Գյումրիում արդեն մի քանի ամիս է` չի գործում թիվ 20 միկրոավտոբուսը, սակայն այդ համարը գրեթե մշտապես փակցված է «Էքսպրես» միկրոավտոբուսի պատուհաններին: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը երեւույթը բացատրում է այսպես. «Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:
Ամիսներ առաջ քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ թիվ 20 միկրոավտոբուսային երթուղու մրցութային կարգում խախտում է հայտնաբերել եւ շահագործող կազմակեպությունը չի ունեցել մեքենաների սեփականության 50 տոկոսի իրավունքը, որն էլ երթուղին չշահագործելու հիմք է դարձել: Այս ընթացքում բողոքի էին դուրս եկել թիվ 20 միկրոավտոբուսի վարորդները, ովքեր գործազուրկ մնալու մտավախություն ունեին: Ա.Եղոյանի խոսքով` միկրոավտոբուսի չշահագործման հետեւանքով վարորդներն այսօր գործազուրկ չեն մնացել, ընդունվել են աշխատանքի:
«Էքսպրես» միկրոավտոբուսի երթուղային գիծը շահագործում է Գյումրիում գրանցված նորաստեղծ «Նյու սիթի տրանս» ՍՊ ընկերությունը, որը մրցույթն հաղթել է եւ, Ա.Եղոյանի խոսքով, աշխատանքի է դուրս գալիս 8 մեքենայով: