Տրանսպորտ

Գյումրիում ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը եկամտաբեր չէ՞

transport-2

Կամ ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանի մրցույթով հետաքրքրվողներ չեն լինում

Թեպետ 15 օրից ավել է, որ Գյումրու քաղաքապետարանն հայտարարել է  ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթի մասին, այնուհանդերձ մրցույթին մասնակցելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանն հաստատեց, որ նշված մրցույթին մասնակցելու որեւէ փաստաթուղթ եւ հայտ չեն ստացել: Պաշտոնյայի փոխանցմամբ` մրցույթի հայտարարությունն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ «Շրջապատ» շաբաթաթերթում: Այս մրցույթի հայտարարությունն հրապարակված է նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում:

Մրցույթն հայտարարված է թիվ 9, 10 ավտոբուսային եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսային երթուղիների համար, այն անցկացվելու է հուլիսի 14-ին:  Հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքապետարանում ընդունվում են մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ. մրցույթն անցկացվելու է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:

Անհրաժեշտ փաստաթղթերից են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, ավտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրեր), ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ, ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր եւ այլն:

Վերջին մեկ տարվա ընթացքում այս երթուղիների մրցույթի մասին հայտարարություն արվում է արդեն 2-րդ անգամ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` մրցույթով նախորդ անգամ եւս հետաքրքրվողներ չեն եղել. մրցույթն հայտարարվել է չկայացած, իսկ նշված որոշ երթուղիները ժամանակավորապես շահագործելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել այլ կազմակերպության հետ:

Անի Մկրտչյան asparez.am

«Էքսպրե՞ս», թե՞ թիվ 20 միկրոավտոբուս

transport 1 (3)

 Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

 Պարզաբանում է քաղաքապետարանի պաշտոնյան

Գյումրիում արդեն մի քանի ամիս է` չի գործում թիվ 20 միկրոավտոբուսը, սակայն այդ համարը գրեթե մշտապես փակցված է «Էքսպրես» միկրոավտոբուսի պատուհաններին: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը երեւույթը բացատրում է այսպես. «Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:                                

Ամիսներ առաջ քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ թիվ 20 միկրոավտոբուսային երթուղու մրցութային կարգում խախտում է հայտնաբերել եւ շահագործող կազմակեպությունը չի ունեցել մեքենաների սեփականության 50 տոկոսի իրավունքը, որն էլ երթուղին չշահագործելու հիմք է դարձել: Այս ընթացքում բողոքի էին դուրս եկել թիվ 20 միկրոավտոբուսի վարորդները, ովքեր  գործազուրկ մնալու մտավախություն ունեին: Ա.Եղոյանի խոսքով` միկրոավտոբուսի չշահագործման հետեւանքով վարորդներն այսօր գործազուրկ չեն մնացել, ընդունվել են աշխատանքի:

«Էքսպրես» միկրոավտոբուսի երթուղային գիծը շահագործում է Գյումրիում գրանցված նորաստեղծ «Նյու սիթի տրանս» ՍՊ ընկերությունը, որը մրցույթն հաղթել է եւ, Ա.Եղոյանի խոսքով, աշխատանքի է դուրս գալիս 8 մեքենայով:

Անի Մկրտչյան asparez.am

«Ի վերջո, մենք էլ մեռյալ քաղաքի բնակիչներ չենք»

 IMG_7064 Հեղինակ` Սամվել Հունանյան asparez.am

 Երթուղային տրանսպորտի վիճակը Գյումրիում

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացման՝ հանուն ուղեւորների պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը ներկայացրեցին «Գյումրու առաջընթաց» ՀԿ նախագահ Հասմիկ Մխիթարյանն ու փորձագետ Ղարիբ Հարությունյանը: Ըստ այդ դիտարկումների, Գյումրու որոշ երթուղիներում դրանք սպասարկող մեքենաների բազմաթիվ ուշացումներ են նկատվել:

Խախտումներ են եղել նաեւ երթուղային մեքենաների աշխատաժամերի պարբերականության հստակության հետ կապված, մանավանդ՝ երեկոյան ժամերին: Մեկ այլ կարեւոր հանգամանք. տրանսպորտային միջոցներից մի քանիսը անպատշաճ արտաքին տեսք ունեն, իսկ վարորդների վերաբերմունքն ուղեւորների նկատմամբ, պարզապես, պահվածքի հանդուրժելիության չի ձգում՝ ծխում են ղեկի առջեւ, իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն պարտադրում լսել ուղեւորներին: Ու սա դեռ ամենը չէ: «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն հույս ունի, որ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով, կկարողանա որոշակի փոփոխությունների հասնել այս ոլորտում: Փոփոխություններ, որոնք թույլ կտան ուղեւորներին պատշաճ ծառայություն ստանալ ներքաղաքային տրանսպորտից:

Բանախոսների ելույթներից հետո, կարծիք հնչեց, թե երթուղայինների վարորդները գուցե նաեւ վարորդական համապատասխան վկայականով չեն սպասարկում երթուղին: Մյուսի մոտ հարց ծագեց. «Ի՞նչ է նշանակում, թե վարորդը կարող է առանց վարորդական իրավունքի երթեւեկել: Իհարկե, եթե այդ կասկածն հիմնավոր է, ուրեմն ես էլ տնից դուրս գալիս, պետք է մնաս բարո՞վ անեմ մերոնց: Սա լուրջ խնդիր է եւ պետք է պատկան մարմինները դրանով զբաղվեն»: Ներկաներից մեկն էլ կասկած հայտնեց, թե՝ «Ուղեւորափոխադրման ժամանակ պետք է թվաքանակ պահպանվի՝ 15-ից ավել չվերցվի: Այս դեպքում, անգամ, կարելի է հանդուրժել երթեւեկի սակագնի  ավելացված չափը»:

Նրան հակադարձեցին. «Ներկա սոցիալական պայմաններում՝ ի՞նչ սակագնային բարձրացման մասին կարելի է խոսել, մարդիկ ապրուստի միջոց չունեն»: Պատճառաբանությունն այսպես էր. «Վարորդն իր երթուղին, այսպես, թե այնպես, պետք է կատարի, լավ չի՞, որ գերբեռնված չընթանա»: Ըստ մեկ այլ կարծիքի. «Ժամաչափ պետք է սահմանվի, գոնե ժամը 23-ից հետո մարդը հնարավորություն պետք է ունենա հասնել տուն, այնինչ տեսնում ենք, որ ժամը 19-ից հետո, նա երթուղային տրանսպորտով տուն չհասնելու ռիսկի առջեւ է հայտնվում: Իսկ դա այսօր շատ կարեւոր խնդիր է: Ի վերջո, մենք հո մեռյալ քաղաքի բնակիչներ չե՞նք: Մենք էլ ենք տեղ գնում ու մեծ ցանկություն ունենք տուն հասնելու: Կամ գործից ենք գալիս՝ տուն հասնել է պետք, չէ՞: Դրանք կարեւոր խնդիրներ են, որոնք, պարզապես, անտեսել չի կարելի»:

«Երկաթուղային տրանսպորտն է աշխատում, չի՞ կարելի երթուղայինների աշխատանքային ընթացքն այդ ժամացուցակի հետ համապատասխանեցնել: Ստացվում է` մարդը գալիս է քաղաք ու տուն հասնելու հնարավորություն չունի»: Քննարկման մասնակիցները մատնանշեցին նաեւ երթուղային տաքսիների, այսպես ասած՝ դուռը բացող-փակողների դերում հանդես եկող երեխաների շահագործումը, ինչը, իրավամբ, անչափահասների իրավունքների ոտնահարում գնահատվեց. «Ի՞նչ անենք, որ երեխաներին ամառային արձակուրդներ են տրված: Սա երեխայի շահագործում է: Երեւույթը, կարծում եմ, դատապարտելի է, ու այն պետք է կանխվի»:

Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ էլ նշեց. «Վարորդը պլանային վճարում է կատարում, ասենք՝ 25 հազար դրամ, երթուղու տիրոջը սա հնարավորություն չի՞ տալիս, որպեսզի ինքը 6 ամիսը մեկ մի նոր մեքենա մտցնի երթուղի՝ մեքենայի սարքին վիճակն ապահովելու համար: Այսօրվա շահագործվող մեքենաները 7-10 տարվա վաղեմություն ունեն՝ առանց ընթացիկ վերանորոգումների: Նախ՝ պետք է երթուղու շահույթի գնահատում անցկացնել»:

Մյուս կողմից, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնեական հստակ  նկարագիր չկա, որպեսզի իմանաս, թե նրանից ի՞նչ է պահանջվում, նշեցին քննարկման մասնակիցները, պետք է գիտենալ նրանց պատասխանատվության չափը, որպեսզի պահանջելու իրավասություն ունենաս: Ամեն մի պաշտոնյա պետք է ունենա իր պատասխանատվության սահմանը, այլապես պետը, ցանկության դեպքում, կարող է ասել, թե դա իր լիազորությունների սահմաններում չէ:

Սամվել Հունանյան asparez.am

Քաղաքապետարանը գտել է ներքաղաքային տրանսպորտի անբավարար աշխատելու պատասխանը

Պաշտոնյան օրենսդրական փոփոխություններ է ակնկալում

Գյումրու քաղաքապետարանում մայիսի 20-ին անցկացվելու էր որոշ թափուր երթուղիների սպասարկման մրցույթ, սակայն այն հայտարարվեց չկայացած` մրցութային հայտեր չլինելու պատճառաբանությամբ: Վերջերս քաղաքապետարանը համաձայնության է եկել Գյումրիում գրանցված «Քամֆորտ Լայն» ընկերության հետ, որն էլ՝ մինչ նոր մրցույթի հայտարարումն ու անցկացումը, ժամանակավորապես շահագործելու է որոշ երթուղիներ: Ինչո՞ւ են ուղեւորները դժգոհում ներքաղաքային տրանսպորտի վիճակից, ինչո՞ւ չեն կայանում հայտարարված մրցույթները եւ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ այս ոլորտը հնարավորինս լավ կարգավորելու համար. այս ու այլ հարցերին պատասխանում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

-Պարոն, Եղոյան, ինչո՞ւ ներքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթներին կազմակերպությունները չեն մասնակցում, որո՞նք են խնդիրները:

-Սա մարդկանց կենցաղային խնդիրներով է պայմանավորված, երկրորդական փողոցների վիճակով, այդ փողոցների վրա մեքնենաներն ավելի շուտ են անսարք դառնում, առաջ է գալիս դրանք սարքելու ու գումար ծախսելու խնդիրը եւ երթուղին եկամտաբեր չի դառնում: Ուրիշ գործոններ էլ կան` արտագաղթը, ուղեւորահոսքի պակասը, որը եւս ազդում է ուղեւորափոխադրման կազմակերպության աշխատանքների վրա:

-Այս խնդիրների պատճառով հնարավո՞ր է, որ Գյումրիում ուղեվարձը թանկանա:

-Գյումրիում դա ընդհանրապես բացառում ենք, շահագործող կազմակերպությունները մրցույթն հաղթել են 150 դրամ ուղեվարձով, սակայն նրանց հետ նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ շահագործել 100 դրամով, որն անփոփոխ է լինելու:

-Իսկ ոչ թափուր երթուղիների սպասարկման որակից Դուք քաղաքացիներից չե՞ք ստանում դժգոհություններ:

-Ստանում ենք: Իմ կարծիքով, տրանսպորտի ոլորտն ամենադժվար ոլորտներից է, քանի որ սպասարկում է իրականացնում: Եթե անգամ ամեն ինչ իդեալական էլ դարձնես, կգտնվեն այնպիսի մարդիկ, որ էլի կբողոքեն: Ես համաձայն եմ` մեր այսօրվա երթուղիներն իդեալական չեն, մենք ունենք խնդիրներ, կունենանք նաեւ բողոքներ:

-Այդ խնդիրներից, օրինակ, այս մեկը` ինչո՞ւ մի շարք միկրոավտոբուսների կանգառներ հասնելը երկար է տեւում, սահմանված 10-12 րոպեից ուշ են հասնում կանգառ:

-Խնդիրն այն է, որ  թարմացվող մեքենաներ չկան: Ոչ շահութաբեր լինելով, իհարկե, չեմ ասում ընդհանրապես շահութաբեր չէ, ավտոպարկը չի թարմացվում, մեքենաները սկսել են հաճախակի դուրս գալ շարքից, նրանք, իհարկե, համապատասխանում են մրցութային կարգին` 15 տարին լրացված չեն, բայց շուտ են շարքից դուրս գալիս: Հնարավոր է, որ մի երթուղուց 2-3 ավտոմեքենա խնդիր ունենա, 1-2 ժամով դուրս գա երթուղուց եւ ուշ հասնեն կանգառներ:

-Լավ, այս հարցերը ինչպե՞ս պետք է լուծել:

-Ես չեմ կարծում, որ գործող օրենսդրությամբ, որոշումներով մենք այս խնդիրը կլուծենք, հույս ունեմ, որ փոփոխություններում դրական տեղաշարժ կլինի:

-Վարոդների` ուղեւորների հանդեպ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք:

-Այդ մասին բազմիցս է խոսվել, եւ ես միշտ ասել եմ վարորդներին` դուք ուղեւորին պետք է վերաբերվեք՝ ինչպես ձեր տան անդամին: Ասեմ, որ այս հարցում դրական փոփոխություն կա:

-Բայց, կարծես, դանդաղ է այդ փոփոխությունը կատարվում:

-Թող լինի դանդաղ, բայց լինի հաստատուն, ես դրան կողմ եմ: Այսօր կարող եմ ասել, որ վարորդ-ուղեւոր հարաբերություններում անպարկեշտ վերաբերմունքն իսպառ վերացել է:

-Վարորդին ո՞վ է ընդունում աշխատանքի եւ ինչպե՞ս:

-Տեղեկացված չլինելով` դիմում են մեզ` տրանսպորտի բաժնին, սակայն պետք է դիմեն երթուղին շահագործող կազմակերպությանը: Նայում ենք, եթե վարորդն ունի «Դ» կարգի վարորդական իրավունք, տեղեկացնում ենք կազմակերպությանն ու ուղղորդում այնտեղ, մյուս հարցերով կազմակերպությունն է զբաղվում: Մեր քաղաքապետարանի գործառույթները, գործող օրենքի շրջանակում, շատ սահմանափակ են, մենք իրավասու ենք օրենքի շրջանակում, նախատեսված կարգով, հաստատել երթուղին, չվացուցակ կազմել, անցկացնել մրցույթ: Մրցույթն անցկացնելուց հետո կա տրանսպորտի պետական տեսչություն, որն էլ զբաղվում է այս հարցերով, այսինքն՝ հսկողությունը տրանսպորտի պետական տեսչությանն է:

-Վերջին հարցազրույցներից մեկում քաղաքապետ Ս.Բալասանյանը նշեց, որ առաջիկայում չի բացառվում տրանսպորտի շահագործման ոլորտում միջնորդավորված` երթուղիները շահագործող կազմակերպությունները, դուրս գան, ամբողջ համակարգի հարցերով զբաղվի քաղաքապետարանի համապատասխան բաժինը:

-Որքան ես տեղեկացված եմ` կառավարության թիվ 765-Ն որոշման դրույթներն են փոփոխվելու: Իմ տեղեկություններով. այս փոփոխությունների մասին արդեն կա նախագիծ, սակայն չգիտեմ, թե երբ այն կհաստատվի: Նախագծով համայնքին իրավունք է տրվում զբաղվել երթակարգավորման հարցերով, նաեւ թույլ է տալիս, որ քաղաքապետարանը որպես փոխադրող հանդես գա, ինչի իրավունքը, գործող օրենքի շրջանակում, մենք այսօր չունենք:

Հ.Գ. Ավելացնենք, որ այսօր` ժամը 12-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում, որն ուղղված է տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Քննարկման հյուրն է լինելու նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

Անի Մկրտչյան asparez.am

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծություն

IMG_70642014թ.

«ԳՅՈՒՄՐՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ՔՀԶԿ ՀԿ:

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»
ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծություն

Ներածություն
Սույն վերլուծության նպատակն է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»
ծրագրի մոնիտորինգի արդյունքների ամփոփումը, վերլուծությունը և բարձրացված խնդիրների լուծման տարբերակների առաջարկությունը:

Ներքաղաքային տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ամփոփ նկարագիր
Ուսումնասիրությունները վկայում են, որ ներկայումս ՀՀ-ում տրանսպորտի կառավարման ու կազմակերպման ոլորտը կանոնակարգվում է մի շարք օրենքներով, ՀՀ Կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով: Որպես կարևորագույն իրավական ակտեր կարելի է առանձնացնել <<Տրանսպորտի մասին>>, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքներով, <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին>>, Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և կառավարման մեթոդիկան հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշումները:
Գործող օրեսնդրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը: Ներքաղաքային տրանսպորտի կազմակերպման ու կարգավորման իրավահարաբերությունները սահմանվում են ՀՀ Կառավարության և Տրանսպորտի ու կապի նախարարության համապատասխան որոշումներով:
Հատկանշական է նշել, որ համաձայն <<Տեղական ինքնակառավարման մաիսն>> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում որպես պարտադիր լիազորություններ են նշվում իր իրավասության սահմաններում է համայնքային ենթակայության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կազմակերպումը և կառավարումը, է համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:

Գյումրու ներքաղաքային տրանսպորտի երթուղային ցանցի իրավիճակի նկարագրություն

Համաձայն ծրագրի շրջանակներում ՀՀ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի կողմից տրամադրված տվյալների` Գյումրու ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցը կազմված է ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներից:
Գյումրու ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցում ներառված են 4 երթուղիներ: Երթուղին սպասարկող մեքենաների պահանջվող միջին քանակը կազմում է 5 մեքենա, երթուղու շրջապտույտի միջին երկարությունը կազմում է 16,75 կմ /ընդ որում ամենաերկար շրջապտույտի երկարությունը կազմում է 25 կմ, իսկ ամենակարճը` 12կմ: Երթուղու շրջապտույտի միջին տևողությունը 54 ր է /ընդ որում ամենաերկար տևողությունը /80ր/ 2անգամ մեծ է ամենակարճ տևողությունից /40ր/: Երթուղու միջին ինտերվալը 10 ր է, ամենամեծ ինտերվալը 1,5 անգամ ավելի է ամենափոքր ինտերվալից /համապատասխանաբար 15 և 10ր/: Բոլոր երթուղիների աշխատաժամերի սկիզբը 08:00-ն է, իսկ ավարտը` 20:00-ն:
Գյումրու ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղային ցանցը ներառում է 11 երթուղիներ: Երթուղին սպասարկող մեքենաների պահանջվող միջին քանակը կազմում է 9-10 մեքենա, երթուղու շրջապտույտի միջին երկարությունը կազմում է 23,3 կմ /ընդ որում ամենաերկար շրջապտույտի երկարությունը կազմում է 36 կմ, իսկ ամենակարճը` 11 կմ: Երթուղու շրջապտույտի միջին տևողությունը 59,3 ր է /ընդ որում ամենաերկար տևողությունը /88 ր/ 3,4 անգամ մեծ է ամենակարճ տևողությունից /26 ր/: Երթուղու միջին ինտերվալը 8,7 ր է, ամենամեծ ինտերվալը 3 անգամ ավելի է ամենափոքր ինտերվալից /համապատասխանաբար 15 և 5ր/: Բոլոր երթուղիների աշխատաժամերի սկիզբը 07:30-ն է, իսկ ավարտը` հիմնականում` 21:00-ն է, բացառությամբ որոշ երթուղիների, օրինակ` թիվ 22 երթուղու դեպքում` այն 22:00-ն է, իսկ թիվ 12 և թիվ 25 երթուղիների համար այն 21:30-ն է:

Գյումրու ներքաղաքային տրանսպորտի երթուղիների սպասարկման որակի և կառավարման խնդիրների վերլուծություն
Ամփոփելով ծրագրի շրջանակներում կատարված հանրային քննարկումների, մոնիտորինգի, հարցումների, հարցախույզների, հեռուստաեթերների ժամանակ հնչած տեսակետների, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից բարձրացված հարցերի արդյունքները, կարելի է ներքաղաքային տրանսպորտի երթուղիների սպասարկման որակի և կառավարման խնդիրների հետևյալ հիմնական խմբերը`
• Որոշ երթուղիներում երթուղին սպասարկող մեքենաների բազմաթիվ ուշացումները,
• Երթուղային մեքենաների պարբերականության և աշխատանքային ժամերի ոչ հստակությունը /հատկապես երեկոյան ժամերին/
• Վարորդների ոչ պատշաճ պահվածքը և ուղևորների նկատմամբ վերաբերմունք
• Երթուղային մեքենայում սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը, Չնախատեսված վայրերում կայանման բազմաթիվ դեպքերը,
• Տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքը,
• Ոչ կանոնակարգված վարման ընթացքը /երբեմն խիստ բարձր արագությամբ վարում, երբեմն ցածր/
• Հաշմանդամություն ունեցող անձանց համար ներքաղաքային տրանսպորտի խիստ անմատչելիություն: Որպես այս խնդրի ապացույց նշվում են հատուկ վերելակների բացակայությունը` անվասայլակով տեղաշարժվող անձաց համար, իսկ կույրերի ձայնային հաղորդագրությունների բացակայությունը, լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար՝ հատուկ ցուցատախտակների բացակայությունը:

Եզրակացություն և առաջարկություններ
Ամփոփելով ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի և այլ գործողությունների արդյունքները, կարող ենք նշել, որ, չնայած Գյումրու ներքաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացման որոշակի արդյունավետ քայլերի իրականացմանը և որոշակի հաջողությունների արձանագրմանը, ոլորտում դեռևս առկա են մի շարք չլուծված խնդիրներ: Որպես վերոնշյալ խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ` առաջարկում ենք իրականացնել հետևյալ հիմնական գործընթացները`
Ներքաղաքային տրանսպորտի ոլորտի համապարփակ հետազոտության իրականացում
Առկա հիմնախնդիրների խորքային բնույթն ու էությունը, առաջացման պատճառներն ու հետևանքներն առավել մասնագիտորեն ուսումնասիրելու համար իրականացնել ներքաղաքային տրանսպորտի ոլորտի համապարփակ հետազոտություն, որն իր մեջ կներառի հետևյալ բաղադրիչները`

• Ներքաղաքային երթուղային տրանսպորտային միջոցների ուղևորահոսքերի ուսումնասիրություն, մասնավորապես` շարժակազմի դիտարկումների կազմակերպում, շարժակազմերի քանակի համեմատություն ըստ երթուղային ցանցի երթուղիների, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների միջինացված ուղևորահոսքի պատկերի ուսումնասիրություն ըստ օրվա ժամերի, աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև շաբաթական միջինացված ուղևորահոսքերի հաշվառում ըստ առանձին երթուղիների, միջին ամսական և միջին տարեկան ուղևորահոսքերի հաշվարկում,

• Վարորդների վարքի ուսումնասիրություն, մասնավորապես` սոցիոլոգիական հարցումների միջոցով վարորդների կողմից սպասարկման որակի վերաբերյալ ուղևորների հիմնական և առաջնային դժգոհությունների բացահայտում,

• Առկա երթուղային ցանցի արդյունավետության ուսումնասիրություն, համընկնումների բացահայտում, նոր հնարավոր տարբերակների օպտիմալության ուսումնասիրություն,

• Կանգառների հեռավորության, դրանց տեղակայման վայրերի օպտիմալության վերլուծություն

• Գյումրի քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղևորափոխադրման ծախսերի հիմնավորված հաշվարկ`ըստ որոշակի բաղադրիչների /վառելիքային բաղադրիչ, տեխնիկական սպասարկման և նորոգման ծախսեր, անվադողերի և մարտկոցի փոխարինման ծախսեր, ամորտիզացիոն և վերադիր ծախսեր, աշխատավարձի ծախսեր, հարկեր, տուրքեր և վճարներ/

Ներքաղաքային տրանսպորտի կառավարման երկարաժամկետ ռազմավարության մշակում և իրականացում
Հիմնվելով համապարփակ հետազոտության արդյունքների վրա` մշակել Գյումրու ներքաղաքային տրանսպորտի կառավարման երկարաժամկետ ռազմավարություն, որում կարող են ներառվել հետևյալ բաղադրիչները`

• Օպտիմալ երթուղային ցանցի նոր սխեմայի մշակում և ներդրում,

•Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և կառավարման բաղադրիչների հստակեցում և նոր պայմանների սահմանում, ներառյալ կանգառային կետերի միջև օպտիմալ հեռավորության սահմանում, երթուղային երթուղում երթևեկության արագության նորմավորում, նոր չվացուցակների սահմանում, և այլն

•Ներքաղաքային տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ ամենօրյա մշտադիտարկման սահմանում և իրականացում,

•Վարորդների վարքագծի սահմանում և հաստատում կամ ներառում մրցութային պայմանների բաղադրիչներում,

•Համայնքի բյուջեում մուտքերի բարձրացմանն ուղղված վճարների օպտիմալ դրույքաչափերի սահմանում:

Լրացուցիչ առաջարկներ
• Երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման եւ երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
• Միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխման բացառման հնարավորությունների ուսումնասիրություն և իրատեսական տարբերակների կիրառում,
• Համապատասխան հսկողության սահմանում հաստատված չվացուցակների խախտումները բացահայտելու ուղղությամբ,
• Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար պատժամիջոցների սահմանման հնարավորությունների ուսումնասիրում և կիրառում երթուղին սպասարկող ընկերությունների նկատմամբ:
• Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և կիրառման ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն)
• Որպես մրցույթին մասնակցության չափորոշիչ հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հնարավոր տարբերակների քննարկում և կիրառում
• Ավտոբուսային կանգառներում չվացուցակների վերաբերյալ իրազեկող ցուցատախտակների տեղադրում:

Հանրային քննարկում 29.06.2014թ.

«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»

Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքի տրանսպորտային միջոցների կանոնավոր մշտադիտարկման, հանրային իրազեկման, ուղևորների կարծիքների հիման վրաբարձրացնել բնակչության տեղեկացվածությունը տրանսպորտային ծառայության գործունեության մասին, խթանել քաղաքացիների ակտիվությունը և որակի բարելավելու գործընթացին,  այս ծառայության գործունեության, մրցույթների անցկացման թափանցիկությունը:

 Այս նպատակով իրականացվել են՝

  • Կազմակերպության կողմից ստեղծված Հանրային մոնիտորինգայինխորհրդիանդամների կողմիցանցկացվելէ մոնիտորինգ և արդյունքներնուվերլուծություններնայսօրկհրապարակենք,  առաջարկություններըկներկայացնենք Գյումրու ՏԻՄ-ներին,

  • կազմակերպել ենք արդեն հանրային 3 քննարկումներ, որոնց մասնակցել են ՔՀԿ-ների և ՏԻՄ-ների ներկայացուցիչներ,

  • անցկացվել են 2 հարցախույզներ (wox-pop) բնակչության շրջանում՝ Ինչպես  են գնահատում տրանսպորտի սպասարկման որակը: Որո՞նք են տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները կամ սպասարկմանբարձրորակիապահովման համար ինչ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել, դրանքներկայացվում են  հաղորդումների ընթացքում,

  • կազմակերպվել են 1 հեռուստաքննարկում ուղիղ եթերում, ապահովվել է ինտերակտիվ կապով, բնակչությունը ուղիղ հեռախոսակապով հնարավորություն է ունեցել իրեն հուզող հարցերն ու խնդիրները ներկյացնել, տեղադրվել է կազմակերպության կայքում՝ progressgyumri.am,  1 հեռուստահաղորդում անցկացվելու է այսօր, ինչը կներկայացնենք առաջիկայում, դարձյալ կտեղադրվի կայքում,

  •  կայքում անցկացվել են օնլայն հարցումներ տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ, որտեղ մասնակիցների 28%-ը գնահատել է շատ վատ, 32%-ը վատ, 20%-ը պետք է լավացնել, 12%-ը լավ, 8%-ը շատ լավ, ստեղծվել է թեժ գիծ

  • առաջիկայում իրազեկող 12 ցուցատախտակներ կտեղադրվեն 12 կանգառներում:

   IMG_7064IMG_7049