Գլենդելի քաղաքային խորհուրդն իր պատրաստակամությունը հայտնեց հուլիսին քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակության այց կազմակերպել Գյումրի՝ համագործակցության համապատասխան փաստաթուղթ ստորագրելու նպատակով:
«Գյումրիի հետ քույր քաղաք ծրագրի մեկնարկը մեզ համար կարևոր է. մենք հայկական մեծ համայնք ունենք Գլենդելում և սերտ կապեր՝ Հայաստանի հետ: Գլենդելը և Գյումրին շատ նման են միմյանց, նախևառաջ՝ բնակչության թվով: Մենք գործակցությունը տեսնում ենք առավելապես կրթական, մշակութային ոլորտներում: Այս ծրագիրը նաև Գլենդելում ապրող գյումրեցիներին կկամրջի հայրենի քաղաքի հետ: Մենք արդեն մեծ փորձ ունենք քույր քաղաքների ծրագիր իմաստով՝ Մեքսիկայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ: Հույս ունենք՝ այդ փորձն առավել հարստացնել հայկական երկրորդ քաղաքի հետ գործակցությամբ», – նշեց Գլենդել քաղաքի մենեջեր Դեն Բելլը:
«Հայաստանում բարձր են գնահատում և խրախուսում ապակենտրոնացված համագործակցության դերը տնտեսության զարգացման գործում: Այս գործակցությունը կարող է շատ լավ արդյունքներ տալ: Գլենդելը հարուստ փորձ է կուտակել քաղաքային տնտեսության զարգացման գործում, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և այն կարող է օգտակար լինել Գյումրիի համար, որն այսօր թերևս դեռ ունի ոլորտներ, որոնք բարելավման կարիք ունեն: Երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա Գլենդելի և Գյումրիի համայնքների կայուն զարգացման համար», – նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:
http://mfa.am/…/press-rele…/item/2015/06/02/glendale_gyumri/