Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-3

Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-3

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը իրեն ներկայացնում է որպես կենտրոնամետ ուժ՝ սոցիալիստական ու լիբերալ համակարգերի արդյունավետ համադրման գաղափարական հենքի վրա։ Կուսակցության նախագահը Տիգրան Ուրիխանյանն է, որին, սակայն, ԿԸՀ-ն չի գրանցել որպես պատգամավորության թեկնածու՝ քաղաքացիության ու վերջին չորս տարում Հայաստանում բնակության մասին փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառաբանությամբ։

Այս գործիչը երկար ժամանակ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեւելի դեմքերից, մի քանի անգամ ընտրվել ԱԺ պատգամավոր։ 2015 թվականին դուրս է եկել ԲՀԿ-ից ու հիմնել «Ալյանսը»։ Սակայն, ամեն դեպքում, 2017 եւ 2018 թթ․ ԱԺ ընտրություններում պատգամավոր է դարձել հենց ԲՀԿ-ի ցուցակով։ 2020 -ին դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից ու դարձել անկախ պատգամավոր, որից հետո քաղաքական ռեվերանսներ էր անում դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն ներկայացնելով որպես վերջինիս գաղափարական դաշնակից։ Սակայն, թերեւս, ուշադրության չարժանալով Փաշինյանի կողմից, դիրքավորվել է վարչապետին կոշտ քննադատության ներկայացնող դաշտում, ընդ որում, ռուսամետ այն դաշտում, որը Հայաստանը դիտարկում է միութենական պետության կազմում, անգամ հայտարարել էր, որ պետք է մտնի Ռուսաստանի կազմ։

Alliance

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը իր գաղափարական հենք է համարում՝ քաղաքական հարթությունում՝ լիբերալիզմը, տնտեսական ոլորտում՝ սոցիալական մոտեցումը, մշակույթի ասպարեզում՝ պահպանողականությունը։ Կուսակցությունը հիմնվել է 2021 թվականին եւ հայտարարում է ուժեղ պետության, անկախ հայրենիքի ու ազատ անհատի մասին։ Նաեւ կարեւորում է ազգային ինքնության պահպանումն ու ազգային պետության կառուցումը։

Կուսակցության նախագահը եւ ընտրական ցուցակի առաջին համարը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, որը եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ անդամներից։ Նա հայտարարում է, որ գործող ու նախկին իշխանությունները նույն համակարգն են եւ պետք է դուրս գալ այդ ծուղակից ու երկընտրանքից։

JOXHAMAXMBUM

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունն ստեղծվել է 2024 թվականին։ Կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանն է, որն ավելի հայտնի է Դոգ մականանով։ Նա մի քանի տարի հանդես էր գալիս որպես բլոգեր եւ տեսանյութերով անդրադառնում հայաստանյան մի շարք խնդիրների։ Նրա անձն ու տեսանյութերը ոչ միանշանակ վերաբերմունքի էր արժանանում հանրության մեջ՝ ոչ վայելուչ բառապաշարի պատճառով։ Վարդան Ղուկասյանն այժմ հետախուզման մեջ է եւ ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը ԱԺ ընտրություններում։ Չնայած սրան, կուսակցությունն հայտարարում է, որ թեեւ Վ․ Ղուկասյանը չկա ցուցակում, սակայն նա մնում է որպես իրենց վարչապետի թեկնածու։

Կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի այն պետությունը, որ հարգում է երկրի ինքնիշխանությունը, այլ ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոեկտ ու ազդեցության գոտի։

DOK

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը, ինչպես նաեւ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ։ Միաժամանակ կուսակցությունը առաջ է քաշել իրական Հայաստանի գաղափարը՝ նկատի ունենալով այն, որ պետք է պահպանել ու զարգացնել այն Հայաստանը, որն այսօր կա, զերծ մնալով կորսված հայրենիքը վերականգնելու ազգային-ռոմանտիկ գաղափարներից։

Արտաքին քաղաքականության ոլորտում ՔՊ-ն որդեգրել է հավասարակշռված եւ հավասարակշման ռազմավարությունը, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերություններում անհամաչափություններ թույլ չտալն է, իսկ դրանց առկայության դեպքում ունենալ հավասարակշռման գործիքներ։

Հատկանշական է, որ արձանագրելով Եվրամիությանը անդամակցելուն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաժամանակ հաստատում է, որ հնարավոր չէ անդամակցել եւ Եվրամիությանը, եւ ԵԱՏՄ-ին, ու հայտարարում է, թե պետք է շարունակել Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն խանգարում ԵԱՏՄ անդամ մնալուն։ Իսկ երբ գա ընտրությունը կատարելու պահը, պետք է քաղաքական որոշում  կատարվի։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում են ՔՊ-ի ղեկավար կազմի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան։ QP

«Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցում է երկու կուսակցությունների միասնական ճակատով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Առաջ» աջակենտրոն կուսակցություն։ Այս դաշինքը ստեղծվել է 2021 թվականին եւ նույն տարում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը իշխող կուսակցության դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր ուժն էր։ Ընտրություններում այս ուժը հավաքել էր 21.09 տոկոս ձայն եւ ստացել 29 մանդատ։

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում դաշինքը միտված է դեպի Ռուսաստանն ու վերջինիս կառույցները՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ Այս առումով դաշինքի ներկայացուցիչները կոշտ քննադատության են ենթարկում գործող իշխանությանը՝ հայտարարելով, որ վերջինս վատթարացրել է Ռուսասատանի հետ հարաբերությունները եւ անհրաժեշտություն կա ոչ միայն բարելավել այդ հարաբերությունները, այլեւ առավել խորացնել։ Ինչպես նկատելի է, «Հայաստան» դաշինքը ամենաընդգծված ռուսամետ ուժն է։

Այս ընտրություններում եւս դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է։  HAYASTAN

«Հանուն հանրապետության» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Կուսակցության ներկայացուցիչները 2018 թվականի հեղափոխությանը մասնակցած եւ դա ողջունած գործիչներ են։ Կուսակցության գաղափարախոսության հիմքում լիբերալիզմն ու եվրոպականությունն է, հանդես է գալիս կենտրոնամետ դաշտում։

Այս կուսակցությունը դիտարկվում է որպես «Քաղաքացիական պայմանագրին» դաշնակից ուժ, սակայն ի տարբերություն վերջինիս, կոշտ քննադատության է ենթարկում պուտինյան Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ հայտարարում է նրա հետ դաշնակցային պայմանագիրը խզելու, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Բնութագրական է, որ կուսակցության ներկայացուցիչներն հայտարարում են, թե իրենք այս ընտրություններում իշխանության գալու նպատակ չունեն, նաեւ չունեն վարչապետի թեկնածու, իսկ հիմնական նպատակը ընդդիմափոխությունն է։

«Հանուն հանրապետության» նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, երկրորդ ու երրորդ տեղերում Ռուբեն Մեհրաբյանը եւ Լուսինե Զեյնալյանն են։

HANUN HANRAPETUTYAN

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնվել է 2015 թվականին, մասնակցել է համապետական ու տեղական կառավարման մի քանի ընտրությունների։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Ելք» դաշինքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ եւ մուտք գործել խորհրդարան։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չմիացավ 2018 թվականի հեղափոխությանը՝ առաջարկելով երրորդ ճանապարհի գաղափարը։

  • ի արտահերթ ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցեց առանձին, հավաքեց ձայների 6․37 տոկոսը եւ 18 պատգամավորով մուտք գործեց խորհրդարան՝ իրեն հռչակելով ընդդիմադիր ուժ։ Իսկ ահա 2021 թվականի ընտրություններին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։

Այսօր Էդմոն Մարուքյանն ու կուսակցության մյուս ներկայացուցիչները խստորեն քննադատում են իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Լինելով, ընդհանուր առմամբ, արեւմտամետ գաղափարներով ուժ՝ այժմ ԼՀԿ-ն հանդես է գալիս ռուսամետ դիրքերից եւ անգամ պատրաստ է դաշինքի գնալ ռուսամետ կուսակցությունների հետ։

LUSAVOR HAYASTAN

Համլետ Կիրակոսյան

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

Comments Are Closed!!!