ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար սահմանվում են պետական տուրքի այլ դրույքաչափեր: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Ըստ այդմ, առաջարկվել է որոշակի փոփոխություններ անել: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում 2 տոկոս հայցագինը դարձվել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով նման սահմանափակում չկա, ինչը խնդրահարույց է»,- ասել է Դանիելյանը:Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու համար որպես առավելագույն չափ սահմանվել է 15 մլն դրամի դրույքաչափ, Վճռաբեկ դատարան՝ 10 մլն դրամ: Այսինքն՝ անկախ տոկոսից, այդ գումարները չեն կարող գերազանցել: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն, նվազագույն չափերը՝ նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:Փոխնախարարի խոսքով՝ տարանջատվել են քաղաքացիական, վարչական, սնանկության վարույթներով դրույքի չափերը:Սահմանվել են նաև պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր:Նախագիծը նպատակ ունի նաև կանխել անհիմն հայցադիմումների ներկայացումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru