Խոստումներով լի ցուցապաստառներ ու պաշտոնապես դեռ չառաջադրված քաղաքական ուժեր․ նախընտրական Գյումրին

Խոստումներով լի ցուցապաստառներ ու պաշտոնապես դեռ չառաջադրված քաղաքական ուժեր․ նախընտրական Գյումրին

Փետրվարի 21-ից սկսվել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրումները, սակայն երեք օր անց դեռ որևէ մեկը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չի դիմել՝ ներկայացնելով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ դեռ 10 օր ժամանակ կա, իսկ պահանջվող փաստաթղթերի քանակը բավական մեծ է, միայն լիազոր մարմնից տեղեկանք վերցնելու համար երեք օր ժամանակ է անհրաժեշտ։
«Փաստաթղթերի մեծ փաթեթ է պահանջվում, որն այնքան էլ հեշտ չէ հապճեպ ներկայացնելը, դեռ ժամանակ կա, պատճառը դա է, որ երեք օր անց դեռ առաջադրվող չունենք։

Հանձնաժողովի անդամները տեղում են, բայց մինչ այս պահը դեռ ձեն-ձուկ չկա»,- փոխանցեց Տիգրան Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18․00-ը։  Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա հինգօրյա ժամկետում։

Նկատենք, որ թեկնածուները բավական շտապողականություն ցուցաբերում են ցուցապաստառները փակցնելու հարցում։ Քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ քաղաքի կենտրոնն արդեն լի է Գյումրին ազատ տնտեսական գոտի ու ճիշտ քաղաք դարձնելու մասին ցուցապաստառներով։

Ընդամենը երեք քաղաքական ուժերի ցուցապաստառներ են ամենուր․ մեկը իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի ցուցապաստառն է՝ «Մեր Սարիկը» կարգախոսով, մյուս երկուսը՝ գործարարներ Կարեն Սիմոնյանի ու Արտյոմ Ղարաղազարյանինն են։ Կարեն Սիմոնյանը «Մայր Հայաստան» դաշինքն է գլխավորելու, իսկ Արտոմ Ղարաղազարյանը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։
Շատերն իրենց քարոզարշավն անցկացնում են սոցիալական ցանցերում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Comments Are Closed!!!