«Եզան լուծ է, որ տանելու ենք»․ Վարդան Ղուկասյան․ կես տարի ուշացումով Գյումրու ավագանին հաստատեց 2025 թվականի բյուջեն

«Եզան լուծ է, որ տանելու ենք»․ Վարդան Ղուկասյան․ կես տարի ուշացումով Գյումրու ավագանին հաստատեց 2025 թվականի բյուջեն

Մոտ կես տարի ուշացումով Գյումրու ավագանին այսօր ընդունեց 2025 թվականի բյուջեն։ Հիշեցնենք, այն անցած տարեվերջին չէր ընդունվել, քանի որ Գյումրու ավագանին լուծարվել էր, համայնքն էլ ղեկավար չուներ։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվեց միաձայն։ Բյուջեն կազմում է 7 մրդ 858 մլն 944 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատ, աճել է 1 մլրդ 22 մլն 197 հազար դրամով։ 2025 թվականի բյուջեում ավելի քան 4 մլրդ դրամը պետբյուջեից հատկացվող դոտացիան է։

Սեփական եկամուտների հավաքագրման մասով, 2024 թվականի համեմատ, նախատեսվել է մոտ 450 մլն դրամի աճ, այսինքն սեփական եկամուտները կկազմեն 2 մլրդ 677 մլն դրամ։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի խոսքով, ակնկալվող եկամուտների մեջ 113 մլն դրամը ապառքն է, այսինքն նախկին պարտքերը։ Ըստ Ղուկասյանի, նախորդ տարվա բյուջեում ապառքը կազմել է 40 մլն դրամ։ Իսկ ընդհանուր առմամբ, ապառքները, ըստ նրա, կազմում են 6 մլրդ դրամ։ Առաջիկայում մտադիր են համայնքային բյուջե վերադարձնել մինչև 550 մլն դրամ ապառք։

Վարդան Ղուկասյանը համեմատություններ բերեց իր նախկին պաշտոնավարման վերջին տարվա՝ 2012 թվականի և 2024- ի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների միջև։ Ըստ այդմ, նրա խոսքով, 13 տարվա ընթացքում ավելանալու փոխարեն, մի շարք եկամուտների գծով հավաքագրումները պակասել են։ Օրինակ, 2012 թվականին անշարժ գույքից եկամուտները կազմել էին 993 մլն դրամ, 2024-ին՝ ընդամենը 90 մլն։ Ըստ նրա, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2015 թվականից 117 մլն դրամի բռնագանձման գործեր են կուտակվել, որոնք անտերության են մատնված։

«Նախկին իշխանությունները դրանք բանի տեղ չեն դրել, դիտավորյալ ստվեր են ստեղծել։ Թվերը աղաղակող են, եզան լուծ է, որ տանելու ենք»,- նշեց Վարդան Ղուկասյանն ու ավելացրեց․ «Այդպիսի մարդ պիտի չլինի, որ տեղական տուրքերն ու հարկերը չվճարի։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի ետևից։ Նայում եմ, քաղաքապետարանի շատ աշխատողներ հսկայական պարտքեր կուտակած սպասում են։

Վարդան Ղուկասյանի խոսքով, քաղաքաշինության բաժնի աշխատակիցների 70 տոկոսը խիստ նկատողություն է ստացել լավ չաշխատելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ղուկասյանը նշել էր, որ 600-ից ավելի դիմումի ընթացք չի տրվել, քաղաքացիները շինթույլտվության և քաղաքաշինական այլ խնդիրներով տարիներ շարունակ սպասում են։ «Գյումրու համայնքապետարանի աշխատողների աշխատավարձերն ավելի ցածր են, քան Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի համայնքապետարանների աշխատողներինը»,- նկատեց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու քաղաքապետարանի ապարատի և ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին 30 տոկոսով։ Վարդան Ղուկասյանի աշխատավարձը կկազմի 560 հազար դրամ, ներառյալ հարկերը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշեց, որ քաղաքապետարանում հարյուրավոր հաստիքներ կան, որոնք ստեղծվել են այս կամ այն մարդու բարեկամի, ծանոթի, խնամու և ընտրություններին այս կամ այն ուժին ձայն ապահովողների համար։ Առաջարկեց, այդ հաստիքները կրճատել, որպեսզի մյուսների աշխատավարձերը բարձրանան, նաև հավելավճարներ ու պարգևավճարներ ստանան։ Ղուկասյանն արձագանքեց, այս մասին աշխատանքներ տանում են։ Ասաց, որ իրեն զարմացրել է այն, որ աշխատանքային պայմանագրերը կնքվել են հիմնականում անժամկետ։ Խոստացավ, որ ընտրություններին ձայներ ապահովելու նպատակով ընդունվածները աշխատանքից կազատվեն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!