղյակ էին նիստի օրակարգային որոշ հարցերի բովանդակությունից:

Բալասանյանը նիստերը բոյկոտող ավագանու անդամներին ժամանակ տվեց

Հունիսի 5-ին նիստերը բոյկոտող ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին  հայտարարություն արվեց: Քաղաքապետն հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից ներկայացվել է ավագանու նիստերից անհարգելի բացակայած 16 ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

«Սա լիովին համապատասխանում է ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետին, 70-րդ հոդվածի 2-րդ մասին եւ Գյումրու ավագանու համայնքի կանոնակարգի 36-րդ կետի դրույթերին: Սակայն ես որոշեցի այս նիստին հարցին ընթացք չտալ, նախագիծը չմտցնել ավագանու նիստի օրակարգ եւ ժամանակ տալ նիստերից բացակա ավագանու անդամներին Գյումրու համայնքի ղեկավարին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր իրենց բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ, այսինքն՝ հարցը տեղափոխում ենք հաջորդ նիստ, սեպտեմբերին, եթե իհարկե, չունենանք արտահերթ նիստեր»,-վերջին նիստի ժամանակ հայտարարեց Ս.Բալասանյանը:

P1350337Բարգավաճ Հայաստան կուսակցության ավագանու անդամ Վարդեւան Գրիգորյանը հրաժարվեց ավագանու անդամի իր մանդատից եւ ընտրեց ԱԺ պատգամավորի աթոռը:

Մեր հավաստի տեղեկություններով` սեպտեմբերին ավագանու նիստերին կմասնակցեն նաեւ ԳԱԼԱ, ԲՀԿ կուսակցությունների ավագանու անդամները, որոնց մասնակցության դեպքում ենթադրվում են հետաքրքիր եւ բուռն քննարկումներով ընթացող նիստեր:

Իսկ մինչ այժմ ավագանու նիստերին մասնակցած ավագանու անդամները դեռեւս հանդես չեն եկել հանրային նշանակության ամենահետաքրիքր նախաձեռնություններով, աչքի չեն ընկել ակտիվ գործունեությամբ:

Մի կարեւոր հանգամանք եւս. Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի նորաբաց դահլիճում են կայանում ավագանու նիստերը, այս դահլիճի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 85 մլն ՀՀ դրամ. ներառյալ` վերանորոգման, հարդարման ծախսեր, գույք՝ որմնանկաների վերականգնման գումար:

Անի Մկրտչյան

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of