Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին

Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին

Դեռեւս հայ-ադրբեջանական սահմանում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն ու լարվածությունը չեն մարել, սակայն հայտնի շրջանակներն արդեն իսկ փորձում են լարումներ առաջացնել ներքաղաքական կյանքում։ Չնայած անգամ ռազմական գործողությունների թեժ օրերին այդ շրջանակների որոշ խմբակներ ու անհատներ չէին դադարում գնալ ներքաղաքական սրացումների, մասնավորապես, փորձելով առճակատումներ առաջացնելով երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունների միջեւ, որը այլ կերպ, քան քայքայիչ ու պառակտիչ գործունեություն, չի կարելի անվանել։

Ներքաղաքական կյանքի հերթական սրացման փորձը կատարեց Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ, այսօր ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, որն իր ազդեցության ոլորտում գտնվող երեք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքականության մի շարք թեմաների, արդեն ստանդարտ ոճի ու հռետորաբանության մեջ քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ մեղադրելով երկիրը քայքայելու, կործանելու, բոլոր ոլորտներում տապալվելու, ժողովրդին խաբելու մեջ։ Հետո էլ ավելացրել, որ այդ բոլոր «կործանումներից» երկրին ու ժողովրդին «փրկելու» համար պետք է անհապաղ հեռացնել գործող իշխանությանը։ Ընդսմին, շեշտել է փողոցի միջոցով իշխանափոխություն իրականացնելու տարբերակը։ (Երեւի արդեն ներսից պետական հեղաշրջում իրականացնելու հույսները կորցրել են)։

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է բաներ, որոնք արդեն երկու տարի շարունակ կրկնում են հայտնի շրջանակները՝ ինքն ու իր համախոհները, Սերժ Սարգսյանը, հանրապետականները, Վենետիկյան նկուղներից Սոչիի խոհանոցներ ու անտառներ տեղափոխված Միքայել Մինասյանը (նույն ինքը՝ փեսա Միշիկը) ու նրա ազդեցության ներքո գտնվող մարդիկ ու լրատվամիջոցները ։

Մեկ տարուց ավել այս նույն երգը երգում են դաշնակցականները, Արթուր Վանեցյանը, նախկին մերժված ռեժիմի քաղաքական օրակարգերի դաշտում ստեղծված նոր կուսակցությունները՝ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը» եւ Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգը»։ Վերջերս այդ խմբակային համերգին միացել են Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ն։116430747_386824832289833_7069703111321644074_n

Ի դեպ, նշված ուժերից երեքը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցությունը վերջերս ստեղծել են քաղաքական դաշինք նույն՝ իշխանափոխության կարգախոսի ներքո։ Սակայն նկատելի է, որ այդ դաշինքը գործունեության առումով որեւէ գործնական քայլ չի կատարել, որը կարող է կապված լինել Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ կատարվող զարգացումների հետ։ Նկատի ունենք թե՛ Ծառուկյանի հետ առնչվող քրեական գործերը, թե՛ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվության նվազումը։ Այս ֆոնի վրա հատկանշելի է ԲՀԿ-ից այս կուսակցության հանգուցային դեմքերից մեկի՝ Սերգեյ Բագրատյանի դուրս գալը, որը կարող է շարունակական գործընթաց լինել՝ այլ գործիչների համանման քայլերի տեսքով։ Ամեն դեպքում, մամուլում նման տեղեկություններ հայտնվել են։

Այսպիսով, ներքաղաքական վիճակի առումով ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Ասում է՝ այսօր երկրում ֆորսմաժորային վիճակ է, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել եւ շատ արագ զարգացում ստանալ. «Խնդիրն այն է, թե ընդդիմությունը ինչպես կվարվի, ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքով հանրությանը համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել այս իրավիճակում»։

Ընդդիմություն ասելով ու՞մ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, ուժերի այն նույն շրջանակը, որը թվարկեցինք վերեւում։ Այսինքն՝ այնպիսի ուժեր եւ նրանց քաղաքական հովանոցի ներքո ստեղծված նոր կուսակցություններ ու տարատեսակ խմբակներ, որոնց երկու տարի առաջ հանրությունը մերժել էր։

«Ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքով հանրությանը համոզել». հռետորական հարց է տալիս Ռոբերտ Քոչարյանը։ Կամ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ չի հավատում, որ այստեսակ ընդդիմությունը կկարողան համոզել հանրությանը, ուղղակի խոսք է՝ ասում է, կամ էլ նա իսպառ կտրված է իրականությունից, եթե հույս ունի, թե իր ասած ընդդիմությունը կկարողանա համոզել ընդդիմությանը։

Ամենայն հավանականությամբ, իրականությանն առավել մոտ է թվում երկրորդ տարբերակը։ Ամեն դեպքում, վերը հիշված հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած թեզերը ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի ու գործընթացների զարգացման առումով, հստակորեն ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին, ինչպես երկու տարի առաջվա իրավիճակին չէր տիրապետում Սերժ Սարգսյանը։

Քոչարյանի պահով այս պնդումն առավել հիմնավոր է, քանի որ նա ինչպես իր պաշտոնավարման շրջանում, առավել եւս հիմա, լավ չի ճանաչել ու ճանաչում հայ հանրությանը, եւ ինչպես կտրված եղել, այդպես էլ կտրված մնացել է ժողովրդի, քաղաքացիների տրամադրություններից ու ցանկություններից։ Սա պատահական չէ, քանի որ ինչպես մի քանի անգամ նշել է հենց ինքը, իր համար կարեւորը ոչ թե ժողովուրդն է, այլ պետական համակարգն ու այդ համակարգը աշխատեցնող չինովնիկները։

© progressgyshme.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հ. Կիրակոսյան

 

 

 

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of