Ռուբեն Վարդանյանը բանտից բաց նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցը։ Ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նամակում նա նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ և քննարկել կենցաղային, բժշկական, իրավական և մարդասիրական խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես իրեն, այնպես էլ մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանի խոսքով՝ հայ գերիները երկար ժամանակ պահվում են առանց ընտանիքների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ՀՀ համապատասխան կառույցների կողմից բավարար նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Նա առաջարկել է դիտարկել Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը՝ ՄԻՊ-ի և գերիների հարազատների մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ նման այցը պետք է ունենա ինստիտուցիոնալ և հետևողական բնույթ։
Նամակում Վարդանյանը նաև հրապարակային պատասխան է ակնկալել երեք հարցի շուրջ՝ – նախատեսվո՞ւմ է արդյոք Բաքու պաշտոնական այց, – ինչպես է իրականացվելու համագործակցությունը Ադրբեջանի օմբուդսմենի հետ, – ինչ քայլեր են ձեռնարկվել հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Վարդանյանը շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ կիրառել բոլոր հնարավոր մարդասիրական և իրավական մեխանիզմները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com