Քաղաքական առճակատումներ՝ տարբեր դաշտերում

Քաղաքական առճակատումներ՝ տարբեր դաշտերում

Հեղափոխությունից մեկ տարի անց հայաստանյան ներքաղաքական կյանքը նոր նրբերանգներ է ստանում, որոնք դրսեւորվում են մի քանի ուղղություններով ու տարբեր դաշտերում՝ խորհրդարանի ներսում, արտախորհրդարանական ճամբարում, ներիշխանական ասպարեզում։

Նախկին իշխանության սեգմենտներն ակտիվ աշխատում են իշխանության հանդեպ դժոհություններ ու անվստահություն առաջացնելու համար։ Այդ նպատակին հասնելու համար ստեղծել են տարբեր հարթակներ եւ օտագործում են ամեն մի առիթ, դիմում քարոզչական տարատեսակ հնարքների, ասպարեզ նետում արհեստական թեմաներ ու օրակարգեր, տարածում մեծ չափի հասնող ապատեղեկատվություն՝ հաճախ նենգափոխելով իրականությունը։

Պարզ է, որ այս ամենի համար պահանջվում է ֆինանսական ու քարոզչական մեծ միջոցներ եւ հնարավորություններ, որոնց պակասը իշխանությունից հեռացած համակարգի ներկայացուցիչներն ու նրանց սպասարկողները չունեն։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում գործող լրատվամիջոցների գերակշիռ մասն այսօր գտնվում է նախկին իշխանության ուժերի ազդեցության գոտում, դրանցից շատերը վերածվել են պարզագույն քարոզչամիջոցի եւ աշխատում են իշխանության դեմ։ Տվյալ պարագայում խոսքը սովորական քննադատության ու իշխանության գործունեությունը օբյեկտիվ հայացքով լուսաբանելու մասին չէ, ինչը խիստ բնական կլիներ։ Շատ դեպքերում խոսքը ցեխ շպրտելու, իշխանությանը չեղած բաներ վերագրելու, միտումնավոր կեղծ տեղեկատվություն տարածելու մասին է, որի նպատակը կառավարությանը մրոտելն ու հանրության ներսում սոցիալական դժգոհություն առաջացնելն է։

Որպես քաղաքական շրջանակ՝ այս սեգմենտների մեջ են մտնում Մարտի 1-ի գործով կալանավորված եւ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական միջավայրը, այս երկուսին սպասարկող մի խումբ քաղաքական գործիչներ ու հաճախորդներ, վերլուծաբաններ ու հանկարծակի քաղաքացիական ակտիվիստի դերի մեջ մտած անհատներ։

Քաղաքական ուժերից այս սեգմենտին է հարում Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի հայաստանյան կամակերպությունը վերջերս անցկացրեց  իր Գերագույն Ժողովը եւ հանդես եկավ հայտարարությամբ: Դրա մեջ նշված է, որ «Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական լիակատար պետության կայացման»:

Անմիջապես մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե առաջիկայում ՀՅԴ-ն նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության եւ իշխանափոխության գործընթաց։ Նկատի է առնվում փողոցային պայքարի միջոցով արտահերթ գործընթացները։ Այս տեղեկատվությունից հետո ՀՅԴ ներկայացուցիչները հերքեցին այս պահին հակաիշխանական բեւեռ ձեւավորելու մասին խոսակցությունները՝ հասկացնելով, թե խոսքը հերթական ընտրությունների ճանապարհով իշխանության գալու մասին է։ Սակայն այդ ճշգրտումը բնավ չի նշանակում, որ արտահերթ գործընթացների մասին ծրագրեր չկան։

Վերը նշված իրողությունները տեղի են ունենում այն լուրերի ֆոնին, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քաղաքական ակումբ է ստեղծել, որի քննարկումներին մասնակցում են նախկին երկու իշխանություններին համակրող քաղաքական գործիչներ, որոնք պարբերաբար հանդիպում են եւ քննարկում հնարավոր հակաիշխանական բեւեռ ձեւավորելու հարցը։ Շատ հետաքրքիր է այդ հավաքների մասնակիցների՝ լուրերում շրջանավող շրջանակը՝ Վիգեն Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Արփինե Հովհաննիսյան, Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, Վիկտոր Սողոմոնյան, Ռուբեն Հակոբյան, Աղվան Վարդանյան, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ ու դաշնակցականներ։tsarukyan

Որոշակի գործընթացներ են գնում նաեւ խորհրդարանական դաշտում, որը առնչվում նախկին իշխող համակարգի մաս կազմած ԲՀԿ-ին ու այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հարց է բարձրացրել, թե Գագիկ Ծառուկյանը իր պատգամավորական դիրքն ու գլխավորած խմբակցությունն օգտագործում է սեփական բիզնես շահերի համար, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը պատգամավորին արգելում է զբաղվել գործարարությամբ։ Ըստ այդմ՝ ՔՈ-ն դիմել էր Ագային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝  քննարկելու, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի պարագայում շահերի բախում չկա, եւ եթե կա նման բախում, ապա պետք է նրան զրկել պատգամավորական մանդատից:րատ Միրզոյանի արձագանքը չուշացավ. նա Գագիկ Ծառուկյանին  գրություն է ուղղել՝ առաջարկելով համոզիչ պարզաբանումներ տալ հասարակությանը, որ չի զբաղվում ձեռնարկատիրությամբ եւ դրանով չի խախտում խորհրդարանական մանդատը բիզնեսի հետ չխառնելու դրույթը, որը սահմանադրական պահանջ է: Այս առումով հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկատիրությունն ու պատգամավորությունը համատեղելու հիմքով քրգործ հարուցելու ՔՈ կուսակցության դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն էլ հայտարարում են, թե իրենց առաջնորդին  պատգամավորական մանդատից զրկելու դեպքում իրենք կհրաժարվեն մանդատներից։ Քաղաքական որոշ շրջանակներում այս տարբերակը դիտարկվում է քաղաքական ու սահմանադրական ճգնաժամի տիրույթում, այսինքն՝ էլի արտահերթ գործընթացների։

Իհարկե, այդ տարբերակն ընդամենն այդ շրջանակների ցանկությունն է, իսկ իրականության մեջ հանրապետությունում այս պահին արտահերթ գործընթացների օբյեկտիվ հիմքեր ու նախադրյալներ չկան, ինչքան էլ իշխանության վարկանիշը անկում ապրած լինի, հանրության դժգոհություններն էլ՝ մեծացած։

Davit SanasaryanԴժվար է քաղաքական ճգնաժամ ենթադրել անգամ իշխանության ներսում առաջացած որոշակի դիմակայության պարագայում։  Խոսքը վերջին շրջանում  հանրային լայն արձագանք ստացած՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (վերջինիս պաշտոնական լիազորությունները ներկայում դադարեցված են) շուրջ կատարվող գործընթացների մասին է, որին քրեական մեղադրանք է առաջադրվել հեմոդիալիզի հայտնի գործի շրջանակում՝ հովանավորչության ու պաշտոնական պարտականություններ չկատարելու համար։ Նա գործն համարում է շինծու, իր համախոհ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեղադրում են ԱԱԾ-ին քրեական գործեր կարելու մեջ, ԱԱԾ-ն էլ հայտարարում է, որ մեղադրանքում կա հիմնավորված ապացուցողական բազա։

Որոշ շրջանակներ այս գործը գնահատում են որպես հեղափոխական շարժման պառակտում, իսկ տեղի ունեցողը  դիտարկում, պայմանական ասած, հեղափոխության ժամանակ քայլածների ու քաղաքացիական ակտիվիստների աճակատման հարթության մեջ։ Նման գնահատականների իսկությունը կամ արհեստականությունը առավել շոշափելի կլինի քրեկան գործի քննության հետագա ընթացքում։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of