Գյումրու ԵՆԿ-ն վաղը կտոնի Երիտասարդների միջազգային օրը

Գյումրու ԵՆԿ-ն վաղը կտոնի Երիտասարդների միջազգային օրը

Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հկ-ն վաղը՝ օգոստոսի 12-ին, 5-րդ անգամ Գյումրիում կտոնի Երիտասարդների միջազգային օրը: ԵՆԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կիրականացնի  տարաբնույթ միջոցառումներ:

«Այս տարին մեր համար շատ կարեւոր է, քանի որ սա առաջին տարին է, որ իրականացվելու է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը: Մենք տարբեր երկրներում դեռ անցյալ տարի հիմնեցինք ռեսուրս կենտրոններ, բացի Հայաստանից: Այստեղ խորհրդարանական ընտրությունների շրջան էր, եւ ես շնորհավորում եմ լավ ընտրության համար, վստահ եմ, աստիճանաբար դեպի լավագույն ժամանակներ եք գնալու: Հիմա, որ մենք Գյումրիում ենք, շատ կարեւոր է: Հայաստանն ամեն տարի ունի իր Երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի  Վանաձորն է, նախորդ տարի Իջեւանն էր, 3 տարի առաջ Գյումրին էր: Բայց անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքն է պաշտոնապես հայտարարվում Երիտասարդական մայրաքաղաք, մշտապես Երիտասարդական մայրաքաղաքը մնում է Գյումրին: Բոլորը Հայաստան ասելիս Երեւան են հասկանում, բայց երբ գալիս են Գյումրի, սիրահարվում են այս քաղաքին, Գյումրին յուրահատուկ  ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ լավ երիտասարդություն կա այստեղ: Եվ նրանց հետ շատ լավ մասնագիտական աշխատանք է տարվում»,-ասաց ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անդրիյ Պավլովիչը:67978452_2447705988808137_7416557966343536640_n

«Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնում կազդարարի միջոցառման մեկնարկը,  որին կհաջորդի 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:

«Ճիշտ փոխակերպելով կրթությունը մենք  կկարողանանք ձեւավորել, դաստիարակել վաղվա այն երիտասարդին, որը կկարողանա դիմակայել խելահեղ զարգացող աշխարհի մարտահրավերներին: Սա ամենակարեւորն է: Դեռ ժամանակին Նելսոն Մանդելան ասում էր կրթությունն այն ամենահզոր զենքն է, որով կկարողանաս փոխել աշխարհը:  Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս բարոյական պատասխանատվությունն է օգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ներուժն ու տաղանդը»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Ըստ նրա,  արագորեն փոփոխվող աշխարհում ոչ թե կրթությունը պետք է հասցնի զարգացումների հետեւից, այլ կարծում ենք, որ կրթությունը պետք է լինի այն փոխակերպվող բուն սկզբնաղբյուրը, որից կբխեն աշխարհի ուղենիշները տարբեր ոլորտներում՝  տնտեսություն, սոցիալական եւ այլն:

Տոնն այնուհետ կշարունակվի Գյումրու Թատերական հըրապարակում: Ժամը  18:00-ից մինչև 19:00-ը,  տարածքում տեղադրված  «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավարներում հնարավոր կլինի տեղեկություն ստանալ իրականացվող ծրագրերի մասին:

Օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների  կեզրափակվեն  համերգով, որին կմասնակցեն «Adana Project» ֆոլկ ռոք բենդն ու  DJ Arni Rock և Haik Solar-ը:

67626891_10218043694217074_355346756344479744_n

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of