«Օդից» հարստացածների ապօրինի գույքը բռնագանձվելու է. կարծիքներ` պատգամավորներից

«Օդից» հարստացածների ապօրինի գույքը բռնագանձվելու է. կարծիքներ` պատգամավորներից

Աղմկոտ նախագիծը կհասնի ԱԺ

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Քվեարկող մասնակիցներից դեռեւս 52-ը, կամ 91 տոկոսը կողմ է արտահայտվել նախագծին, իսկ 5-ը, կամ 9 տոկոսը՝ դեմ։ Քվեարկության վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Նախագծերի բովանդակությունից, ըստ որոշ տեղեկությունների, մտահոգվել են հատկապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու վերջիններիս մերձավորները, որոնք տարիներ այլ ճանապարհներով գույքի տեր են դարձել, հարստացել, միլիոններ դիզել ու նպաստել հայաստանյան աղքատության ծավալների ընդգրկմանը:

Նախատեսված իրավական մեխանիզմը, ըստ նախագծի, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։

Համաձայն նախագծի` շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի եւ հավաքված ապացույցների հիման վրա իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն։

Եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքը ուսումնասիրության տվյալներով գերազանցում է 50 մլնՀՀ դրամը, իրավասու մարմինը կազմում է եզրակացություն, որը ներառում է՝

1)         տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, արժեքի եւ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ,

2)         սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքի համադրումը այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ,

3)         գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ,

4)         ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը,

5)         ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու մասին որոշում։

Այն դեպքում, երբ հավաքված նյութերով հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը կայացնում է ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշում։

Առանց մեղադրական դատավճռի բռնագանձման դրական կողմը

Ըստ նախագծի` առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է բազմաթիվ երկրների կողմից, իսկ դրա օգտագործումը քաջալերվում է միջազգային կազմակերպությունների կողմից։

Այն եվրոպական երկրները, որոնք որդեգրել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, մասնավորապես Միացյալ Թագավորությունը եւ  Իտալիան, ունեն բռնագանձման ավելի լավ ցուցանիշներ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը շարունակում է մնալ ակտիվների սառեցման եւ բռնագանձման արդյունավետ մեխանիզմ։ 2010 թվականի հունվարից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ՏՀԶԿ կողմից ուսումնասիրված երկրներում ընդհանուր առմամբ 146.2 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձված ակտիվներից 60 միլիոնը բռնագանձվել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմների օգտագործմամբ։

ՀՀ-ում ակտիվների վերականգնման առումով գործող հիմնական կարգավորումը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի բռնագանձման մեխանիզմն է, որն ըստ էության թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը։ Միեւնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներն իրենց էությամբ ուղղված չեն հանցավոր ակտիվների շրջանառությունը կանխելուն, իսկ 103.1 հոդվածը միայն լրացնում է քրեական օրենսդրությամբ հետապնդվող հիմնական նպատակները։ Այդ պատճառով քննարկվող ոլորտում առաջացել է անհրաժեշտություն որդեգրելու ավելի արդյունավետ ինստիտուտ, որի հիմնական նպատակն է վերականգնել ապօրինի ծագում ունեցող ակտիվները եւ որի մեխանիզմները հարմարեցված են հենց այդ նպատակին հասնելու համար։

Ինչպես մեջբերվում է նախագծի հիմնավորմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր հրապարակմամբ նշում է, որ Հայաստանում չեն ուսումնասիրվում եւ առկա չեն պետական մարմիններին հասանելի տվյալներ Հայաստանից արտահանված ակտիվների մոտավոր գումարի չափի, ինչպես նաեւ արտասահմանում գույք ունեցող պաշտոնյաների մասին, իսկ «արտասահմանում գույք եւ գումար ունեցող պաշտոնատար անձանց անունները, որպես կանոն, ի հայտ են գալիս տեղեկատվական սկանդալային արտահոսքերի արդյունքում»:

Շիրակի մարզի որոշ պատգամավորների անդրադարձը

ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը կողմ է նախագծի ընդունմանը, առարկություններ չունի: Իսկ արդյո՞ք այն ուշացած չէ. «Լավ է ուշ, քան երբեք»,-պատասխանում է պատգամավորը:

Ինչպես նշվեց, օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։ Գումարի այս չափը բավական վիճելի է համարվում: Որոշ մասնագետներ կարծում են, որ սահմանված գումարի չափը պետք է նվազեցվի: Այս կարծիքը չի ընդունում, սակայն, Սարիկ Մինասյանն ու տալիս է իր հիմնավորումը: «Երեւի դրանից պակաս լինելու դեպքում արդեն կնմանվի, այսպես ասած, կուլակաթափության»,-ավելացնում է նա:

Առանց դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման տարբերակին կողմ է Սարիկ Մինասյանը: Այս առումով տարբերվում է պատգամավոր Կարեն Սարուխանյանի կարծիքը. «Եթե գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, դա, բնականաբար, իրենից քրեական տարրեր է պարունակում եւ այդ մասով պետք է լինի ուսումնասիրություն»,-ասում է նա:

Սահմանված արժեքի` 50 մլն դրամից ավելի չափի նկատմամբ առարկություն չունի պատգամավոր Կարեն Սարուխանյանը, իսկ այս նախագծի քննարկումը պատգամավորի համար ժամանակին է:

«Նախագծի կարեւորությունն օր առաջ էր պետք»,-ասում է պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ու ավելացնում` կան շատ բացեր, մասնագետները քննարկում են, կա նաեւ հասարակական մեծ արձագանք:

Ինչո՞ւ էր պետք օր առաջ քննարկել եւ ընդունել այս նախագիծը: Հարցին պատգամավորը պատասխանում է. «Մենք այն երկրներից ենք, որտեղ ապօրինի գույքի տնօրինումը եղել է մասսայական, ձեռքբերումը եղել է մասսայական, անգամ արգելոցային տարածքների ձեռքբերումն է եղել թույլատրելի»:

Ս.Հովսեփյանը կարծում է, որ նախագծերի ընդունմամբ կկասեցվի ապօրինի գույքի ձեռքբերման մասսայական երեւույթը: Միաժամանակ ընդգծում է` զարտուղի ճանապարհով ապօրինի գույքի ձեռբերման պատիժը պետք է քրեականացվի: Սահմանված արժեքի չափը, ըստ պատգամավորի, պետք է հաշվարկվի, ինչպես օրինակ հիփոթեքային վարկ վերցնելիս, երբ հաշվի են առնվեն անձի եկամուտները, ընտանեկան զամբյուղը, ծախսերը, այնպես որ իրատեսական լինի, որ տվյալ անձն իր եկամուտներով եւ օրինական ճանապարով կարող էր ձեռք բերել 50 միլիոն ՀՀ դրամից ավել գույք:

«Եթե պատգամավորն ամսական ստանում է 470 հազար աշխատավարձ, եւ այսօր նա ունի հյուրանոցային առանձնատուն այն դեպքում, երբ հայտարարագրած է եղել 0 կամ  մեկ միլիոն դրամ, նա ինչպե՞ս կարող էր դրանից երկու տարի հետո ունենալ հյուրանոց: Սա նշանակում է, որ գոյություն ունի զարտուղի ճանապարհ: …Ես կարծում եմ, որ 50 միլիոնը բավական բարձր շեմ է, եւ 50 միլիոնն էլ սովորական աշխատողի համար հասանելի, հավանական վիճակ չէ»,-ասում է պատգամավորը:

Հասարակական արձագանք

Նախագծի վերաբերյալ տարբեր առաջարկություններ են արել քաղաքացիները, օրինակ. քաղաքացի Ռուբեն Ժամագործյանը գրել է. «Կարծում եմ, որ ենթակա է վերանայման օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, հետեւյալ պատճառաբանությամբ․ Նշված հոդվածի 7-րդ մասում խնդրահարույց է հետեւյալ դրույթը՝ «7. Դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե դիմումը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը պարունակում են տվյալներ, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք եւ ․․․:»: Առաջին հերթին, ՀՀ քաղ, դատ․ օրը նախատեսում է հայցի ապահովման միջոցի կիրառման համար որպես հիմք՝ հետագայում դատական ակտի կատարման անհնարինության հետ՝ գույքի վատթաբացի դրացում եւ այլն: Նշված դրույթով դատարանը, բացի դատական ակտի հետագա կատարումից, անդրադառնում է նաեւ գույքի ապօրինի ձեռք բերված լինելու վերաբերյալ իրավասու մարմնի դիմումում առկա հիմնավորումները եւ բավարարելու դեպքում, ստացվում է, որ որոշմամբ հաստատվում է նշվածի հիմնավորված լինելը, իսկ մերժվելու դեպքում՝ (վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով դատական ակտի օրինական ուժի մեջ մնալու պարագայում) իրավասու մարմնի մոտ կրկին մնում է հայեցողական իրավասություն ամփոփագրի հիման դիմել դատարան, թե ոչ, այն դեպքում, երբ դատարանը բավարար չէր համարել հավաքագրված նյութերը: Առաջարկում եմ՝ 1. եթե դատարանը մերժեց միջնորդությունը, ապա պետք է նախատեսել դրույթ առ այն, որ, եթե դիմումը մերժելուց հետո ավել ապացույցներ ձեռք բերված չլինեն, ապա նման դեպքում Իրավասու մարմինը ոչ թե իր հայեցողությամբ, այլ որպես պարտականություն՝ գույքի բռնագանձման վարույթը պետք է դադարեցնի: 2.կամ փորձել հանել հիմնավորվածության մասը, քանի որ հայցի ապահովման ինստիտուտը որպես այդպիսին ենթադրում է իրավունքների հետագա պաշտպանության երաշխիք եւ դրա համար գործի փաստերը կարեւոր են զուտ այնքանով, որքանով դատարանը գնահատում է դատավարության մասնակցի հնարավոր գործողությունները, որոնք կարող են խոչընդոտնել հետագա իրավունքների վերականգնումը»:

Քաղաքացի Արամայիս Գեւորգյանն ավելացրել է. «Առաջարկում եմ Հոդված 3-ի 2) կետը շարադրել հետևյալ բովանդակությաբ՝ 2) Ապօրինի ծագում ունեցող գույք եւ գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական փաստաթղթերով և սույն օրենքով նախատեսված կարգով օրինական եկամուտներով անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից. եւ օրենքը համալրել նշված փոփոխությամբ պայմանավորված համապատասխան դրույթներով»։

Ըստ նախագծի` չնայած առկա են դեպքեր, որոնք բավարար կասկածներ են հարուցում գույքի ձեռքբերման օրինականության վերաբերյալ, ՀՀ իրավական համակարգում բացակայում են օրենսդրական գործիքները, որոնք թույլ կտային ուսումնասիրել եւ բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը՝ դրանով իսկ նվազեցնելով որոշ հանցագործությունների կատարման գրավչությունը։

«ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակը ենթադրում է ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերականգնման առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրում:

Մշակված օրենքի նախագիծը նախատեսում է քաղաքացիաիրավական կանխատեսելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ եւ դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։ Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում»,-հրապարակված է նախագծում:

Սույն օրենքը, ըստ նախագծի, ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից:

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of