Monthly Archives:May 2024

Հայաստանը նշում է Հանրապետության օրը

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 106-րդ տարեդարձն է: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն, հայտարարել է վարչապետը: «Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:

Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում: Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն», – նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ «այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը» «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը», – նշված է ուղերձում:

https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2024/05/28/Nikol-Pashinyan-Congratulation-May-28/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունն աղետի գոտի կհայտարարի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը

Կառավարությունն աղետի գոտի կհայտարարի Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, օպերատիվ շտաբի նիստին տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի երկու մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով` մինչև Այրում կայարան, արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։ Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։ Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։

Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

https://www.gov.am/am/news/item/15884/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում անշարժ գույքը

Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ. 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա:

Վիգեն Սարգսյանը Հայաստանից հեռացել է 2019 թվականին, Դատախազությունն անցած տարվա հուլիսին նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է նախաձեռնել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով։ Սարգսյանը հեռակա կարգով հերքել է մեղադրանքը, որն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից զինվորականներին բնակարաններ բաշխելու գործընթացին։

https://www.prosecutor.am/article/4568

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահի պաշտոնակատարին

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոխբերի հետ: Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, ինչն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի: Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին:

Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Մոհամադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ Հայաստանի վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ: Փաշինյանն այսօր է ժամանել Թեհրան՝ մասնակցելու հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին կիրակի օրը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/05/22/Nikol-Pashinyan-Mohammad-Mokhber/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու համար․ Միրզոյանը՝ Գրոսիին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, քննարկել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործման հարցեր՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը: Միրզոյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես, ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Նանդիդա Փարշադին իր ելույթում նշել է, որ բանկի համար մեծ պատիվ է ներկա գտնվել հյուրընկալ Հայաստանում և ստորագրել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորման այս շատ կարևոր համաձայնագիրը, որը նաև թույլ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ ներգրավել, խթանել առևտուրն ու Հայաստանի ժողովրդի բարգավաճումը:

«Այս նախագիծը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է և ապահովում է նրա կապը ու հասանելիությունը դեպի Եվրոպա ու նրա սահմաններից դուրս, Հյուսիս-հարավ միջանցքի, ինչպես նաև ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային տարր է, և, հետևաբար, այն նաև Եվրոպական Միության գլոբալ տրանսպորտի առաջատար ծրագրի մի մասն է»,- ասելէ Փարշադին։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին և Ասիական զարգացման բանկին:

«Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոնորներին, ովքեր համակողմանի աջակցություն են ցուցաբերել ծրագրի նախապատրաստման գործում ՝ Եվրոպական Միությանը և ՎԶԵԲ հատուկ բաժնետիրական հիմնադրամին: Ի վերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի տարբեր ստորաբաժանումների թիմերին, որոնք շատ ջանասիրաբար աշխատել են մեզ այս ստորագրմանը տանելու համար, և որոնք, գիտեմ, ավելի ջանասիրաբար կաշխատեն այս նախագիծը հաջող իրականացմանը հասցնելու համար»,- եզրափակել է նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com