Գյումրիում համատիրությունները հազիվ գոյատևում են. կփակվե՞ն ինքնակամ

Գյումրիում համատիրությունները հազիվ գոյատևում են. կփակվե՞ն ինքնակամ

Վստահության պակա՞ս, թե՞ համավարակի ազդեցություն վարձավճարները քիչ են հավաքագրվում

Հայաստանի ոչ բոլոր քաղաքներում են գործում համատիրություններ։

Տարբեր քաղաքներում համատիրությունների վարձավճարների չափը տարբեր է՝ մեկ քառակուսի մետր մակերեսի դիմաց ամսական վճարը տատանվում է 6-20 դրամի սահմաններում։

Գյումրիում գործում է շուրջ երկու տասնյակ համատիրություն․ մեկ քառակուսի մետրի դիմաց ամսական սահմանված է 10 ՀՀ դրամ՝ անկախ բազմաբնակարան շենքի պայմաններից։

Գյումրիում համատիրությունների նախագահները շատ հաճախ դժգոհում են վարձավճարի միասնական գնից՝ պատճառաբանելով, որ վթարային շենքերն ավելի շատ կարիք ունեն վերանորոգման, հետեւաբար, այստեղ սահմանված 10 դրամով հնարավոր չէ այնպիսի աշխատանք կատարել, որով հնարավոր կլինի գոհացնել բնակչին։

Բնակիչների գերակշիռ մասը վերջին 5 տարիների ընթացքում սկսել է աստիճանաբար չվստահել համատիրությունների գործունեությանն ու որոշել է վճարներ չմուծել։

Ինչո՞ւ վճարել, երբ կարելի է չվճարել

«Ես համատիրությանը տարեկան վճարում եմ 2540 դրամ։ 5 տարվա ընթացքում մեր շենքում համատիրությունը մի բան է արել՝ մուտքի մոտ լուսավորություն է ապահովել։ Ես շենքում բնակվում եմ արդեն 25 տարի։ Մի անգամ համատիրության աշխատողը շենքի ներսում մի վրձին չի արել, շենքի մրոտ պատերը չի ներկել։ Ներկի գինը չնչին բան է, եթե ուզենան՝ կանեն, բայց մարդիկ մեզնից փողերը կհավաքեն, իրար մեջ աշխատավարձ կբաժնեն։ Հիմա ի՞նչ անեմ ես։ Մուծեմ ու ջղայնանա՞մ․ չէ, ոչ՝ կմուծեմ, ոչ էլ կջղայնանամ»,-ասում է Գյումրու Անի թաղամասում բնակվող 75 ամյա կինը։

Ընդհանուր առմամբ, ինչպես մյուս քաղաքներում, Գյումրիում եւս  համատիրությունների համար առաջնայինը գումարների հավաքագրումն է, համատիրության աշխատակիցներին աշխատավարձ վճարելն ու գրասենյակային տարածքի վարձակալության համար վճարումը: Տարեկան փաստացի հավաքագրումը Գյումրու համատիրություններում տատանվում է 1 միլիոնից մինչեւ 35 միլիոն դրամ․ գումարի չափի տատանումը կախված է համատիրության՝ սպասարկող շենքերի, բնակարանների քանակից եւ մակերեսից։hamatirutyun

Շենքի բնակիչներն իրազեկ են համատիրությունը վճար պահանջելու լծակ չունի

Համատիրության աշխատակիցներից մեկն անկեղծանալով ասում է՝ շենքի բնակիչների աչքերը սկսել են բացել լրատվամիջոցներն ու որոշ հասարակական կազմակերպություններ, որոնց բարձրաձայնած խնդիրներին հետեւելով բնակիչներից ոմանք համատիրության աշխատանքի դեմ դատարաններում հայցեր ու բողոքներ են ներկայացրել։ «Ես արդեն 15 տարի համատիրությունում եմ աշխատում։ Սկզբում բնակիչները, գլուխները կախ, վճարում էին, եթե չվճարեին՝ տեղեկանք չէինք տա, հիմա լավ գիտեն՝ եթե մի բան սխալ անենք, կարող են բողոքել, դժգոհել, մեզ խայտառակել, վճարն էլ  չմուծել։ Շենքերի բնակարանների դռները կամ փակ են հիմա, կամ բնակիչն է դժգոհ մեր աշխատանքից ու էլ չի ցանկանում վճարել»,-ասում  է համատիրության աշխատակիցը։

«Շիրակ» համատիրության նախագահ Ռուզաննա Խաչատրյանն հաստատում է, որ վարձավճարների հավաքագրման գործում մեծ խնդիրներ են առաջ գալիս։ Համատիրությունը լծակներ չունի գումար պահանջելու, բնակիչն էլ ցանկություն չունի վճարել։ «Սա լույսի, գազի նման չէ,  եթե չվճարեն՝ անջատենք․․․ բնակիչներն էլ ցանկություն չունեն վճարելու»,-ասում է նա։

«Ախթամար» համատիրության նախագահ Թ․Ասատրյանն ասում է, որ տարեկան կարողանում են հավաքագրել նախատեսված վճարների մոտ 60 տոկոսը։ Հաստատում է՝ բնակիչները համատիրությանը պարտքեր շատ ունեն։ «Մուծումը քիչ  է, պահանջը՝ շատ, հին շենքեր են, բայց համակերպվում ենք իրավիճակի հետ, լարվածության չենք հասնում, երկկողմանի վստահություն կա»,-ավելացնում է նա։

Համատիրությունների աշխատանքը համավարակի օրերին

«Շիրակ» համատիրության նախագահն ասում է, որ համավարակի ամիսներին, երբ մարդկանց հետ շփումը դադարել է, կապ հաստատել են հեռախոսով, արդյունքում վճարների հավաքագրումը նվազել է։ «Հիմա խայտառակ վիճակ է։ Համատիրություններն ահավոր վատ վիճակում են․ համատիրության ենթակայությամբ կա 9 շենք, 300-ից ավելի բնակարան, շենքերը դարն ապրած են, կտուրների, կոյուղատար խողովակների խնդիրներ կան։ Համատիրության ենթակայությամբ կան 4-րդ աստիճանի վթարային շենքեր․ ես ամեն անգամ մտածում եմ, թե մի երկրաշարժի դեպքում ինչ կարող է լինել։ Մարդիկ չպետք է ապրեն 4-րդ աստիճանի վթարային շենքում, բայց ստիպված են ապրում»,-ասում է նա եւ ավելացնում՝ համատիրությունը գոյատեւում է պարտաճանաչ բնակիչների շնորհիվ, նրանք են վճարում ժամանակին։ Այս համատիրության տարեկան նախատեսված բյուջեն 1 մլն 300 հազար դրամ է, հավաքագումը, ինչպես ասում է նախագահը, հասնում է մոտ 30-40 տոկոսի։

«Երեւանյան 155», «Երեւանյան 157», «Օդանավակայան» համատիրությունների նախագահ Հ․Խաչատրյանն ասում է, որ համավարակի առաջին ամիսներին թեպետ եղել են վճարների հավաքագրման հետ կապված խնդիրներ, այնուհանդերձ կարգավորվել են։ Համատիրությնա ղեկավարը ներկա ընթացքը գնահատում է նորմալ։

Գյումրու համատիրություններից մեկի նախագահն էլ, չցանկանալով ներկայանալ, դժգոհում է, որ ՀՀ կառավարությունը համավարակի օրերին անտեսել է համատիրությունների աշխատակիցներին եւ սոցիալական ծրագրերով չի աջակցել։

«Անցած տարի համավարակի ընթացքում մեր կառավարությունը հյուրանոցներին, վարսավիրանոցներին, բիզնեսով զբաղվողներին վճարեց, երբ չէին աշխատում, բայց մեզ չօգնեցին գումարով։ Երբ զանգեցի թեժ գիծ, ասացի, որ վճարման խնդիր կա, պատասխանեցին՝ ձեզ ո՞վ է ասել չաշխատել։ Մեր համատիրությունը մինչեւ օրս գոյատեւում է։ Բնակիչներն իշխանություններից բան չեն ակնկալում, համատիրությունն իրենից ի՞նչ  է ներկայացնում, որ ակնկալեն»,-եզրափակում է համատիրության նախագահը։3-13-1

Քաղաքացին պարտավոր է վճարել անշարժ գույքի հարկ համատիրության վճարը դառնում է երկրորդային

2021 թվականի հունվարից բնակիչները վճարում են անշարժ գույքի հարկ․ գումարի չափը տատանողական է, որը առաջիկա 3 տարում աստիճանաբար ավելանալու է։ Այս հարկը պարտադիր է նաեւ բազմաբնակարան շենքերի բնակիչների համար։

Ինչպես արդեն հրապարակել էինք, 2020 թվականի մայիսին ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝  2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, հաշվարկվում է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչեւ 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլեւս չի լինելու։ Անշարժ գույքը բաժանված է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ ու անհատական բնակելի տներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

Համատիրությունների նախագահներից ոմանք արդեն հաշվարկել են, որ ընթացիկ տարում բնակիչը գրեթե նույնքան գումար պետք է վճարի համատիրությանը, որքան անշարժ գույքի համար։ «Տարբերությունը շատ քիչ է․ այսինքն՝ այնպես արեցին, որ բնակիչը ստիպված վճարի անշարժ գույքի համար, քանի որ չվճարելու համար տույժ  է առաջանալու։ Աստիճանաբար համատիրությունների աշխատանքին, կոպիտ ասած, զարկեցին․ էլ ո՞ր բնակիչը մեզ կվճարի, ո՞վ է կարող է այդքան գումար տալ, մենք աստիճանաբար կփակվենք»,-ենթադրում է համատիրության նախագահը։

Գյումրու համայնքապետարանը համատիրություններին ֆինանսապես առավել շատ աջակցել է ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո

Գյումրու համայքնապետարանը գրեթե ամեն տարի, ավագանու որոշմամբ, համայնքի բյուջեից 10 միլիոնից ավել գումար  է հատկացնում շենքերում մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։

Ամենախոշոր գումարները համայնքը համատիրություններին հատկացրել է 2016 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո՝ 2017 թվականին։

Գյումրու ավագանու որոշմամբ 2016 եւ 2017 թվականներին համատիրություններին համայնքի բյուջեից ընդհանուր հատկացվել է 39 միլիոն ՀՀ դրամ։ 2016 թվականին 16 համատիրության հատկացվել է ընդհանուր 25 միլիոն դրամ։ Հատկացված նվազագույն գումարը եղել է 100 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 16 միլիոն։

ՊԵԿ-ը վերահսկելու է համատիրությունների գործունեությունը

Օրեր առաջ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ օրենքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Համատիրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով, ըստ որի նախատեսվում է համատիրությունների կողմից տարեկան գործունեության մասին հաշվետվություններ հրապարակելու պարտադիր պահանջը, իսկ պարտադիր պահանջը խախտելու համար պատասխանատվություն:

Նախագիծը մշակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Համաձայն նախագծի` համատիրության կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համատիրության կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝ առաջացնում է նախազգուշացում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ։

Գյումրիում գործող համատիրությունների նախագահների գերակշիռ մասն այս նախագծի մասին չի շտապում կարծիք հայտնել, փոխանցում են․ «Չգիտենք, թե ինչ կարծիք հայտնենք»։

Մյուսների կարծիքով՝ Գյումրու համայնքապետարանում գործող բաժնի վերահսկողությունը բավարար է, եւ ՊԵԿ-ի վերահսկողությունը անհրաժեշտ չեն համարում։

«Մենք խնդիր չունենք,  10 դրամի ետեւից ընկնելը, հաշվետվություն ներկայացնելը, պահանջելը շատ դաժան ու դժվար գործ է»,-ասում է նախագահներից մեկը։

Շիրակ համատիրություն Ռուզաննա Խաչատրյանը եւս ասում է, որ խնդիր չի տեսնում ՊԵԿ-ի վերահսկողության մասով․ «Պրոբլեմ չեմ տեսնում, հաշվետվությունները տալիս ենք նաեւ քաղաքապետարանի համապատասխան բաժնին»։

«Եթե օրենք հանեցին, էլ ի՞նչ կարող ենք անել, օրենքի դեմ ի՞նչ կարող ենք անել»,-եզրափակում է «Երեւանյան 155», «Երեւանյան 157», «Օդանավակայան» համատիրությունների նախագահ Հ․Խաչատրյանը։

Շատ քիչ բնակիչներ են համատիրություններից պահանջում բյուջեի ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ, արդյունքում այդ հաշվետվությունները մնում են փակ դարակներում, իսկ բնակիչներն անտեղյակ մնում իրենց վճարած հարկերի ծախսման ուղղություններից։

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of