Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով

Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի կալանքի ժամկետը՝ նշելով, որ վարույթի շրջանակում առաջիկայում կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ։
Դատարանը, սակայն, որոշեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով՝ միաժամանակ սահմանելով 15 մլն դրամի չափով գրավ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ էին իրականացվել Գյումրու քաղաքապետարանում։ Դրանից հետո խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ գործով կալանավորվել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը։

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, զբաղեցնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը, համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչություն, թողտվություն և այլ ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել է խոշոր չափերով՝ 4 մլն դրամ կաշառք։
Քննչական մարմնի տվյալներով՝ նա նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք։

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել նաև դատական նիստերից մեկի ավարտից հետո կատարած արտահայտությունների առնչությամբ։
Մեղադրանքի ապացուցման դեպքում նրան կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🏥 «Առողջության համընդհանուր ապահովագրությունը՝ գործնականում. ովքե՞ր և ինչպե՞ս են օգտվում»

Հայաստանում գործող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն միաժամանակ բազմաթիվ գործնական հարցեր է առաջացնում։
— — — — — — — — — — — — — — —
📺 Քննարկման ամբողջական տեսագրությունը՝
🔴 YouTube

— — — — — — — — — — — — — — —
🔎 Քննարկման ընթացքում անդրադառձել ենք
▪️ ովքե՞ր են ընդգրկվում համակարգում,
▪️ ի՞նչ բժշկական ծառայություններ է ներառում ապահովագրական փաթեթը,
▪️ ինչպե՞ս է գործում վճարման մեխանիզմը,
▪️ ի՞նչ իրավունքներ և հնարավորություններ ունեն քաղաքացիները,
▪️ որքանո՞վ են Շիրակի մարզի բուժհաստատությունները պատրաստ համակարգի լիարժեք իրականացմանը,
▪️ ի՞նչ խնդիրների են բախվում առողջապահական հաստատությունները։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Լեյլի Ասլանյան — ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
🔹 Արմեն Խաչատրյան — «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն
🔹 Արթուր Մանուկյան — Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն
🔹 Աստղիկ Բեյբության — Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն
— — — — — — —
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
📢 Միացե՛ք քննարկմանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման, քաղաքացիների իրավունքների և առողջապահական հաստատությունների պատրաստվածության մասին հստակ ու գործնական պատասխաններ ստանալու համար։
— — — — — — —
🇺🇸 ENG
🏥 Universal Health Insurance in Practice: Who Is Covered and How Can They Benefit?
Armenia’s universal health insurance system creates new opportunities for citizens while also raising a number of practical questions.
🔎 The discussion will address:
▪️ who is covered by the system,
▪️ which medical services are included in the insurance package,
▪️ how the payment mechanism works,
▪️ what rights and opportunities citizens have,
▪️ how prepared healthcare institutions in the Shirak region are for the full implementation of the system,
▪️ what challenges healthcare institutions are currently facing.
🎙️ Speakers:
🔹 Leyli Aslanyan — Head of the Health and Social Affairs Department of the Shirak Governor’s Office
🔹 Armen Khachatryan — Deputy Director of Gyumri Medical Center
🔹 Artur Manukyan — Director of the Enrico Mattei Polyclinic
🔹 Astghik Beybutyan — Director of the Gyumri Saint Gregory of Narek Polyclinic
📍 Dialogue Media Center
📢 Join the discussion to learn more about the implementation of universal health insurance, citizens’ rights and opportunities, and the preparedness of healthcare institutions in the Shirak region.

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրու ավագանու նիստը կայացավ առանց «ՔՊ» խմբակցության մասնակցության

Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության։ Խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում էր նիստից։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «ՔՊ»-ականները բոյկոտում են ավագանու նիստը։

Այս անգամ, սակայն, անհրաժեշտ քվորումն ապահովվեց, և նիստին մասնակցող չորս խմբակցությունները հաստատեցին ավագանու նոր կանոնակարգը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 37 հարց, այդ թվում սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրու 48 փողոցների և մեկ հրապարակի վերանորոգման նպատակով կառավարությանը հայտ ներկայացնելու հարցը։
Նիստի ընթացքում «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց քաղաքի փողոցներում դիտահորերի կափարիչների անհետացման խնդրով։

Նա նշեց, որ բաց դիտահորերի մոտ անվադողեր են տեղադրվում, որպեսզի անցորդներն ու վարորդները կարողանան նկատել վտանգը, սակայն այդ վիճակի պատճառով քաղաքը «մի տեսակ խրամատ է հիշեցնում»։
Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ ավելի քան մեկ ամիս է՝ քաղաքում դիտահորերի կափարիչների համատարած գողություններ են արձանագրվում։ Նա նշեց, որ քաղաքային իշխանությունները համապատասխան գործողություններ են իրականացրել և բազմիցս նոր կափարիչներ տեղադրել։ Խնդրի վերաբերյալ գրություններ են ուղարկվել նաև իրավապահ մարմիններին՝ հորդորելով առավել աչալուրջ լինել և զբաղվել դեպքերի բացահայտմամբ։

Նրա խոսքով՝ կատարվողը պատահականություն չէ, այլ նպատակաուղղված և միտումնավոր գողություն, որի համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Քաղաքապետի պաշտոնակատարը նաև հույս հայտնեց, որ գողություն կատարողները կպատժվեն՝ հիշեցնելով «փոս փորողն ինքն է փոսն ընկնում» ասացվածքը։
Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև պատգամավորական մանդատը ստանձնելու հնարավորությանը։ Նա նշեց, որ դեռ ժամանակ ունի որոշելու՝ վերցնելու է մանդատը, թե ոչ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին պետի վերաբերյալ վարույթը վերադարձվել է նախաքննության

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ.Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Ներառականությունը՝ մեդիայի, արվեստի և կրթության լեզվով»

📌Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում անցկացվեց երկօրյա դասընթաց՝ լրագրողների, դերասանների, ուսանողների և Շիրակի ՏՄԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ։

«Ներառականության զգայուն լուսաբանում, հանրային ընկալումների ձևավորում և խնդիրների վերհանում» թեմայով դասընթացը համախմբել էր շուրջ երեք տասնյակ մասնակիցների, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու համընդհանուր դիզայնի սկզբունքներին, ուսումնասիրելու հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հաղորդակցման զգայուն լեզուն, էթիկական մոտեցումները և ներառական հաղորդակցության հիմնական սկզբունքները։

Գործնական պարապմունքների և փորձառական վարժությունների միջոցով մասնակիցները հայտնվեցին տարբեր իրավիճակներում՝ փորձելով սեփական փորձառության միջոցով հասկանալ և հաղթահարել այն խոչընդոտները, որոնց ամեն օր բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Դասընթացի ընթացքում կազմակերպվեցին իրավիճակային քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ իրական պատմությունների և փորձառությունների կրող մարդկանց հետ, որոնց հետ մասնակիցները բաց և անկաշկանդ միջավայրում քննարկեցին հասարակության մեջ առկա կարծրատիպերը, նախապաշարմունքներն ու ներառման ճանապարհին առկա մարտահրավերները։

Դասընթացի երկրորդ օրը տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մասնակիցներից ձևավորված խառը թիմերը մշակեցին և ներկայացրին մեդիա և արվեստի ոլորտներում ներառականության խթանմանն ուղղված իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները։

Երկօրյա դասընթացի արդյունքում ստեղծվեցին ներառականության գաղափարը հանրայնացնող և տարածող տարբեր մեդիա և ստեղծագործական արտադրանքներ՝ պայուսակներ, ստիկերներ, դրոշմապիտակներ, օրացույցներ, հումորային ծաղրանկարներ, ինչպես նաև բեմադրվեց ներառական ֆորում-թատրոն։

Դասընթացի կարևոր արդյունքներից մեկը մասնակիցների միջև մասնագիտական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության հիմքերի ստեղծումն էր։ Մասնակիցները պայմանավորվեցին ձևավորել ներառականության ոլորտում գործող միջոլորտային համագործակցության ցանց, որը կհամախմբի մեդիայի, արվեստի, կրթության և հոգեկան առողջության ոլորտների ներկայացուցիչներին՝ համատեղ նախաձեռնությունների և հանրային իրազեկման գործողությունների իրականացման նպատակով։

Դասընթացի հիմնական նպատակներն էին՝

▶️նպաստել ներառականության թեմայի զգայուն և պատասխանատու լուսաբանմանը,

▶️ձևավորել ներառականության վերաբերյալ ավելի իրազեկ և դրական հանրային ընկալումներ,

▶️բարձրացնել տարբեր մասնագիտական խմբերի կարողությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն ներկայացման և հաղորդակցության ոլորտում,

խթանել մեդիայի և արվեստի միջոցով հասարակական կարծրատիպերի հաղթահարումը,

▶️ստեղծել մասնագիտական համագործակցության և փոխգործակցության կայուն ցանց՝ ներառականության օրակարգը համատեղ առաջ մղելու համար։

Ծրագիրը շարունակական բնույթ է կրում և ներառում է մի շարք խոշոր հանրային նախաձեռնություններ։ Դրանցից են ներառականության թեմայով սթրիթ արտի ստեղծումը հանրային տարածքում, ինչպես նաև համագործակցությունը դրամատիկական թատրոնի հետ՝ ներառականության թեմայով թատերական ներկայացման բեմադրման նպատակով։ Այս նախաձեռնությունները միտված են արվեստի և մշակույթի լեզվով նպաստելու հասարակական վերաբերմունքի փոփոխությանը, կարծրատիպերի հաղթահարմանը և ավելի ներառական համայնքների ձևավորմանը։

🔖Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության և Կարիտաս Գերմանիայի կողմից։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

🔎«Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստահեն լրագրության մարտահրավերները»

📅 Հուլիսի 10-ին «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ կազմակերպված «Երևանից անդին․ փաստահեն մամուլ մարզային համայնքների համար» ծրագրի շրջանակում։
🤝 Ծրագիրը Դանիական New Democracy Fund-ի և **Երևանի մամուլի ակումբի** համատեղ նախաձեռնությունն է։ Այն նպատակ ունի զարգացնել մարզային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները, նվազեցնել ապատեղեկատվության նկատմամբ նրանց խոցելիությունը և տարածել փաստահեն լրագրության գործիքները։
http://facebook.com/reel/775332855642300/?s=single_unit
💬 Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց՝
🔹 Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման արդյունքներին և հետևություններին,
🔹 հետընտրական Հայաստանում ձևավորված ապատեղեկատվական միջավայրին,
🔹 փաստահեն և մեդիագրագետ լրագրության սկզբունքներին,
🔹 ներմարզային համագործակցության հնարավորություններին։
📌 Ծրագրի նպատակներն ու հիմնական ուղղությունները ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Վիգեն Սարգսյանը։
🎙️ Բանախոսություններով հանդես եկան՝
▫️ Երևանի մամուլի ակումբի ծրագրի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը,
▫️ Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը,
▫️ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի տնօրեն Անի Եղիազարյանը։
👥 Հանդիպմանը մասնակցում էին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուն։

#ՓաստահենԼրագրություն #Մեդիագրագիտություն #Ապատեղեկատվություն #Գյումրի #ԵրևանիՄամուլիԱկումբ #NewDemocracyFund

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։

Նրա խոսքով՝ իր առաջնահերթությունը Շիրակի մարզի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների շարունակությունն է։

«Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Շարունակելու եմ հետևողականորեն աշխատել՝ հանուն Շիրակի և Գյումրու զարգացման, նոր ծրագրերի իրականացման և ենթակառուցվածքների բարելավման։

Շնորհակալ եմ Շիրակի մարզի բնակիչներին վստահության և համագործակցության համար։ Անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները»,- գրել է նա։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Քննարկվել է ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին քաղաքացիների կողմից աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմը

ՀՀ կառավարությունում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է առաջարկ՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ներդնել սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ։ Այն հնարավորություն կտա քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին՝ թափանցիկ և հաշվետու եղանակով։

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է խթանել հայտարարագրերի ներկայացումը, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, ինչպես նաև բարձրացնել նրանց գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև քաղաքական ինստիտուտների զարգացման կարևորությունը։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների հիման վրա նախագիծը բերել վերջնական տեսքի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը՝ կաշառքի մեղադրանքով

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com