Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով

Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի կալանքի ժամկետը՝ նշելով, որ վարույթի շրջանակում առաջիկայում կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ։
Դատարանը, սակայն, որոշեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով՝ միաժամանակ սահմանելով 15 մլն դրամի չափով գրավ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ էին իրականացվել Գյումրու քաղաքապետարանում։ Դրանից հետո խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ գործով կալանավորվել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը։

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, զբաղեցնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը, համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչություն, թողտվություն և այլ ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել է խոշոր չափերով՝ 4 մլն դրամ կաշառք։
Քննչական մարմնի տվյալներով՝ նա նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք։

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել նաև դատական նիստերից մեկի ավարտից հետո կատարած արտահայտությունների առնչությամբ։
Մեղադրանքի ապացուցման դեպքում նրան կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!