Գյումրիում մեկնարկեց Բարեկամություն զբոսայգու շինարարությունը

Գյումրիում մեկնարկեց Բարեկամություն զբոսայգու շինարարությունը

Նախանշված ժամկետից 1 տարի ուշացումով Գյումրիում տրվեց ,,Բարեկամություն,, զբոսայգու շինարարական աշխատանքների մեկնարկը: Ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք միջազգային հիմնադրամների ներդրումներով, արժեքը 900 մլն դրամ է, որը կուղղվի նաև այգու տարածքի և ենթակառուցվածքների բարեկարգմանը:

Գյումրեցիների սիրած ,,կռուգի սադը,, կբարեկարգվի, կդառնա բացառիկ այգի հրաշալի ատրակցիոններով, արվեստի ու սպորտի եզակի միջավայր կստեղծվի: Տարածաշրջանի համար նախադեպը չունեցող այգին, ըստ ծրագրի հեղինակների, միավորելու է 3 ուղղություն. քաղաքաշինություն, զբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն:

Զբոսայգու շինարարության մեկնարկն ազդարարվեց այգու տարածքում արխիվային թղթադրամի տեղադրմամբ, որն իրականացրեց զբոսայգու նախկին երկարամյա տնօրեն Խաչատուր Ազարյանի դուստրը, նշելով, որ իր հայրը Խորհրդային տարիներին զբոսայգում ժամանցի վայրեր, պարահրապարակներ է ստեղծել: Ծրագրի ճարտարապետի խոսքերով, հենց այս այգում է կառուցվելու Գյումրիի առաջին պատկերասրահը, որտեղ իրենց ստեղծագործական նախաձեռնությունները զբոսաշրջիկներին ի ցույց կդնեն տեղի նկարիչները:

Այնտեղ, որտեղ հին համերգային բեմն է, կլինի զբոսայգու ամենամեծ հրապարակը, ամենաաղմկոտ տեղը, ,ձախ կողմում սպորտային հրապարակը, իսկ հին բեմը չենք օգտագործելու, այն որպես հնություն ենք պահպանելու:

Տարածաշրջանում ունիկալ և եզակի համարվող այս այգու ստեղծման համար հատկացվել է  7,3 հա տարածք: Ծրագիրը փուլային է, առաջին փուլի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի աշնանը:

,,Քաղաքաշինության և զբոսաշրջության,, բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ասում է, որ ինքը 6 ամիս Գյումրիում է ծառայել ու լավ գիտի Գյումրիի կլիման:  Ծրագիրը բավական բարդ ու ամբիցիոզ է որակում, բայցև վստահ ասում է, որ գյումրեցիներին զարմացնելու շատ բան ունեն: Մեկն էլ այն, որ այգու որոշ շինություններ ունենալու են Մինասի գույները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Comments Are Closed!!!