Ինչո՞ւ է Գյումրիում վատ աշխատում հասարակական տրանսպորտը

Ինչո՞ւ է Գյումրիում վատ աշխատում հասարակական տրանսպորտը

transport 1 (2)

«Վարչապետին կասեի, որ ինքը ականջալուր լիներ. մի օր գար Գյումրի, եւ մենք իրեն տանեինք, ցույց տայինք մեր քաղաքի փողոցների վիճակը»

«Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն»-ը տխուր պատկեր է արձանագրել Գյումրու ներքաղաքային տրանսպորտի ոլորտում: Մշտադիտարկման որոշ արդյունքներ, մեղմ ասած, անբավարար են:

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը, ով իր խոսքերով` մշտադիտարկումը կատարել է հանուն տրանսպորտի որակի բարձրացման, պարզել է, որ որոշ երթուղիներ քաղաքի մի քանի փողոցներում երթեւեկում են գերծանրաբեռնված, վարորդները հոգնած են, շատ են աշխատում, կիրակի օրերին որոշ երթուղիների հաճախելիությունը տեւում է 20-25 րոպե, մյուս օրերին միջին հաշվարկներով այն կազմում է 12 րոպե: «14 համարի երթուղին առավոտյան ժամը 8:10-ից մինչեւ երեկոյան ժամը 18:30-ն է աշխատում: Օր է եղել, երբ 2 ժամ հետո է երթուղին ժամանել կանգառ. պատճառը գծում մեքենաների թվի պակասն է եղել: Մութն ընկավ` վարորդներն անպայման տուն են գնում: Թիվ 12 երթուղին եղածների մեջ լավագույն սպասարկողն է. երթուղին սպասարկում է 25 միկրոավտոբուս. կիրակի օրերը դրանցից 12-ն են աշխատում»,- շաբաթ օրը կազմակերպված հանդիպման ընթացքում նշեց Ա.Սուքիասյանը:

Հանդիպմանը ներկա «Կոմպաս» ՀԿ-ի նախագահ, «Գյումրու Առաջընթաց»-ի անդամ Ղարիբ Հարությունյանն ավելացրեց, որ տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ է իրականացնել համընդհանուր հետազոտություն` հասկանալու, թե ինչ խնդիրներ կան` կանգառների միջին հեռավորություն, երթուղայինների սխեմաներ, փողոցների վիճակ:

«Գյումրիում փողոցների անբարեկարգ վիճակը, ըստ «Կոմպաս»  ՀԿ-ի անդամ Արտաշես Բոյաջյանի, եւս պատճառ է, որ ներքաղաքային տրանսպորտն անբավարար աշխատի: «Վարչապետն ասաց, որ ինքը խստապահանջ է լինելու, ականջալուր է լինելու, ես ասեմ` առաջին հայացքից մենք չունենք քաղաքային տրանսպորտ. համակարգ` որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ քաղաքային տրանսպորտն այն կարեւոր ենթակառուցվածքն է, որը ապահովում է քաղաքային կյանքը. դրա պատճառները բազմաթիվ են:… Ես կոնկրետ վարչապետին կասեի, որ ինքը ականջալուր լիներ, մի օր գար քաղաք, եւ մենք իրեն տանեինք, ցույց տայինք մեր քաղաքի փողոցների վիճակը` հատկապես երկրորդային կամ, ինչպես ասում են, թաղային փողոցների վիճակը եւ դրանից լուրջ հետեւություններ կատարել: Այսինքն` քաղաքային տրանսպորտը` որպես համակարգ, գոյություն չունի:  Ես գտնում եմ, որ թե մարզպետարանում, թե քաղաքապետարանում տրանսպորտի բաժնի առկայությունը, ավելի շատ` քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առկայությունը անիմաստ է. այնտեղ մի հոգի մարդ էլ լինի, այդ հարցը կկարգավորի»:

Կազմակերպված հանդիպում-քննարկման եւ մշտադիտարկման որոշ արդյունքների հրապարակման մասին ծրագրի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը թեպետ գրավոր տեղյակ էր պահել Գյումրու քաղաքապետարանին, ավագանու 21 անդամներին էլ, մի քանի երթուղի սպասարկող «Նյու սիտի տրանս», «Քոմֆորտլայն» ՍՊԸ-ներին, սակայն նրանցից եւ ոչ մեկը ներկա չէր: Համայնքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի անունից ծրագրի անդամները ստացել էին այս գրությունը. «Շնորհակալություն ենք հայտնում նման քննարկում կազմակերպելու եւ հրավերքի համար եւ տեղեկացնում, որ հնարավորության դեպքում մեր ներկայացուցիչը ներկա կգտնվի նշված քննարկմանը»:

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագրի շրջանակում «Գյումրու Առաջընթաց»  Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն դեռ ապրիլի սկզբին էր հրապարակել որոշ տվյալներ Գյումրիում տրանսպորտի վիճակի վերաբերյալ. քաղաքացիների 91 տոկոսը, համաձայն հարցումների, բողոքում է երթուղայինների սպասարկման անկանոն որակից, չվացուցակների բացակայությունից, սպասարկող 12 միկրոավտոբուսային երթուղիների եւ 4 ավտոբուսային երթուղիների երթակարգավորումը խիստ անկանոն է եւ այլն: Այդ անգամ եւս քննարկման մասին թեպետ տեղեկացված եղել էին Գյումրու քաղաքապետարանում եւ Ավագանու բոլոր անդամները, սակայն նրանցից միայն մեկն էր ներկա գտնվել: Գյումրու քաղաքապետարանն այդ ժամանակ եւս գրությամբ նշել էր, որ հնարավորության դեպքում ներկայացուցիչը ներկա կգտնվի, սակայն, ինչպես պարզ դարձավ, այդ հնարավորությունը չէր եղել եւ ներկայացուցիչը բացակա էր:

Ի դեպ, ՀԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակում հունիսի վերջին նախատեսվում է կազմակերպել հեռուստաքննարկում: Այս մասին եւս ծրագրի անդամները գրություններ կուղարկեն ավագանու անդամներին ու քաղաքապետարան:

Անի Մկրտչյան

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of