Monthly Archives:January 2023

Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան՝ պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որեւէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ եւ փորձառու համախոհներ։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։ Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ՝ որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը՝ սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։ Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին՝ մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։ Հարգանքով՝ Նազելի Բաղդասարյան»,- գրել է նա:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիի մանկապարտեզների վարձավճարները 50 տոկոսով նվազել են միայն գյումրեցի երեխաների համար

Գյումրիի ավագանու որոշմամբ, փոփոխության են ենթարկվել տնտեսվարող սուբյեկտներից գանձվող տեղական տուրքերից մի քանիսի դրույքաչափերը, նաև համայնքային ենթակայության որոշ հաստատությունների համար սահմանված վարձավճարները:  Փոփոխություններից թերևս ամենագլխավորը, Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարի չափը 50 տոկոսով նվազեցնելն է: 2023 թվականից այն կկազմի 4000 դրամ, 8000 դրամի փոխարեն:

Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի փոխանցմամբ, համայնքային ենթակայության 24 մանկապարտեզ է գործում քաղաքում, որտեղ մոտ 2300 երեխա է հաճախում: Ըստ նրա, սոցիալական այս պայմաններում ծնողների համար խնդիր է մանկապարտեզի վարձերի վճարումը, այդ իսկ պատճառով, համայնքապետարանը որոշել է մատչելի դարձնել երեխաների նախադպրոցական կրթությունը, վարձավճարի կեսը համայնքային բյուջեից փոխանցելով: Այս ծախսը տեղական բյուջեից կպահանջի մոտ 103 մլն դրամ: Ըստ Հայկ Սուլթանյանի, նախկինում գործող զեղչերի համակարգը պահպանվելու է: Վարձավճարի զեղչերից մոտ 400 երեխա է օգտվում:

Քաղաքապետի գլխավոր խորհրդականի տեղեկություններով, այժմ Գյումրիի համայնքապատկան նախակրթարաններ հաճախում է մանկապարտեզի տարիքի երեխաների միայն 45 տոկոսը: Նա դժվարացավ նշել, թե մյուս երեխաներից քանիսն են մասնավոր մանկապարտեզներ ու զարգացման կենտրոններ հաճախում, քանիսը նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունի և քանիսն են բացակայում քաղաքից: Ուստի, համայնքապետարանը չի կարողանա կանխատեսել, թե մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը որքանո՞վ կավելանա այս փոփոխությունից հետո:

Ի դեպ, Գյումրիում նախադպրոցական կրթությունն անվճար դարձնելու առաջարկներ համայնքի ավագանին բազմիցս է արել: Առաջին նախաձեռնողը ավագանու ԳԱԼԱ խմբակցությունն էր, որի անդամները 5 տարի առաջ էին խնդիրը բարձրաձայնել և պահանջել, որ Երևանի օրինակով, Գյումրիում նույնպես նախակրթարանների հաճախումները դառնան անվճար: Բայց առաջարկը մերժվել էր:

«Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Սանոյանը մեզ փոխանցեց, որ խմբակցության նիստին առաջարկվել է մանկապարտեզների վարձավճարները նվազեցնել 100%-ով։ Հարցը քննարկվել է Գյումրիի համայնքապետի հետ, լսել են նաև համապատասխան բաժնի աշխատակիցների կարծիքները։

«Ֆինանսական բաժնի կարծիքը և բյուջեի հմարավորությունները գնահատելով՝ առաջարկվել է այս պահին վարձավճարները նվազեցնել միայն 50%-ով, ինչը ընդունվել է ավագանու կողմից»,-ասում է Լուսինե Սանոյանը։

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն էլ հայտնեց, որ անցած տարի իրենց խմբակցությունը նույնպես հայտարարությամբ հանդես է եկել, որ ավագանին զիջումների գնա և մանկապարտեզները դառնան անվճար, քանի որ Գյումրին սոցիալական քաղաք է:

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը նշեց, որ իրենց կուսակցությունը նույնպես իր առջև խնդիր է դրել մանկապարտեզների վարձավճարները 0-ական դարձնել:

Ի դեպ, մանկապարտեզների վարձավճարները կիսով չափ կնվազեցվեն միայն Գյումրիում հաշվառված ծնողների երեխաների համար, այլ բնակավայրերի հաշվառում ունեցողներին դա չի վերաբերվի:

Հաջորդ փոփոխությունը, ըստ Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, առնչվում է Գյումրիի բաղնիքների ու սաունաների աշխատանքին: Ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար բաղնիքներն ու սաունաները տարեկան պետք է վճարեն  300 հազար դրամ՝ նախկին 500 հազարի փոխարեն։ Բայց ըստ Հայկ Սուլթանյանի, նման գործունեություն իրականացնող ոչ մի տնտեսվարող իրենց դեռ չի դիմել:

Իսկ համայնքի վարչական տարածքում անցկացվող տոնավաճառների յուրաքանչյուր մասնակից զբաղեցրած մեկ քառակուսի մետր տարածքի համար պետք է վճարի 200 դրամ`գործող 150 դրամի փոխարեն:
«Այս տարի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար առաջարկվել է հաշվի առնել ամառային և ձմեռային սեզոնները»,-ասում է Լուսինե Սանոյանը։

Ըստ այդմ էլ, տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում, ամառային սեզոնին հանրային սննդի ծառայություն կազմակերպելու թույլտվության համար՝ ամեն քառակուսի մետրի դիմաց սահմանվել է 15 հազար դրամ տեղական տուրք, իսկ ձմեռային սեզոնին՝ 10 հազար դրամ:

Ըստ Հայկ Սուլթանյանի, այս փոփոխությունները քաղաքացիների համար հարկային բեռ չեն ավելացնի, քանի որ հիմնականում պայմանավորված են զբոսաշրջիկների հոսքով, իսկ հոսքը կա:

Վարդևան Հակոբյանը նշեց, որ տեղական տուրքերի դրույքաչափերը սովորաբար պետք է հետաքրքրեն այդ տուրքերը վճարող տնտեսվարողներին: Բայց նրանցից և ոչ մեկը երբևէ չի ներկայանում այդ տուրքերի դրույքաչափերը սահմանելուց առաջ տեղի ունեցող հանրային լսումներին:

«Հանրային քննարկումները շատ պասիվ են անցնում, տնտեսվարողները կամ տեղական իշխանություններին շատ են վստահում, ինչը կասկածելի է, կամ ընդհանրապես չեն վստահում, կամ էլ ոչ մեկին չի մտահոգում, թե ինչ հարկեր կսահմանվեն: Այնինչ, հենց իրենք պետք է առաջարկներ ներկայացնեն, թե ինչքանով են իրատեսական սահմանված տուրքերի դրույքաչափերը»,-ասում է Վարդևան Հակոբյանը:

Շինթույլտվությունների վերաբերյալ տեղական տուրքերի դրույքաչափերն այս տարի չեն փոխվել: Հիշեցնենք, դրանք անցած տարի եռապատկվել էին: Օրինակ՝ 100 հազար դրամ տուրքը դարձել էր 300 հազար դրամ: Գյումրիի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի խոսքով, դրույքաչափերը բարձր լինելու և դրանք վերանայելու հետ կապված դիմումներ քաղաքացիներից իրենց խմբակցությունը չի ստանում, ավելի շատ մարդիկ բողոքում են շինթույլտվությունների տրամադրման ժամկետներից: Դրանք շատ են ձգձգվում:

«Եղել են քաղաքացիներ, ովքեր ամռանը դիմել են Գյումրիի քաղաքապետարան ավտոտնակ կառուցելու թույլտվություն ստանալու համար, բայց շինթույլտվությունը ձմռանն են տվել»,-ասում է Նարեկ Միրզոյանն ու ավելացնում. «Խնդրով ,մշտապես քննարկումներ ենք ունեցել ավագանու խմբակցությունների հետ, բարձրաձայնել ենք, որ քաղշին ոլորտում ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտություն կա, խնդիրը կազմակերպչական գործառույթների մեջ է: Պարտավոր ենք այնպես անել, որ ավելի արագանան այդ գործերը և քաղաքացիները ազատվեն քաշքշուքներից»,-ասում է ավագանու անդամը: Ըստ նրա, խնդիրը ոչ միայն դիմումների մեծ թիվն է, այլ նաև շատ թղթաբանությունը:

Այս ոլորտը վաղուց բարեփոխումների կարիք ունի: Խնդիրը նոր չէ, շինթույլտվությունների ձգձգումները կանոնակարգել փորձել են նաև նախկին իշխանությունները, բայց արդյունք չի եղել:

Կարինե Կազարովա

 

 

 

 

 

«Աջակցե՛նք շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը»

Live Ուղիղ`«Աջակցե՛նք շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը»
🔴 

#ԱԺԲ

ℹԲանախոս՝
➡Վահե Գասպարյան – Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru