ԲՀԿ-ի «մեծ հանրահավաքի» մեխանիկան

ԲՀԿ-ի «մեծ հանրահավաքի» մեխանիկան

ԲՀԿ-ն հայտարարել է, որ խոստացված մեծ հանրահավաքն անցկացնելու է հոկտեմբերի վերջին։ Նշվել է նաեւ հանրահավաքի հիմնական օրակարգը՝ կրթական ոլորտի փոփոխություններն ու դրանց հանդեպ հասարակական դժգոհությունները։ Ուշադրություն դարձնենք, որ հանրահավաքի թեմատիկայում կառավարության հրաժարականի պահանջ չկա, ամեն դեպքում այս պահին դրանից չեն խոսում, ինչի մասին Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ականներն հայտարարում էին ամիսներ առաջ։

Օրակարգի ընտրությունը պատահական չէ, քանի որ կրթական հարցերն ամենազգայունն են մեր հասարակության մեջ եւ վերջին ամիսներին հենց այս ոլորտն ու նախարար Արայիկ Հարությունյանն են հայտնվել հանրային ուշադրության, նաեւ՝ քննադատության կենտրոնում։ Ընդ որում, քննադատություններ ու դժգոհություններ հնչում են ոչ միայն նախկին իշխանության ու հակահեղափոխական-ռեւանշիստական շրջանակներից, այլեւ սրանց հակառակ ճամբարներից, նաեւ՝ հանրային ու մասնագիտական ոլորտներից։

Պետք է արձանագրել, որ տարբեր շրջանակներից հնչող քննադատությունների մեջ առկա են ինչպես շահարկվող ու կեղծ թեմաներ, այնպես էլ առողջ եւ կառուցողական դատողություններ ու մոտեցումներ։ Թերեւս սա է պատճառը, որ ԲՀԿ-ն՝ որպես հանրահավաքի հիմնական օրակարգ, ընտրել է հենց կրթության բնագավառը, որը համընդհանուր հետաքրքրության կենտրոնում է։

Մինչ ացկացվելիք «մեծ հանրահավաքը», ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն հանդիպումներ է անցկացնում հանրապետության մարզերում՝ կուսակցականների ու համախոհների հետ, եւ ըստ հաղորդագրությունների՝ լսում ու քարտեզագրում ժողովրդին հուզող խնդիրները, նաեւ իր կողմնակիցներին հրահանգում ակտիվորեն մասնակցել երկրում կազմակերպվող բոլոր տեսակի բողոքի ակցիաներին։

Միտումը հասկանալի է՝ ակտիվ դերակատարություն ունենալ հակակառավարական ու բողոքական շարժումներում, գտնվել հանրությանն հուզող խնդիրների կիզակետում, անհրաժեշտության դեպքում նաեւ օգագործել ծառուկյանական ու ԲՀԿ-ական հիմնական հաղթաթուղթը՝ «բարեգործության» գործոնը ու սոցիալական խոստումները, որոնք նախկիններում շատ լավ աշխատել են՝ մարդկանց հավաքագրելու առումով։

Հատկանշական է, որ մեծ հանրահավաքի մասին հայտարարել է հենց ԲՀԿ-ն, այլ ոչ թե իշխանափոխություն իրականացնելու կուրս վերցրած դաշինքը՝ ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք»։ Համատեղ գործունեության համատեքստում, թերեւս, տրամաբանական կլիներ, որ հանրահավաքն էլ լիներ համատեղ՝ որպես այս երեք ուժերի միասնական նախաձեռնություն ու քայլ։ Մանավանդ որ, կրթական ոլորտում ընթացող գործընթացների վերաբերյալ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը եւս հանդես են գալիս սուր քննադատությամբ, հատկապես Դաշնակցությունը, որի երիտասարդական կառույցը տեւական ժամանակ բողոքի ցույցեր էր անցկացնում նախարարության շենքի առաջ ու պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Սակայն իրականությունն այն է, որ «մեծ հանրահավաքին» ԲՀԿ-ն գնում է միայնակ, ամեն դեպքում՝ առայժմ հայտարարությունն այդպիսին է։ Ընդ որում, ԲՀԿ-ականներն ասում են, թե գնալու են մինչեւ վերջ։ Թե ինչ է նշանակում «մինչեւ վերջ գնալու» ուղերձը, թերեւս կարելի է միայն ենթադրել։

Ամենայն հավանականությամբ, «մինչեւ վերջ գնալու» հայտարարություններ հնչեցնելով՝ ԲՀԿ-ականներն հիշում են 2015 թվականի փետրվարյան իրադարձությունները, երբ Գագիկ Ծառուկյանը հերոսական կեցվածքով հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանին հեռացնելու է իշխանությունից, նորից նշանակված էր «մեծ հանրահավաքի» օր, սական դրա նախօրեին Գագիկ Ծառուկյանն անսպասելորեն նահանջեց, հայտարարեց հանրահավաքը չեղարկելու ու մինչեւ իսկ քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ-ի համար, իհարկե, տխուր հիշողություններ են, սակայն շատ բնորոշ դրվագ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կեսագրության մեջ։

Վերադառնալով ներկա իրողություններին ու ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցության դաշինքին, ընդհանրապես, նկատելի է, որ վերջին շրջանում քաղաքական այդ միավորումը միասնական գործունեության տեսանկյունից այնքան էլ ակտիվ չէ, ինչպիսին էր ձեւավորման առաջին շրջանում։ Տպավորություն է, որ հատկապես ԲՀԿ-ն փորձում է որոշակի հեռավորություն պահպանել ու հանդես գալ առանձին։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարած հանրահավաքին ու այն խոսակցություններին, որ իրենք չեն մասնակցելու դրան, հայտարարել է. «Մենք բազմիցս հայտնել ենք, որ «Հայրենիքն» անհրաժեշտության դեպքում մասնակցելու է ԲՀԿ-ի հանրահավաքին, ավելին՝ պատրաստ է իր մասնակցությունը բերել նաեւ հարթակում»։

Այս հայտարարության մեջ նշանային արժեք ունի «անհրաժեշտության դեպքում» բառակապակցությունը, ինչը կարելի է հասկանալ՝ եթե հարկ լինի, եթե հարմար գտնենք, եթե հրավիրեն։ Բոլոր տարբերակների դեպքում էլ եզրակացությունը մեկն է՝ դաշինքի ներսում գործողությունների միասնական որոշումներ չկան։

Հ. Կիրակոսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of