Նոր հարկատեսակ ու նոր գլխացավանք Գյումրիում

Նոր հարկատեսակ ու նոր գլխացավանք Գյումրիում

Հարկատեսակ, որի չափն աստիճանաբար բարձրանալու է

«Մենք համատիրությանը վճարելուց բացի, այս տարվանից վճարելու ենք նաեւ գույքի հարկ։ Իմ տան մակերեսը 59 քառակուսի մետր է։ Համատիրությանը տարեկան վճարում ենք մոտ 7000 դրամ, բայց այդ գումարից տարեկան 930 դրամ էլ վճարել ենք գույքի հարկ։ Իբր համատիրությունն ի՞նչ արեց, որ հիմա էլ գույքի հարկ ենք վճարում»,-նեղսրտում է Գյումրու Մուշ-2 թաղամասի բնակիչներից մեկն ու պատմում, հարեւաններից մի քանիսն ավելին են վճարում գույքահարկը՝ 1500, 1600 եւ այլն։

2021 թվականի հունվարի մեկից ՀՀ բնակիչներն ավելի շատ հարկ են վճարում իրենց անշարժ գույքի համար։ Գումարի չափն առաջիկա 3 տարում աստիճանաբար ավելանալու է։ Այս հարկատեսակից դժգոհում են բազմաբնակարան շենքերի բնակիչները, հատկապես նրանք, որոնք համատիրությունների աշխատանքից դժգոհ են։

2020 թվականի մայիսին ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝  2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, հաշվարկվում է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչեւ 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլեւս չի լինելու։ Անշարժ գույքը բաժանված է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ ու անհատական բնակելի տներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

Ըստ կառավարության տեղեկանքի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրության համաձայն՝ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0,2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան՝ 0,1 տոկոս: Օրինակ՝ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1,1 տոկոս, Ռուսաստանում՝ 1,2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1,4 տոկոս, Ճապոնիայում՝ 1,9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2,7 տոկոս:

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն աստիճանաբար: 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի հիման վրա հաշվարկված գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023-ին՝ 75-ը, եւ նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն անդրադառնալով այս նոր հարկատեսակին՝ ասում է․ «Գույքահարկն ու հողահարկը միացվեցին իրար, հիմա միայն ձեւակերպման խնդիրներ կան։ Մենք չենք կարող եւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ասենք՝ գիտեք, այս հարկատեսակները միացել են եւ պետք է փոխանցեք այսինչ հաշվարկային հաշվին, էն մյուսը՝ էս։ Մեր ներքին ձեւակերպումների հարցն է, գործընթացն աշխատատար է, բայց ամեն դեպքում այդ է։ Այդ երկու հարկատեսակը միացել են իրար եւ մենք բյուջեում այդ մեկ տողով ենք ցույց տալիս»։H5750027.01_35_54_24.неподвижное изображение088

«Բյուջեում փող չկա, կամ քիչ է պարգեւավճարների համար, նորից հիշել են ժողովրդին»,-դժգոհում է 75-ամյա Դեմո պապն ու նշում՝ ամսական թոշակը 42 հազար դրամ է, կոմունալն ու առաջին անհրաժեշտության մթերքը գնելուց հետո 20 օր անց գրպանում գումար չի մնում, ինչպե՞ս է վճարելու գույքահարկը, երբ այն աստիճանաբար բարձրանալու է։ «Համատիրության գումարից թող կտրեն, իրենց համար գույքահարկ հանեն, ինչքա՞ն կարելի է աղքատ ժողովրդից գանձել, մնացել է շնչելու համար էլ փող վճարենք։ Հա՞րկ ես ավելացրել, բարի եղիր թոշակս էլ ավելացրու»,-եզրափակում է նա։

Նոր հարկատեսակ Գյումրիում հաշվառվում են ընտանի կենդանիները

Գյումրիում նոր հարկատեսակ է համարվում նաեւ ընտանի կենդանիների դիմաց վճարումը։ Այս մասով առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ եւ հաշվառման գործընթացը դետեւս ավարտական փուլին չի մոտեցել։ Որոշ քաղաքացիներ հավ են պահում, պատճառաբանում, թե չեն կարող վճարել, քանի որ հավի տված ձվով երեխային են կերակրում։

Ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 1 (մեկ) գլխի հաշվով՝ մանր եղջերավոր անասուններ՝ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, շներ՝ 5000 ՀՀ դրամ է սահմանվել։

2020 թվականի սեպտեմբերի 8-ին Գյումրու ավագանու որոշմամբ սահմանվեցին Գյումրի համայնքի վարչական տարածքում ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոններ։ Տեղական ինքնակառավարման մարմինները նման որոշում ընդունեցին` ելնելով քաղաքակրթությունից եւ վարչական տուգանքներ սահմանելու նպատակով:

Համաձայն կանոնների` Գյումրի համայնքում ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոններով կարգավորվում են Գյումրի համայնքի վարչական տարածքում ընտանի կենդանիներին հաշվառելու, պահելու հետ կապված հարաբերությունները, ու տարածվում են Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող ընտանի կենդանիներ տիրապետող (պահող) ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։

Կանոնները չեն տարածվում գիտական, գիտահետազոտական, բժշկական, ինչպես նաեւ ծառայողական նպատակներով ընտանի կենդանիներին օգտագործող ու պահող համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։

Հաշվառումն իրականացնում է Գյումրի համայնքի ղեկավարը՝ կենդանիների քանակի եւ դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների եւ շահերի հաշվառմամբ կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման ու կատարման նպատակով։

Հաշվառման արդյունքում տիրապետողին տրվում է գրանցման վկայական եւ անհատականացնող համար։ Հաշվառման մասին նշում է կատարվում կենդանիների հաշվառման գրքում։

Կենդանուն անհատականացնող համարը նշվում է կենդանու վզնոցի վրա:

Կենդանուն այլ անձի տիրապետությանը հանձնելու դեպքում նոր տիրապետողին են հանձնվում կենդանուն անհատականացնող համարի նշումով կենդանու վզնոցն և գրանցման վկայականը՝ կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու համար։

Աղբավճարի թանկացման արդյունքում քաղաքն ունի նոր աղբամաններ

2020 թվականի հունվարի մեկից Գյումրու բնակիչները, ի տարբերություն Շիրակի մարզի մյուս համայնքների, համեմատաբար ավել են վճարում կենցաղային աղբի դիմաց։  Գյումրու ավագանու որոշմամբ՝ 2020 թվականի հունվարի մեկից կենցաղային աղբի համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար յուրաքանչյուր ամիս տեղական տուրք սահմանել 150 ՀՀ դրամը` նախկինում գործող 100 դրամի փոխարեն:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` կենցաղային աղբի համար սահմանվում է դրույքաչափ` ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ:

Դրույքաչափի այս փոփոխությունը, ըստ համայնքապետարանի, պայմանավորված է երկու հանգամանքով` նախ համայնքի միջոցներն են սուղ, եւ երկրորդ` վերջին մի քանի տարում շատ համայնքներում աղբավճարի չափը բարձրացել է, մինչդեռ Գյումրիում այն մնացել է անփոփոխ:

2020 թվականին Գյումրու համայնքապետարանը նախատեսել էր 411 մլն դրամ հատկացնել աղբահանության աշխատանքների կատարման համար, աղբահանության վարձավճարից համայնքը, ըստ կանխատեսումների, 2020 թվականին ունենալու է մոտ 227 մլն 843 հազար ՀՀ դրամ եկամուտ, որից ֆիզիկական անձանցից՝ 135 մլն 324 հազար եւ իրավաբանական անձանցից 85 մլն 55 հազար դրամ, իսկ կոշտ թափոններից՝ 7 մլն 463 հազար 500 դրամ։

Մեքենաների գույքահարկի գանձման գործընթացում որոշակի խնդիրներ են առաջացել

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանի խոսքով՝ սահմանված նոր կարգի համաձայն, ուսումնասիրվելու են Ղազախստանում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերի ցուցակը, դրա համար էլ Գյումրու համայնքապետարանը դեռեւս չունի մեքենաների գույքահարկի հավաքագրման ճշտված ցուցակ։ «Ղազախստանում գրանցում ունեցած մեքենաները, որոնք մեր քաղաքում ահագին շատ են, պետք է մեր հաշվեկշռից դուրս գան եւ գրանցվեն այն քաղաքում, որտեղ մեքենայի սեփականատերն է։ Սակայն դա հետաքրքիր եւ երկար գործընթաց է։ Մեքենաների հաշվառումը  Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները պետք է տա Պետական եկամուտների կոմիտեին, Կոմիտեն պետք է ներկայացնի Ղազախստան, Ղազախստանը պետք է ուսումնասիրի սեփականատերերի գրանցումները, ցուցակը տա Պետական եկամուտների կոմիտե՝ նշելով, որ այս մեքենաները պետք  է դուրս գան Հայաստանի այս քաղաքի բյուջեի թվերից։ Մինչեւ մենք այդ ցուցակը չստանանք, ոչինչ չենք կարող անել; Մեքենաների գույքահարկը մեր բյուջեի պլաններում արտացոլված է, երբ ստանանք, բազաները կուղղենք, մեր գույքահարկի պլանը կիջնի, եւ տոկոսն էլ նորմալ կիջնի»,-ասում է Լ․Ջիլավյանը։

2015 թվականին, օրինակ, Գյումրիում գանձվում էր մեքենայի 300 մլն դրամ գույքահարկ, 2014-ի համեմատ այն 50 մլն դրամով ավելի էր։ Այդ տարիներին մեքենաների ներմուծումը եւ օգտագործումը Գյումրիում լայնորեն տարածված էր։

Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն 5 մլրդ 434 մլն 200 հազար դրամ է, որից պետական աջակցությունը 2 մլրդ 834 մլն դրամ է։

Շիրակի մարզպետարանի տեղեկությունների համաձայն՝ 2021թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  կատարվել են 66.1 %-ով։ Մարզի քաղաքային համայնքները 2021թվականի  սեփական եկամուտները կատարել են` Գյումրին` 71.8%, Արթիկը` 86.2%:

Անի Մկրտչյան

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Comments Are Closed!!!