Երբ գալիս է սեպտեմբերը

Երբ գալիս է սեպտեմբերը

Հայաստանյան քաղաքական դաշտը նախապատրաստվում է «թեժ աշնանը»։ Ըստ այդմ, քաղաքական հերթական «թեժացմանն» ընդառաջ՝ տեղի են ունենում որոշակի մեծ ու փոքր տեղաշարժեր, վերադիրքավորումներ, տարբեր ուժերի ու կենտրոնների կողմից ասելիքի ու անելիքի հստակեցումներ։ Այդ տեղաշարժերն ընթանում են գրեթե բոլոր դաշտերում ու քաղաքական հոսանքներում։ Քաղաքական թեժացման հարմար ազդակներն ու արտաքին զգեստավորումներն էլ կան՝ ի դեմս սեպտեմբերին վերսկսվող խորհրդարանի նստաշրջանի ու արտակարգ դրության վերացման։

Իշխանության սահուն «լճացումը»

Քաղաքական թեժ աշնան սպասումների համապատկերում նկատելի են իշխանության հանդեպ հասարակության մեջ առկա վերաբերմունքի որոշակի փոխոխությունները, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր ու դրդապատճառներ։

Ամբողջ ամռան ընթացքում կոնկրետ շրջանակների կողմից (հիմնականում նախկին իշխանության ու դրանց մերօրյա հաճախորդների) գեներացվում էին իշխանության նկատմամբ դժգոհության ու անվստահության տրամադրությունները՝ ինչպես կեղծ ու արդեն սովորական դարձած՝ չարչրկված օրակարգերով (ապազգայնություն ու ազգային արժեքներ, սեռականություն ու ԼԳՏՊ, Սորոս, ու դավադրական ծրագրեր, Արցախի հանձնում ու պետական դավաճանություն), այնպես էլ սոցիալական բնույթի խնդիրները, որոնց կենտրոնում համավարակի պատճառով առաջացած իրավիճակն ու դժվարություններն են, ըստ այդմ էլ՝ մեղադրանքները իշխանության հասցեին հակահամաճարակային պայքարը ձախողելու, մինչեւ անգամ՝ մահերի համար։

Իշխանության հանդեպ հանրային-քաղաքական շրջանակներում կան նաեւ այլ կարգի դժգոհություններ ու անհամաձայնություններ, որոնց, սակայն, քաղաքական բոլորովին այլ դաշտից են՝ հակառակ բովանդակությամբ ու ասելիքով։ Այստեսակ դժգոհությունների կարճ ու ամփոփ ձեւակերպումն այն է, որ իշխանությունն հեռացել է հեղափոխական արժեքներից, դավաճանել հեղափոխությանը, լճացել ու հարմար տեղավորվել այդ ճահճացած իրականության մեջ։

Հեղափոխական ուժերի ջրբաժանը

Այսպիսի կարծիքներ հնչում են հեղափոխությանը ակտիվորեն մասնակցած ուժերի կողմից՝ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություններ, «Սասնա ծռեր» ու նորաստեղծ Ազգային-ժողովրդավարական բեւեռ։

Իշխանության հանդեպ հիշյալ ուժերի հիմնական ընդդիմախոսությունը հեղափոխությունը ավարտին չհասցնելու ու համակարգային, արմատական բարեփոխումները տապալելու, ձախողելու հարցերի շուրջ է։

Այս առումով, ընդսմին, շեշտադրվում են դատաիրավական համակարգում ընթացող գործընթացները, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու՝ կառավարության անհասկանալի քայլերը, նախկին կոռուպցիոներների դեմ պայքարի անվճռականությունը, Մարտի 1-ի դատավարության դանդաղկոտությունը եւ դրա արդյունքում հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացումը, իշխանության կադրային քաղաքականության՝ հաճախ անտրամաբանական որոշումները։

Ինչքան էլ իշխանությունն համաձայն չլինի այս քննադատությունների հետ ու փորձի հակադարձումներ անել (օրինակ, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե պետք չէ հեղափոխությունը պաշտպանել մեզանից ու այս թեմային մեջ, անուններ չտալով, քար քցեց ՀԱԿ-ի բոստանը), այստեսակ մեղադրանքները ունեն որոշակի օբյեկտիվ հիմքեր, որոնք երեւում են ինչպես վերը նշված ուժերի դիրքորոշումներում, այնպես էլ հանրության որոշակի հատվածների տրամադրություններում։

«Առաջնորդության» պայքար նախկինների շրջանում

Նախկին իշխանության եւ դրա արբանյակների ասելիքն ու գործելակերպը երկու տարվա ընթացքում չի փոխվել, դժվար էլ փոխվի, քանի որ նրանք մնացել են իրենց ավանդական համակարգի արժեհամակարգային տիրույթում ու այդտեղից են փորձում պայքարել իշխանության դեմ։ Կա նաեւ ներքին պայքար՝ առաջնորդության համար։ Այդ ներքին պայքարն ընթանում է հիմնականում երեք կենտրոնների միջեւ՝ Սերժ Սարգսյան ու ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան ու իր շրջապատ, երեք ուժերի դաշինք՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցություն։

Այս ուժերն առայժմ լոկալ քայլեր են անում՝ ինչպես իրենց առաջիկա քայլերի նախապատրաստման տիրույթում, այնպես էլ «առաջնորդության» մրցապայքարում ետ չմնալու ու ասպարեզում երեւալու համար։

Սերժ Սարգսյանը, ասենք, ասուլիս է կազմակերպում Ապրիլյան պատերազմի թեմայով՝ խոստանալով այլ հարցերի շուրջ եւս նմանատիպ ասուլիսներ անցկացնել։ Իսկ ապրիլյանի շուրջ ասուլիսը ուղիղ կապ ունի ներկայում ընթացող զարգացումների ու խորհրդարանական հանձնաժողովի կողմից առաջիկայում հրապարակվելիք եզրակացության հետ։

Ռոբերտ Քոչարյանը նախորդ «բազմաթեմա» ասուլիս հետո հանդիպում է տնտեսական լրագրողների հետ եւ իր բնույթին համապատասխան՝ գովերգում սեփական իշխանության տարիների տնտեսական քաղաքականությունը ու փնովում երկրի ներկայիս տնտեսական վիճակը։

ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» դաշինքը իշխանությանը սպառնում է ինչպես առաջիկայում անցկացվելիք «հուժկու» հանրահավաքներով, այնպես էլ իշխանությանը դատի տալիս համավարակի դեմ պայքարը ձախողելու համար։ Մասնավորապես, երեք կուսակցությունները Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության մասին: Նաեւ մշակում են արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու մասին նախագիծ, որն առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Առջեւում քաղաքական «թեժ» սեպտեմբերն է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հ. Կիրակոսյան

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of