Մեծաթիվ ոստիկաններ, կռունկ եւ բեռնատար: Այս աղմուկ-աղաղակը Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքում էր: Գյումրու քաղաքապետարանը հերթական անգամ եկել էր տարածքում տեղադրված ապօրինի տաղավարներն ապամոնտաժելու:
7 տաղավար է ապօրինի տեղադրվել տարածքում, հիմնական տերերը Զարգարյան եղբայրներն ու քույրերն են: Դեռ դեկտեմբերի 6-ին էին զգուշացվել, որ իրենց դրած տաղավարներն ապօրինի են եւ ենթակա հեռացման: Նրանց նկատմամբ վարչական երկու վարույթ կա հարուցված:
Տնակների տարածքից հեռացնելու որոշումից բարկացած Զարգարյանները թույլ չտվեցին, որ կռունկը տարածք մտնի: Երկար պայքարից հետո, երբ տեխնիկան հասավ տաղավարներին, անսպասելիորեն փչացավ: Թե ինչու՞, հասկանալի չեղավ: Տեւական ժամանակ հետո նոր կռունկ եկավ: Այս անգամ վճռական, եռագույնն էլ՝ վրան ամրացված : Տեղում որոշվեց հեռացնել տաղավարներից մեկը, հետո նոր խոսել հաջորդների մասին: Առաջին տաղավարը հեռացնելուց հետո, սակայն, հրահնգվեց հեռացնել բոլորը: Հենց այստեղ էլ կրքերն առավել թեժացան:
Զարգարյանները հայտարարեցին, որ տաղավարներն ապօրինի չեն տեղադրել: Տարածքն իրենց քաղաքապետարանն է հատկացրել:
Ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանը կրկին ընդառաջ գնաց տաղավարների տերերին: Մինչեւ հաջորդ կիրակի տաղավարներն ինքնակամ հեռացնելու ժամանակ տվեց նրանց: Եթե գնան ընդառաջ, քաղաքապետարանն անգամ 2,5մլն դրամի տուգանքը կչեղարկի, հակառակ պարագայում, արդեն առանց ներման, քաղաքապետարանը ապամոնտաժի տաղավարները, կգանձի տուգանքը:
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru