Այսօր կայացել է Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Գյումրու ավագանին 20 կողմ , 4 դեմ , 2 ձեռնպահ ձայներով հաստատել է Գյումրի համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հերթական՝ 3-րդ նիստի օրակարգը: Ավագանին այսօր հավանություն է տվել 5 սուբվենցիոն հայտի: Ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականին: Ծրագրերն իրականացվելու են պետական եւ Գյումրի համայնքի ընթացիկ տարվա բյուջեի միջոցներով: Առաջին ծրագրով, որի բյուջեն ներդնելու է Գյումրի համայնքը, նախատեսվում է հիմնանորոգել Գյումրու համայնքապետարանի սեփականության իրավունքով պատկանող 15 բնակարան, որոնք հիմնանորոգումից հետո տրամադրվելու են անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքներին: Բնակարանները անօթեւաններին կհանձնվեն անհատույց օգտագործման` առանց վարձավճարի, միաժամանակ Գյումրու համայնքապետարանը պահպանելու է այդ բնակարանների հանդեպ իր սեփականության իրավունքը, իսկ տվյալ ընտանիքները կպահպանեն անօթեւանի կարգավիճակը:Առաջանահերթություն կսահմանվի հիմնականում առավել վատթար իրավիճակում գտնվող սոցիալապես խոցելի համարվող բնակիչներին: Մյուս սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն,հիմնանորոգել պատմական կենտրոնում չգտնվող 22 թաղային նշանակության փողոց, Գյումրու չորս բազմաբնակարանային շենքերում իրականացնել էներգախնայողության ծրագիր և ձեռք բերել երկու բազմաֆունկցիոնալ ջրցան եւ ձնամաքրիչ եւ մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ: Ըստ ծրագրային հայտի` փողոցաշինական աշխատանքներին զուգահեռ տարեցտարի ավելանում են դրանց սպասարկման եւ սանիտարական մաքրման ծավալները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru