Թե ինչու Գյումրու թիվ 22 երթուղին թափուր հայտարարվեց

Թե ինչու Գյումրու թիվ 22 երթուղին թափուր հայտարարվեց

Հարցին Գյումրու քաղաքապետարանը պատասխան չունի

179367

Մայիսի 20-ին Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթն է կայանալու: Մի շարք թափուր երթուղիների հետ միասին մրցույթ էր հայտարարված նաեւ թիվ  22 երթուղու համար: Երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետի որդուն, ըստ քաղաքապետարանի, կատարել էր որոշ խախտումներ եւ մոտ մեկ-երկու ամիս առաջ Գյումրիում այս երթուղու շահագործման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, կատարվում էին որոշ ստուգումներ, իսկ վարորդները բողոքի ցույցի էին դուրս գալիս:

Այն, որ թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին այլեւս թափուր է, մեզ հետ զրույցում մոտ մեկ ամիս առաջ հաստատել էր քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը եւ ավելացրել, որ երթուղու գործունեության դադարեցման եւ այն թափուր լինելու մասին կա քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշումը: Սակայն մեզ հետ զրույցից մի քանի օր անց Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվում է մեկ այլ հայտարարություն: Այս երկրորդ հայտարարությամբ արդեն հանրությանը տեղեկացվում էր, որ մայիսի 20-ին կայանալիք մրցույթի ցանկից հանվել է միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար նախատեսված մրցույթը՝ մինչեւ համապատասխան հարցի իրավական կարգավորումը: Այսպիսով` անհասկանալի էր մնում քաղաքապետարանի այս քայլը. թե ինչպես է քաղաքապետարանի կողմից թափուր ճանաչված թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին հաշված օրեր անց դառնում ոչ թափուր եւ հայտարարության ցանկից հանվում երթուղու մրցույթի մասին տեղեկությունը:

Մեզ մեկ-երկու շաբաթ շարունակ այս «մութ» հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանություններ չէր հաջողվում ստանալ քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանից, ով մրցութային հանձնաժողովի նախագահն է: Գործավարուհու փոխանցմամբ` պարոն Սանոյանը մշտապես զբաղված էր: Ստիպված Ռ.Սանոյանից գրավոր պարզաբանումներ խնդրեցինք` ակնկալելով սպառիչ պատասխան, սակայն այն կիսով չափ է սպառիչ:

Ռ.Սանոյանը (հարցման պատասխանի կատարող Ս.Առաքելյան) ընդհանրապես չի պատասխանել մեր այն հարցին, թե առաջին հայտարարությունն հրապարակելիս արդյո՞ք թափուր չի եղել թիվ 22 միկրոավտոբուսի երթուղին, եթե թափուր  է ճանաչվել այդ ընթացքում, ապա ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա:

Իսկ մյուս հարցերին պատասխանելով` պաշտոնյան տեղեկացրել է, որ Գյումրու ներքաղաքային թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու մրցույթը կայացել է 2012-ի մայիսի 22-ին, մրցույթի արդյունքների համաձայն` «Սրընթաց ուղիներ»  ՍՊԸ-ն 4 տարի սպասարկման ժամկետով ճանաչվել է հաղթող: Երթուղու սպասարկման ընթացքում ընկերությունը թույլ է տվել սպասարկման բազմաթիվ խախտումներ, որի պատճառով Գյումրու քաղաքապետարանը քաղաքացիական հայցով դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երթուղու սպասարկման պայմանագիրը լուծելու նպատակով: Դատարանի կողմից որոշման ընդունման դեպքում կլուծվի Գյումրու քաղաքապետարանի եւ «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը, որից հետո կհայտարարվի նոր մրցույթ:

Դիտարկենք մի փաստ` ԶԼՄ-ներին Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները փոխանցում էին, որ երթուղու գործունեությունը դադարեցվելու է կամ կդադարեցվի, որովհետեւ կա կամ պիտի լինի Գյումրու քաղաքապետի համապատասխան որոշումը: Այնինչ, պարզվում է, որ քաղաքապետարանը քաղաքացիական հայցով դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երթուղու սպասարկման պայմանագիրը լուծելու նպատակով: Իսկ քաղաքացիական հայցն ու համայնքապետի որոշումը բացառապես այլ հարթություններում են:

Եւ ընդհանուր առմամբ` պայմանագրի լուծարումը կատարվում է իրավական հարթությունում, լինում է դատարանի վճիռ եւ այդ վճիռն օրինական ուժի մեջ մտնում:

Այսպիսով, կարելի՞ է ասել, որ Գյումրու քաղաքապետարանը դատարանի վճռից առաջ էր անցել, երթուղին թափուր ճանաչել ինքնուրույն ու այդ մասին հայտարարություն հրապարակել:

Անի Մկրտչյան asparez.am

Comments Are Closed!!!