2019-ի քաղաքական վերջին շտրիխները

2019-ի քաղաքական վերջին շտրիխները

Տարեվերջյան ներքաղաքական խճանկարն հատկանշվեց  մի քանի ուշագրավ իրողություններով, որոնք, ըստ էության, էական առնչություն ունեն 2019 թվականի քաղաքական զարգացումների ընդհանուր ուղղվածությանն ու տրամաբանությանը։

Ազգային ժողովը առաջին փորձով չհաջողելով լուծել Սահմանադրական դատարանի հանգույցը (խոսքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութունները դադարեցնելու մասին ՍԴ ուղարկված ու մերժված նախաձեռնության մասին է), ձեռնարկել է երկրորդ փորձը՝ օրենք ընդունելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է այդ օրենքը, չնայած նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների քարոզչական մեծ ճնշումներին, որոնք առաջարկում էին չստորագրել այդ օրենքը եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու դրա սահմանադրականությունը։ Այսինքն՝ առաջարկում էին օրենքը գնահատման ուղարկել այն մարդկանց, որոնց վերաբերում է այն

Սահմանադրական դատարանի անդամ-դատավորների վերաբերմունքը լավ հայտնի է այդ օրենքի հանդեպ։ Նրանց մեծ մասը բացասական կարծիք ունի դրա վերաբերյալ եւ ըստ երեւույթին կմերժի իրենց առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը։

Քաղաքական որոշ շրջանակների ու փորձագետների կարծիքով, Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու՝ խորհրդարանի այս հերթական նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, այնպես, ինչպես առաջին նախաձեռնությունը։ Տպավորություն է, որ իշխանությունը ամենաանհաջող տարբերակներն է ընտրում ՍԴ ճգնաժամը լուծելու ուղղությամբ։

Իշխանության ներկայացուցիչներն հայտարարում են, թե ունեն այլ տարբերակներ եւս, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խնդիրն համալիր լուծելու եղանակը։ Նրանք սա համարում են ամենավերջին տարբերակ, մինչդեռ, ճգնաժամը չխորացնելու, ամիսներ շարունակ լարված իրավիճակը չձգելու համար կարելի էր սահմանադրական փոփոխությունները դիտարկել որպես առաջին տարբերակ, եւ հիմա շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին։

Հատկանշական է, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ, որպես ամենաարդյունավետ միջոց, եւս ակնարկել է սահմանադրական փոփոխությունների տարբերակը։ Արմեն Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ, այս առումով, ասված է. «Նախագահը կարեւորելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների եւ պետական ինստիտուտների արդյունավետ եւ համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը»:

Մինչ կառավարությունը ձեռնարկում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի նախապատրաստական աշխատանքներն սկսվելու են 2020 թվականի փետրվարին, որոշ հանրապետականներ վերջին օրերին փորձում են քաղաքական օրակարգ բերել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման թեման։ Թե ինչու, ինչ հիմունքով պետք է կայանան արտահերթ ընտրություններ, այդպես էլ որեւէ տրամաբանական հիմնավորոմ չի հնչում։ Եւ չի էլ կարող հնչել, քանի որ այդպիսիք չկան։ Այսօր բացարձակապես գոյություն չունեն արտահերթ ընտրությունների ոչ հանրային, ոչ քաղաքական, ոչ էլ սոցիալական պահանջներ։ Ամենայն հավնականությամբ առաջիկայում էլ դրանք չեն լինի, ինչքան էլ որ հանրության որոշ շերտերում ավելանան դժգոհությունները կառավարության գործունեությունից։

Թերեւս հանրապետականները եւս սա շատ լավ հասկանում են, ուղղակի փորձոմ են հերթական կեղծ օրակարգը նետել ասպարեզ՝ դրանով նպատակ ունենալով տպավորոթյուն ստեղծել, թե իրենք քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեն ու վճռորոշ խաղացողներ են։

Լուրջ դերակատարութան իմիտացիա են փորձում ստեղծել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Օրերս իր համախոհների հավաքում ընթերցվեց բանտախցում գտնվող Քոչարյանի ուղերձը, ուր նա խոսում էր քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Թե ինչ նոր փուլի ու քաղաքական գործընթացի մասին է խոսքը, երեւի մենակ ինքը գիտի։ Չնայած իր գիտեցածը չգիտենալու հաշիվ է, քանի որ դեռ ամիսներ առաջ էլ նա հայտարարում էր թեժ աշնան, հանրահավաքային պայքարի, իշխանափոխության մասին, սակայն դրանց շորշոփներն էլ երեւան չեկան։ Քոչարյանի ակնարկած «թեժ աշունը» ջրվեց, եւ հիմա նա ազդարարոմ է քաղաքական ինչ-որ նոր փուլի մասին։

Այդ հայտարարութան ետեւում կարելի է ենթադրել նոր կուսակցություն ստեղծելու մտադրությունը։ Նման ձեռնարկների մասին վերջին շրջանում ակնարկոմ են Քոչարյանի որդիները, անգամ նկատելի են այս ուղղությյամբ որոշակի գործնական քայլեր։ Այլ խնդիր է, թե սոցիալական ու հասարակական ինչ բազայի վրա է ստեղծվելու այդ ենթադրվելիք կուսակցությունը։ Չնայած ֆինանսական ու քարոզչական հսկայական ռեսուրսներին, այդ բազան այս պահին շատ չնչին է։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of