Դատարանը որոշեց վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը՝ բացառությամբ ԶԼՄ-ների

Դատարանը որոշեց վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը՝ բացառությամբ ԶԼՄ-ների

Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննությունը։ Դատական նիստում պաշտպան Երեմ Սարգսյանի՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ու շահագրգռված է, որպեսզի դատական գործը մնա իր վարույթում:

Միքայել Աջապահյանի փաստաբանները այս նիստի ընթացքում ևս բարձրացրին այն հարցը, որ հաջորդ դատական նիստը կայանա Շիրակի մարզում: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը որոշեց վերացնել նրա տեսակցությունների սահմանափումը: Եթե մինչև այժմ Միքայել սրբազանը միայն մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունք ուներ, ապա այժմ, բացի ԶԼՄ ներկայացուցիչներից, այլ անձանց հետ նույնպես կարող է տեսակցություն ունենալ: Դատարանն այժմ անցել է գործի դռնփակ քննության ռեժիմի։

Հիշեցնենք, որ ՄԻքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգի բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեջ: Սույն գործով առաջին դատական նիստը կայացել էր օգոստոսի 15-ին, որտեղ որոշվել էր մերժել նրա խափանման միջոցը բեկանելու պահանջը, ու կալանքը երկարաձգվել էր 10 օրով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!