Քրեական գործ Գյումրու ավագանու անդամի գլխավորած բուժհիմնարկում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով

Քրեական գործ Գյումրու ավագանու անդամի գլխավորած բուժհիմնարկում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով

Gyumri_poliklinikaAravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում պաշտոնեական կեղծիք ու յուրացում կատարելու, մասնավորապես մահացած անձանց անունով դեղեր դուրս գրելու փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ այս բժշկական հաստատությունը 3 տարի առաջ հանրապետության մի քանի այլ առողջապահական հիմնարկների հետ հայտնվել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ ընկերությունների ցանկում: Այդ ժամանակ սկսվել էին ուսումնասիրություններ՝ պարզելու, թե արդյոք դեղերը հասե՞լ էին ճիշտ հասցեատերերին: Հանրապետության 18 բուժհաստատություններից միայն Գյումրու ուռուցքաբանականում էր հայտնաբերվել հանցագործություն պարունակող խախտում, տվյալ դեպքում մահացած անձի անունով դուրս գրված դեղորայք: Այսինքն, քրեական գործի քննությամբ մյուս բուժհաստատություններում հայտնաբերված խախտումները եղել էին վարչական, ու հանցագործություն չէին պարունակել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատեց քրեական գործ հարուցելու մասին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314 եւ 179 հոդվածներով: 314 հոդվածը կոչվում է «Պաշտոնեական կեղծիքը », Հոդված 179.  «Յուրացնելը կամ վատնելը»: Նշենք, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենը Վալերիկ Շիրինյանն է, որը Գյումրու ավագանու անդամ է: Ի դեպ, նա ավագանու այն միակ անդամն է, որի լուսանկարը քաղաքապետարանի պաշտոնական կայքում  տեղադրված չէ: Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Գյումրու ավագանու անդամ, Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/21/594811/

© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Comments Are Closed!!!