Առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ. կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանություն է ստացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում նաև զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում: «Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասել է ԿԲ նախագահի տեղակալը: Նա վստահեցրել է, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of