Գյումրու ավագանու արտահերթ նիստի քվորումն այս անգամ ապահովվեց. ներկա էին բոլոր խմբակցությունները

Գյումրու ավագանու արտահերթ նիստի քվորումն այս անգամ ապահովվեց. ներկա էին բոլոր խմբակցությունները

Մինչ նիստի օրակարգին անցնելը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց , որ Հայաստանի Կոմունիստական կուսակցություն խմբակցության անդամներ՝ Սեդրակ Սահակյանի, Գևորգ Ղուկասյանի և Մեր քաղաքը խմբակցությունից Նարեկ Միրզոյանի լիազորությունները դադարեցված են։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համաձայն, մանդատ են ստացել Սամսոն Էլբակյանը, Սիրանուշ Մելիքյանը և Արտակ Հովսեփյանը։

Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ Կառավարություն ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերին։ Սուբվենցիոն հայտով առաջարկվում է 2026 թվականին 21 փողոց հիմնանորոգել, ընդհանուր՝ 2 ու կես մլրդ դրամ արժեքով, որից մոտ 1 ու կես մլրդը կամ 60 տոկոսը տեղական բյուջեի ներդրմամբ։Այս որոշումն ընդունվեց միաձայն։ Սուբվենցիոն հաջորդ հայտով նախատեսվում է անօթևան 100 ընտանիքի համար կառուցել 2 բազմաբնակարան շենք։ Ըստ համայնքապետարանի անօթևանության  հերթացուցակի, Գյումրիի տնակներում  հաշվառված է 1016 անօթևան ընտանիք։ Կառուցվելիք բնակարանները կտրամադրվեն ցուցակում առաջնահերթություն ունեցող ընտանիքներին։ Այս հարցը ևս ընդունվեց միաձայն։

Բուռն քննարկում ծավալվեց Գյումրու նախկին Ճերմակ հիվանդանոցի շենքի վերանորոգման խնդրի շուրջ։ Քաղաքապետարանը նախատեսում է սուբվենցիոն ծրագրով ստանձնել շենքի վերանորոգումը՝ այդ նպատակին հատկացնելով ծրագրի ընդհանուր արժեքի՝ 400 մլն դրամի 60 տոկոսը՝ 240 մլն-ը։ Նախատեսվում է վերակառուցումից հետո այս շենքում տեղակայել մի քանի համայնքային ենթակառուցվածքներ։ Քաղաքացիական պայմանագիրը ձեռնպահ քվեարկեց, սակայն այն ընդունվեց։

Գյումրու ավագանու իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչների միջև քննարկումը բուռն էր նաև քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և Ամանորյա միջոցառումենրի կազմակերպման հարցերի շուրջ։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները կողմ էին, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվեր անցած տարվա  տոնածառը, իսկ քաղաքապետարանն առաջարկում էր անցած տարվա գլխավոր տոնածառը տեղադրել քաղաքի թաղամասերից մեկում, իսկ կենտրոնական հրապարակում տեղադրել հին տոնածառը։ Տոնածառի զարդարանքի, նաև անվտանգության միջոցառումենրի համար հատկացվելու է 24 մլն դրամ։ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքի գլխավոր տոնածառի վերանորոգման, մոնտաժման, ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման համար գումար հատկացնելու հարցին դեմ քվեարկեց,սակայն որոշումն ընդունվեց։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!